Քաղաքական

27.04.2016 12:15


Միջնորդներն աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ

Միջնորդներն աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման ուղղությամբ

Շփման գծում չդադարող բախումների ֆոնին ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվող միջնորդները հանդես են գալիս բանակցային պրոցեսը շարունակելու մասին հայտարարություններով: «Ազատությունը» գրում է, որ երեկ Բաքվում այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն։

Ռուսական «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ֆրանսիացի դիվանագետը պնդել է, թե միջնորդների թիվ մեկ խնդիրն այս փուլում բարձր մակարդակի հայ-ադրբեջանական բանակցություններ կազմակերպելն է:

«Մենք հանդիպել ենք երկու երկրների նախագահներին և այժմ փորձում ենք նախագահների հանդիպում կազմակերպել», - նշել է Միսնկի խմբի ֆրանսիացի միջնորդը:

Ֆրանսիացի համանախագահի խոսքով` «հրադադարի ռեժիմը չպետք է խախտվի, և հարկավոր է շուտափույթ կերպով զարկ տալ բանակցային պրոցեսի մեկնարկին»։

Նրա այս հայտարությունները, սակայն, որոշակիորեն հակասում են Միսնկի խմբի մեկ այլ համանախագահի` ամերիկացի Ջեյմս Ուորլիքի վերջին հարցազրույցներում հնչած մտքերին: Այսպես, երկուշաբթի օրն, ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության, Ուորլիքը ասել էր, թե ոչ միայն նախագահների, այլև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում այս պահին դեռ չի նախատեսվում:

«Մենք մշտական կապի մեջ ենք նախարարների հետ, որպեսզի համանախագահների հովանու ներքո սկսենք բանակցությունները։ Մենք պատրաստ ենք ցանկացած պահի հանդիպել նախարարների հետ», - ասել էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Մարամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը