Կարծիք

28.04.2016 11:30


Վ. Հովհաննիսյան. «Ի՞նչ է լինելու հետո»

Վ. Հովհաննիսյան. «Ի՞նչ է լինելու հետո»

Հայաստանում ամեն տան, ամեն աշխատասենյակի, ամեն խոսակցության հիմանական հարցն է` ի՞նչ է լինելու հետո:

Այս հարցը` նվազ սուր ենթատեքստով, կար նաև քառօրյա պատերազմից առաջ. ի՞նչ է լինելու մի տարի հետո, հինգ տարի հետո:

Հայաստանում երկար տարիների ընթացքում ձևավորվեց ապագայի տեսլականի բացակայությունը: Ժողովուրդը չի տեսնում կարճաժամկետ, միջնաժամկետ ընթացքը, հեռանկարը: Քանի՞ տարի դեռ պետք է վատ ապրեն ուսուցիչը, գյուղացին, բանվորը, բժիշկը, մյուսները: Քանի՞ տարի դեռ մարդկանց մի նեղ շրջանակ պետք է անզուսպ հարստանա, իսկ Գյումրին մնա տնակներում: Քանի՞ տարի դեռ ընտրությունները պետք է այլանդակ կեղծվեն, քանի՞ տարի դեռ հրապարակային սուտն ու կեղծիքը, անարդարությունը պետք է դոմինանտ լինեն պետական համակարգում:

Հայաստանում ոչ ոք չի պատասխանում այս հարցերին: Քաղաքական վերնախավը տեղավորվել է իր «կոմֆորտի շրջանակում», մյուսները մի կերպ համակերպվում են: Դժգոհությունը տոտալ է, բայց` քաոսային և, հետևաբար, չի վերածվում գործողության, չի ստանում կոնկրետ լուծումների տեսք: Շատերի համար լուծում է մնում երկրից գնալը:

Որքա՞ն կարող է դիմանալ պետությունը, որի ժողովուրդը չունի ապագայի տեսլական, չի տեսնում լույսը թունելի վերջում:

Հրադադարի համաձայնություն ` նոր պատերազմի մասին

Քառօրյա պատերազմը հարցերի շրջանակն էականորեն նեղացրեց: Հիմա «ի՞նչ է լինելու» տիպի հարցերն առավելապես ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանն են վերաբերում: Սրանք շատ պարզ և հասկանալի հարցեր են: Զոհեր և կորուստներ տեսած հասարակության` լրիվ ադեկվատ հարցադրում:

Այս հարցերին պետք է պատասխանեն իշխանությունը և քաղաքական էլիտան: Եվ պատասխաններն, ի վերջո, լինելու են շատ պարզ` մեզ որևէ մեկը չի պաշտպանելու, մեր փոխարեն որևէ մեկը չի կռվելու, բացի մեզնից չկա մի ուժ, որը կտա խաղաղության երաշխիք:

Ամբողջ խնդիրն այն է, որ երբ կհնչի այս պատասխանը, այն ենթադրելու է խիստ ցավոտ հարցերի կամ հարցադրումների մի փաթեթ. եթե այդպես է, ինչո՞ւ չենք ուժեղացել, ինչու է կոռումպացվել պետական համակարգը, ինչո՞ւ է սովորական մարդու համար անհնար դարձել բիզնես ունենալը, ինչու են մի նեղ խումբ մարդիկ միլիարդատեր դարձել, ինչո՞ւ դրա փոխարեն ժամանակակից զենք չենք գնել, ինչո՞ւ է տնտեսությունն այս վիճակում, ու միայն վերջին մի քանի տարում 300 հազար մարդ արտագաղթել, ինչու են բոլոր ընտրությունները կեղծվել, ինչու ենք կեղծել հանրաքվեն, ինչու է ամեն քայլափոխին անարդարություն և այլն:

Կա մի սուբյեկտիվ տեսակետ, որ հիմա այս հարցերը հնչեցնելու ժամանակը չէ: Այդ դեպքում բացատրեք` ինչպե՞ս հասնենք խնդրի լուծմանը: Ինչպե՞ս հասնենք այս կարևորագույն պատմական փուլում նոր մտածողությամբ, էֆեկտիվ իշխանական համակարգի, քաղաքական վերնախավի ձևավորմանը, որն արագ կփոխի երկրում մթնոլորտը, տնտեսական-քաղաքական- հասարակական խաղի կանոնները, կգտնի կարևոր ու ճշգրիտ լուծումներ:

