Կարծիք

30.04.2016 12:01


Հայտարարել, որ կորսված դիրքերը երկրի համար լուրջ նշանակություն չունեն, նշանակում է թքել զոհված զինծառայողների ընտանիքների երեսին

Հայտարարել, որ կորսված դիրքերը երկրի համար լուրջ նշանակություն չունեն, նշանակում է թքել զոհված զինծառայողների ընտանիքների երեսին

Հանրապետության նախագահը ամենաբարձր պետական պաշտոնյան է, ով պետության անվտանգության ապահովման ոլորտում հսկայական լիազորություններ ունի։ Իր պարտականությունների կատարման համար նա պետք է հավաստի տեղեկություններ ունենա աշխարհում կատարվող ցանկացած իրադարձության մասին, որոնք կարող են վերաբերվել պետությանը, որի երաշխավորը հենց ինքն է հանդիսանում։ Այդ իսկ պատճառով ազգային անվտանգության ծառայությունը, արտաքին գործոց նախարարությունը և զինված ուժերի ղեկավարությունը կանոնավոր կերպով զեկուցում են նախագահին ոչ միայն անվտանգության ազգային ռեսուրսների վիճակի, այլ նաև այլ երկրներում տեղի ունեցող քաղաքական գործընթացների, նրանց կառավարությունների գաղտնի գործողությունների, զորքերի տեղակայման և դրանց տեղաշարժման, ռազմական ծրագրերի, դոկտրինների, նպատակների, հնարավոր մտադրությունների և այլնի վերաբերյալ։
Հանրապետության նախագահը չի կարող հայտարարել, որ իրեն տեղեկացրել են հակառակորդի գործողությունների վերաբերյալ, բայց ինքը այն սխալ է հասկացել և գնացել է քնելու։ Նման դեպքում նա պետք է հրաժարական տա, իսկ իր քայլը բացատրելու համար ժողովրդին պետք է հայտնի, որ ի վիճակի չի եղել կատարել իր աշխատանքային պարտականությունները։ Իսկ եթե նախագահին տրամադրված ինֆորմացիան թշնամի պետության գործողությունների վերաբերյալ ամբողջական չի եղել, կեղծ է եղել կամ մասամբ չի համապատասխանել իրականությանը, ապա նախագահը պետք է այդ մասին տեղեկացնի ժողովրդին և հայտնի, թե ինչ միջոցներ է ձեռնարկել այդ կապակցությամբ։ Այդ դեպքում պատասխանատվություն պետք է կրեն այն անձինք, ովքեր պատասխանատու են եղել այդ տեղեկատվության հավաքագրման, մշակման և ժամանակին տրամադրման համար։
Նույն կերպ, պետութան ոչ մի պաշտոնատար անձ չի կարող հայտարարել, որ թշնամու կողմից գրավված դիրքերը չունեն ռազմական արժեք, այն դեպքում, երբ պետական քարոզչամեքենան հայտնում է զինվորների և սպաների սխրանքների մասին, որոնք իրենց կյանքն են զոհել այդ դիրքերի պաշտպանության համար։
Եթե դիրքերն իրոք չունեն ռազմական նշանակություն, ապա զինվորներն ու սպաները պետք է նախօրոք տեղեկացված լինեին, որ հարկավոր չէ կյանքի գնով պաշտպանել այդ դիրքերը, իսկ թշնամու հարձակման դեպքում պետք է կազմակերպված կարգով նահանջեին դեպի այլ, նախօրոք պատրաստված դիրքեր։ Պետության հայտարարությունը, որ կորսված դիրքերը երկրի համար լուրջ նշանակություն չունեն, նշանակում է թքել զոհված զինծառայողների ընտանիքների երեսին, ում հայրերն ու երեխաները պաշտպանել են այդ դիրքերը մինչև իրենց արյան վերջին կաթիլը, և ընդհանրապես՝ ամբողջ ժողովրդի երեսին։

Անդրիաս Ղուկասյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը