Հարցազրույց

04.12.2009 16:25


Վահան Շիրխանյան

Վահան Շիրխանյան

Հարզացրույց Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանի հետ

-Ի վերջո, ի՞նչ է տեղի ունենում Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունում, և ՍԴՀԿ-ին անդամագրվելու Վարդան Խաչատրյանի «ոդիսականն» ինչպե՞ս է ավարտվել կամ ավարտվելու։

-ՍԴՀԿ-ն պատրաստվում է համագումարի, որը կլսի հաշվետվություններ (նաև ֆինանսական), կընտրի վարչություն և կընդունի բանաձև։ Բնական է, որ կարող է լինել լարվածություն, քանի որ Հնչակյան Մայր կուսակցությունը երբեք չի եղել գրպանային կամ մեկ անձի սեփականություն։

Վարդան Խաչատրյանը ՍԴՀԿ Կենտրոնական Վարչության Քաղաքական դիվանի անդամ է, և Ազգային ժողովում ներկայացնում է ՍԴՀԿ տեսակետները։  Ցանկացած կուսակցություն ուրախ կլիներ իր շարքերում նման գործիչ ունենալ։

-ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը պնդել էր, որ Վարդան Խաչատրյանը ՍԴՀԿ անդամ չէ, և որ այն համառությունը, որով նա ուզում է մտնել ՍԴՀԿ, թույլ է տալիս ենթադրելու, որ նա ՍԴՀԿ-ում ինչ-որ ծրագիր իրականացնելու միտում  ունի, և այդ հարցում Վարդան Խաչատրյանին Դուք եք աջակցում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը։

-Քաղաքացին Հնչակյան կուսակցության անդամ է դառնում դիմումով և Օծումով։ Վարդան Խաչատրյանի  դիմումն ընդունվել է, Օծումը կատարվել է արարողակարգի բոլոր պահանջների պահպանումով բազմաթիվ ընկերների ներկայությամբ՝ կուսակցության դրոշի, ծրագրի և զենքի վրա։ Այնուհետև կատարվել է կուսակցության Օրհներգը։ Վատ չէր լինի, եթե այլ կուսակցություններում անդամագրումը լիներ նույնքան հանդիսավոր։

Հնչակյան կուսակցության ամեն մի անդամ ունի մեկ նպատակ՝ իրագործել ՍԴՀԿ Ծրագիրը, որն ազգային է էությամբ, սոցիալ-դեմոկրատական է գաղափարախոսությամբ։ Այլ նպատակներ հետապնդողները կուսակցության շարքերում լինել չեն կարող։

-Ասում են, որ Սեդրակ Աճեմյանը համագործակցում է իշխանության հետ, և վերջիններս նրան օգնում են Հանքավանի բիզնեսում։

-Սեդրակ Աճեմյանը Համահնչակյան կուսակցության ատենապետն է, կազմակերպություն, որն ունի իր շրջանային կազմակերպություններն աշխարհի 22 երկրներում, որոնցում կան խոշոր հայ գաղթօջախներ։ Եթե որևէ մեկն ասում է, որ նա պետք է խուսափի Հայաստանի և Արցախի գործող ղեկավարների հետ հադիպումներից, ապա նա պատահական մարդ է քաղաքականությունում։ Ինչ վերաբերում է «բիզնեսին», ապա այդ մասին խոսողները շատ լավ գիտեն, որ իշխանությունը դրա հետ ոչ մի կապ չունի, և Սեդրակ Աճեմյանն այդ «բիզնեսից» միայն վնասներ է կրում։

-2009թ. նոյեմբերի 16-ի մամուլի ասուլիսի ժամանակ, հրաժարվելով            մանրամասնել կուսակցությունում արձանագրվող խմորումները, Դուք հայտարարեցիք. «Համաձայնե՛ք, որ մի կուսակցություն, այն էլ՝ քանակով ոչ ամենամեծը, ամենաազդեցիկը քաղաքական դերակատարումով, չարժե, որ այստեղ խոսենք նրա ներքին խոհանոցից»։ Սակայն, ըստ որոշ լուրերի, Ձեր այս արտահայտությունը ՍԴՀԿ որոշ անդամների մոտ թյուրըմբռնման առիթ է դարձել։ Այդպե՞ս է արդյոք։ Ինչպե՞ս է դա նրանց կողմից ընկալվել։