Ժամանակը շատ քիչ է, իսկ հրատապ, անհետաձգելի քայլերի քանակը` մեծ: Մեզ պետք է ժամանակ շահել: Դա առանձին խնդիր է, որը միայն մեր ցանկությանը չի ենթարկվում, դա նույնպես ծանր ու գրագետ աշխատանք է պահանջում: Ժամանակ է պետք` զենք ձեռք բերելու, ժամանակ է պետք` արտաքին քաղաքականության մոտեցումները փոխելու, ժամանակ է պետք` միջազգային հակաադրբեջանական տրամադրություններ ձևավորելու, ինչը, չխաբենք մեզ, ամենևին հեշտ գործ չէ, ժամանակ է պետք Հայաստանի տնտեսությունն աշխուժացնելու համար: Այս ամենը մեզ պետք է` նոր պատերազմ թույլ չտալու համար: Տեսականորեն` Հայաստանում շատերը սա հասկանում են: Գործնականում կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ռեսուրս` լայն համախմբման նոր ռեսուրս:

Այս պատերազմից հետո Հայաստանում ահռելի և, կարծում եմ, անդառնալի փոփոխություն է կատարվել: Ժողովուրդը տեսավ, որ թշնամին, հարձակումը, մեծաթիվ զոհերը, հերոսությունը գրական էպիզոդներ չեն: Դրանք շատ ռեալ, շատ հողեղեն են: Ուղիղ հարյուր տարի առաջ 1,5 միլիոն կոտորեցին յաթաղանով, հիմա նույնն ուզում են անել սմերչով ու «սոլնցեպեկով»: Հարյուր տարի առաջ չունեինք պետություն, ու նրանք դա արեցին: Հիմա ունենք պետություն և, ճիշտ գործելու դեպքում, նրանք ոչ միայն չեն կարողանալու դա անել, այլև մենք ստիպելու ենք հաջորդ հարյուր տարին ապրել խաղաղության մեջ ու համակերպվել իրենց կորուստներին: Բայց դրա համար պետք է պետությունը էֆեկտիվ լինի: Դրա համար անհրաժեշտ է, որքան էլ պարզունակ հնչի, որ մեր պետությունը ձեռք բերի /ձեռք բերած լիներ/ նույն սմերչն ու «սոլնցեպեկը»: Պետական կառույցները, պետական համակարգը պետք է համակարգված ու էֆեկտիվ լինեն: Մթնոլորտը երկրում պետք է ուրիշ լինի: Գործարարը պետք է պաշտպանված լինի, սեփական գործ դնելը` խրախուսվի ու օժանդակվի: Երկրում ներդրումներ լինեն և այլն: Այս բաղադրիչներից ոչ մեկը արված չէ:

Կենացների և քծնանքների ջատագովներին պետք է գոնե առժամանակ հեռու պահել: Նրանք ավելի ուշ, խաղաղ պայմաններում, միևնույն է, էլի ի հայտ կգան, բայց այս փուլում գոնե նրանց պետք է հեռու պահել: Պետք է լսել նրանց, ովքեր սեփական տեսակետ ու լուծում են առաջարկում: Մենք Հայաստանում իրար թշնամիներ չենք: Եվ սա իշխանություն-ընդդիմություն պայքար չէ: Վաղուց էր պետք սա հասկանալ: Իսկ իշխանությունը հերթական անգամ գնաց «մեր դեմ խաղ չկա» ճանապարհով: Հատ-հատ հիշեք բոլոր այն զգուշացումները, որ Սահմանադրության փոփոխության կարիք չկա, որ պետական կառավարման համակարգն այս փուլում չի կարելի արմատապես փոխել: Ի թիվս այլ հարցերի` կարճ ժամանակ հետո Հայաստանը չի ունենալու Գերագույն-գլխավոր հրամանատար: Ու սա` Հայաստանի նման պետությունում, այս տարածաշրջանում: Ըստ նոր սահմանադրության` խաղաղ ժամանակ նման հասկացություն ընդհանրապես չկա` խաղաղության ժամանակ Պաշտպանության նախարարն է զինված ուժերի հիմնական դեմքը: Հիմա, ըստ այս նոր «ժամանակային բաժանման», քառօրյա պատերազմը Հայաստանի համար խաղաղությա՞ն փուլում էր, թե՞ պատերազմի: Ֆորմալ առումով, կարծես թե, խաղաղության: Գերագույն գլխավոր հրամանատարի դերը հարցի ռազմական և քաղաքական կոմպոնենտների համադրումն է` անկախ այն հանգամանքից` խաղաղություն է, թե պատերազմ: Ու նաև կարևորագույն պահերին պատմական պատասխանատվություն կրելու իրավունքը: Միաժամանակ և՛ պատերազմական գործողություններ են մղվում, և՛ քաղաքական որոշումներ կայացվում, այդ թվում` արտաքին աշխարհի լիդերների հետ: Հիմա կասեք, որ դա կարող է անել Պաշտպանության նախարա՞րը: Աբսուրդ է: Նույնիսկ զուտ ռազմական բնույթի որոշումների կայացման և իրականացման համար շատ հաճախ կարևոր է հարցի քաղաքական կողմը: Չեմ ուզում հարցը դետալայնացնել: Բայց տեղյակները կհասկանան` խոսքն ինչի մասին է. Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք մի օր կարող ենք բախվել պատմական պատասխանատվություն վերցնելու, օպերատիվ, բայց նաև պատմական- ճակատագրական որոշումներ կայացնելու անկարողության հետ: Իսկ խնդիրը երբեմն գնում է ժամերի մասին: Արդյո՞ք նոր սահմանադրությամբ վտանգավոր բարդություններ չենք ունենալու:

