Քաղաքական

27.04.2016 12:45


Ե. Բոզոյան. «Եղած ուժերի մեջ այլընտրանք ենք լինելու»

Ե. Բոզոյան. «Եղած ուժերի մեջ այլընտրանք ենք լինելու»

«NewsBook»-ի զրուցակիցն է քաղաքագետ, «Համախմբում» նորաստեղծ կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանը:

-Պարո՛ն Բոզոյան, կուսակցության տարածած առաջին հայտարարության մեջ նշված է` «Մենք համախմբվում ենք, որպեսզի իշխանությունը վերադարձնենք ժողովրդին»: Ինչպե՞ս եք պատրաստվում անել դա, ի՞նչ միջոցներով:

-Այդ խնդիրը պետք է ժողովրդինը լինի: «Համախմբում» կուսակցությունը լինելու է այն գործիքը, որի միջոցով մենք փորձելու ենք այդ խնդիրը միասին լուծել: Երբ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի ունենա, այդ ժամանակ էլ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու ամբողջական մեխանիզմը կտեսնեք: Ամեն դեպքում, մենք քաղաքական այն միակ ուժն ենք, որը ձգտելու է դրան: Հասարակությունն իշխանությունից դժգոհ է, սակայն նրան այլընտրանք չի տեսնում: Մի բան է, որ իշխանությունը վատն է, մեկ այլ բան է, որ դու այլընտրանքային տարբերակ, ճանապարհային քարտեզ ես առաջարկում: Իսկ մենք հենց եղած ուժերի մեջ այլընտրանք ենք լինելու: Մենք ներկայացնելու ենք այն քայլերը, որոնք թույլ կտան երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից: Մենք պետք է ներկայացնենք բարեփոխումների այնպիսի ծրագիր, որի արդյունքում չենք դառնա այն, ինչ այսօր ներկայացնում է գործող իշխանությունը: «Համախմբումն» առարկայական այնպիսի առաջարկներ է անելու, որ հասարակությունը պատկերացնի` մեր քաղաքական ուժն իշխանությունների մեջ չի փչանալու: Աշխատելու ենք ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ չեն տա` մենք փչանանք:

-Արդյոք Վարդան Օսկանյանի` իշխանության շարքերում գտնվելու ժամանակ իշխանությունը պատկանո՞ւմ էր ժողովրդին:

-Շատերը շփոթում են: Սա Օսկանյանի կուսակցությունը չէ: Այստեղ հավաքված են ինքնաբավ, հավակնություններ ունեցող մարդիկ: Օսկանյանն ընդամենը կուսակցության նախագահն է: «Համախմբումը» որակապես տարբերվում է մյուս բոլոր կուակցություններից, որոնք սպասարկում են կոնկրետ լիդերի շահերը: Մեզ մոտ նման վիճակ չի լինելու: Հասկանում ենք, որ վերջին 20-25 տարում` նաև այն ժամանակ, երբ Վարդան Օսկանյանն աշխատել է իշխանությունում, լուրջ խնդիրներ են եղել: Կուսակցության հիմնադիր համագումարում մենք պատրաստվում ենք լուրջ գնահատականներ տալ այդ ժամակահատվածին: Միայն այդ ժամանակ հասարակությունը պատկերացում կունենա` «Համախմբումն» ինչ կուսակցություն է, և ինչ հայտ է ներկայացնում:

-Պարո՛ն Բոզոյան, Ձեր խոսքում նշեցիք,որ կուսակցության կազմում ինքնաբավ և հավակնոտ մարդիկ են ընդգրկված: Սակայն ակնհայտ է, որ նրանց գերակշիռ մասին հասարակությունը չի ճանաչում: Ոչ այնքան ներկայացուցչական թիմ հավաքելը չի՞ խանգարի կուսակցության ծրագրերի լիարժեք կյանքի կոչմանը:

–Կուսակցության ներկայացուցչական կազմի մասին հնարավոր կլինի խոսել, երբ այդ մարդիկ կսկսեն հրապարակային արտահայտվել: Հանրային գիտակցության մեջ հայտնի մարդիկ այդքան էլ ազդեցիկ իմիջ չունեն, հակառակ դեպքում չէր լինի այն վիճակը, ինչ որ այս պահին կա: Միանշանակ է, որ կարևորը ոչ թե հանրային դեմք լինելն է, այլ արդյունավետ աշխատելը: Ճանաչված լինելն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է. ճանաչվածությունը ժամանակի խնդիր է և շատ արագ կլուծվի: Ամեն դեպքում, վերջին 20-25 տարիների ընթացքում բոլոր կուսակցություններն ինչ-որ տեսլականներ են հռչակել, սակայն երբեք առարկայական լուծումների չեն գնացել` մնալով պոպուլիզմի, վերացականության շրջանակներում:

«Newsbook.am»

Այս խորագրի վերջին նյութերը