-Կարծում եմ՝ դա թյուրընբռնում չի, այլ պարզ, նպատակային, բայց միևնույն ժամանակ անիմաստ և ծիծաղելի նենգափոխում։ Այլ մեկնաբանություն չի կարող լինել։

- Հնչակյան կուսակցության, անձամբ Ձեր տեսակետներն արտաքին քաղաքականության վերաբերյալ էականորեն տարբերվում են Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներից։ Ո՞ր ձևաչափով եք պատկերացնում Ձեր համագործակցությունը նրա հետ՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ՀԱԿ որոշ անդամներ և համակիրներ հայտարարեցին, որ Դուք պատեհապաշտությամբ եք զբաղված։

-Նախ ասեմ, որ նմանություններն ավելի շատ են, քան տարբերությունները։ Հայ դատի հարցում կա տարբերություն։ ՍԴՀԿ Ծրագրում գրված է. «Հայ դատի ուրացումը համարել ազգային դավաճանություն, որը ոչ մի կերպ չի կարող քողարկվել մարդու իրավունքների և մտքի ու խոսքի ազատության պատճառաբանությամբ»... «Հայ դատը պետք է լինի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը»: Բնական է, որ ՍԴՀԿ-ն, նրա անդամը պահանջատիրության մերժման հետ համաձայնվել չի կարող։ Ես համոզված եմ, որ պահանջատիրությունը, որպես քաղաքականության ուղղություն, աշխարհասփյուռ հայությանը համախմբելու ամենագործուն միջոցն է։ Իսկ համախմբումը և վստահության վերականգնումը Հայաստանը քայքայիչ համակարգային ճգնաժամից դուրս բերելու միակ միջոցն է։

Հնչակյան կուսակցությունը համագործակցում է ՀԱԿ-ի հետ Համահնչակյան 19-րդ Համագումարի համաձայնությամբ՝ Հայաստանում սահմանադրական կարգը հաստատելու ծրագրի շրջանակներում։ Եվ այդ համագործակցությունը շարունակվելու է։

Ես երբեք լուրջ չեմ ընդունել հապճեպ կամ ծառայամետ հայտարարությունները, պիտակները։ Ժողովուրդը մարդուն գնահատում է նրա աշխատանքով, անցած ճանապարհով և վաստակով։

-Հայ-թուրքական և ԼՂՀ հարցում ՍԴՀԿ-ի և Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, և այս դաշտում ինչպիսի՞ հետագա զարգացումներ եք կանխատեսում։

-ՍԴՀԿ-ն համարում է, որ Թուրքիայի հետ Հայաստանը պետք է ստեղծի հարաբերություններ միայն վերջինիս կողմից Ցեղասպանության փաստն ընդունելուց և հատուցման գործնթացն սկսելուց հետո։ Ես գտնում եմ, որ մենք՝ հայերս նախ մեր համար պետք է ճշտենք ևս մեկ անգամ՝ Թուրքիան մեզ թշնամի երկի՞ր է, թե՞ ոչ։ Ես ինքս համարում եմ, որ Թուրքիան թշնամի երկիր է ոչ միայն հայերին հայրենազրկելու համար, այլև 1988-ից առ այսօր իր պահվածքով և հակահայ գործողություններով։ Սպիտակի երկրաշարժը ցնցել էր ամբողջ աշխարհին, իսկ Անկարայում և ...Բաքվում ցնծում էին և ջահերթեր անցկացնում։ Այնուհետև սկսեցին թալանել Աղետի գոտու վերականգնմանն ուղղված բեռները։ Արցախահայության խաղաղ պայքարի ռազմականացման համար և՛ մենք, և՛ ադրբեջանցիները, և՛ միջազգային ողջ հանրությունը «պարտական» ենք Թուրքիային։ 1992թ. մարտին  Թուրքիայի 3-րդ Դաշտային բանակը՝ 1500 տանկերով, 270 ինքնաթիռով, 1200 հրանոթներով պատրաստվում էր հարձակվել Հայաստանի վրա։ 1997-ին 500 զրահամեքենա հայտնվեց Նախիջևանի սահմանին։