Հաջորդը` բերվել է նոր ընտրական օրենսգիրք: Այս պայմաններում ռեյտինգային քվեարկությունը ժողովրդին պառակտելու, թշնամացնելու ամենակարճ ճանապարհն է: Սա գիտակցում են նաև շատերը, ովքեր լուռումունջ կողմ են քվեարկելու այդ նախագծին: Հետո՞: Բա էլ ե՞րբ ենք լրջանալու, ե՞րբ ենք գիտակցելու պահի պատմական կարևորությունը: Ե՞րբ ենք ասելու` պետական շահը ա՛յլ բան է պահանջում: Երկրում խաղաղ փոփոխությունները այս ընտրական օրենսգրքից են նաև կախված: Էլի՞ գնանք «մեր դեմ խաղ չկայի» տարբերակով ու ապավինենք զինվորականության հերոսությանը:

Պետության ապագան

Հիմա շատ կարևոր է հասարակությանը վերադարձնել պետության և իրենց ապագայի տեսլականը: Մարդիկ պետք է տեսնեն, որ տնտեսությունը սկսում է զարգանալ, իրավատնտեսական հարաբերութունները փոխվում են: Հայաստանը փոքր երկիր է, և դրական փոփոխությունները 1-2 ամսում տարածվում են: Աշխատող մարդուն պետք է տալ աշխատելու և զարգանալու լայն հնարավորություններ: Երկիրը պետք է շնչի, երկրին թարմ օդ է պետք: Այս փոփոխություններում բոլոր կարող ուժերը միանգամից դառնում են օբյեկտիվ դաշնակիցներ, միանգամից վերանում է թղթային դաշինքների և գործարքային կոալիցիաների անիմաստ գաղափարը: Բոլորն իրենց արժանապատիվ տեղն ունենում են: Նրանք, ովքեր կդառնան փոփոխությունների խոչընդոտ` պետք է դուրս մղվեն պետական կառավարումից, և պրոցեսներից` ընդհանրապես:

Վստահաբար` սա հասկանում են իշխանության մեջ գտնվող և իշխանությունից դուրս գտնվող շատ մարդիկ: Քառօրյա պատերազմի ամենակարևոր հայտնագործությունը մեր հասարակության կոնսոլիդացիոն պոտենցիալն է: Հասարակությունն ինքնամոբիլիզացվեց, առանց կոչերի և առանց ավելորդ պաթետիզմի ձևակերպեց իր անելիքը, մերժեց խուճապն ու պարտվողականությունը: Սա հսկայական ռեսուրս է` առողջ, զարգացող պետություն կառուցելու համար: Ուրեմն սկսենք կառուցել` թույլ չտանք` կեղծեն ընտրությունները, թալանեն, ստեն, թույլ չտանք` անեն ինչ ուզում են: Քաղաքական ուժերի խնդիրն է` դառնալ կազմակերպող օղակը, որը հասարակության մեջ առկա և խորացող առողջ տրամադրությունները կբերի ռացիոնալ, գործնական հարթություն: Սա է իսկական համախմբումը:

Վահե Հովհաննիսյան, ԱԺ պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ, 28 ապրիլի 2016 թ.:

Այս խորագրի վերջին նյութերը