Ի՞նչ է փոխվել այսօր։ Զղջացե՞լ են Ցեղասպանության, հայրենազրկման և այս ամենի համար։ Իհարկե ոչ։ Ուրեմն որտեղի՞ց է Ս. Սարգսյանի և Է. Նալբանդյանի վստահությունը։ Միգուցե մտադիր են լո՞ւրջ վերաբերվել միջազգային «երաշխիքներին»։ Իսկ ո՞վ է հաշվել, թե վերջին 150 տարում քանի այդպիսի երաշխիք է եղել, և ինչով են դրանք ավարտվել։ Այո՛, հարևանների հետ պետք է ունենալ նորմալ հարաբերություններ։ Եթե որև մեկը ցույց տա աշխարհում հայ-թուրքական իրադարձություններին նմանատիպ ճանապարհ անցած երկու հարևանների, որոնք այսօր իրենց քաղաքական կամքի դրսևորմամբ, ոչ թե կապիտուլյացիայի պարտադրմամբ հաշտ ու խաղաղ են, ապա ես կհամաձայնվեմ այս արձանագրություններին։ Ես կողմնակից եմ հայ-թուրքական հակամարտության կարգավորմանը, այլ ոչ թե հարաբերությունների։ Բայց դրա համար պակասում է Թուրքիայի անկեղծ կամքը և ցանկությունը, ինչն այսօր չկա։ Իսկ այդ կամքի արտահայտումը միայն մեկը կարող է լինել՝ նա ընդունում է իր մեղքը և առաջարկում հատուցման ձևեր, որոնց շուրջ կարելի է բանակցել։ Այլապես հայությունը ոչ մի վստահություն Թուրքիայի հանդեպ ունենալ չի կարող։

Արցախի հարցում մեր տեսակետը նույնպես հստակ է։ Արցախցի հայն իր արյան, տառապանքի և աննկարագրելի զրկանքների միջով հաղթել է ազատագրական պատերազմում և վաստակել իր անկախությունն օրենքով և իրավունքով իրեն պատկանող տարածքի մի մասում։ Եվ այդ անկախությունը միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել։ Մադրիդյան սկզբունքների պարտադրումը ճանապարհ է դեպի պատերազմ։ Սա է Հնչակյան կուսակցության տեսակետը։

-ՀԱԿ տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ այդ կառույցը ստեղծվել է իշխանափոխության համար։ Մյուս կողմից էլ Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ասել, որ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել, և նույնիսկ Եղիազար Այնթապցու հիշատակմամբ, ըստ տարածված մեկնաբանության, փորձում է որոշակի հարաբերություններ ստեղծել իշխանությունների հետ։ Այս համատեքստում ներքաղաքական ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում։

-Այո՛, ՀԱԿ-ը ստեղծվել է իշխանափոխություն իրականացնելու համար։  Չեմ հավատում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կգնա իշխանությունների հետ համագործակցության։ Այրված կամուրջներ վերականգնելը հեշտ չէ, իսկ Հանրապետության հիմնադիր Նախագահի պարագայում անպատկերացնելի է։

Քաղաքական  զարգացումները բերելու են նոր լարվածության՝  կապված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և արցախյան հիմնահարցի կարգավորման հետ։ Կարծում եմ՝ ՀԱԿ-ը կարող է ինքը համախմբել ժողովրդին և կանխել հայության համար ոչ նպաստավոր գործընթացները։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը