Լրահոս

14.10.2010 15:09


Հայաստանում կմեկնարկի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը

Հայաստանում կմեկնարկի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը

Ս.թ. հոկտեմբերի 16-ին Սյունիքի մարզում կմեկնարկի «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, որը կնշանավորվի աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկմամբ: Արարողությունն իրենց ներկայությամբ կպատվեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և բազմաթիվ այլ բարձրաստիճան անձինք: Միջոցառումը կբերի Տաթև հարյուրավոր հյուրերի աշխարհի տարբեր երկրներից, որոնցից շատերը ծրագրի բարերարներն են: Այս մարդկանց մեծահոգի ներդրումները կյանքի կոչեցին վերածննդի և զարգացման խիզախ նախաձեռնությունը:

2008 թվականին տարբեր ազգության և կրոնական պատկանելիության մարդիկ միավորվեցին Տաթևի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ' մոսկվաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած «Տաթև» հիմնադրամի շրջանակներում: «Տաթևի վերածնունդ» ծրագրի իրագործումը վստահվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով: Հրավիրյալներն ականատես կլինեն իրենց նվիրվածության առաջին կարևորագույն արդյունքի' աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին կառուցված է և ուղենիշ է հետագա նախաձեռնությունների իրագործման համար:

«Տաթևի թևեր» անունը կրող ճարտարագիտական այս հրաշքը, որը 5.7 կմ ձգվում է Որոտան գետի խոր և գեղատեսիլ կիրճի վրայով, կապում է Հալիձոր և Տաթև գյուղերի մոտակայքում տեղակայված երկու կայանները ճիշտ այնպես, ինչպես «Տաթևի վերածնունդ» ծրագիրը կամրջում է Տաթևի անցյալի ժառանգությունը շրջանի խոստումնալից ապագայի հետ:

Ճոպանուղու կառուցումը տևեց 11 ամիս: Այն կառուցվել է շվեյցարա-ավստրիական «Garaventa Doppelmayer» ընկերության կողմից, որն աշխարհում հասանելիություն ապահովող ընկերությունների առաջատարն է: 13 մլն եվրո արժողությամբ ճոպանուղին 9-րդ դարի Տաթևի վանական համալիրը այցելուների համար հասանելի դարձրեց շուրջ տարի: Այժմ այն ոչ միայն անվճար կծառայի հարակից գյուղերի բնակիչներին, այլև կգրավի բազմաթիվ զբոսաշրջիկների աշխարհի տարբեր անկյուններից:

Ճոպանուղու հետ մեկտեղ միջոցառումը նաև ի ցույց կդնի պետական և մասնավոր հատվածների համագործակցության կարևոր արդյունքը' ապացուցելով այս մոդելի գործունակությունն ու արդյունավետությունը նման մեծածավալ նախաձեռնություններում: Այսպես, Երևանի մայրուղուց Տաթև տանող 26 կմ ճանապարհը «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում վերակառուցվեց ՀՀ կառավարության կողմից:

Միջոցառումը նաև կներկայացնի արդեն ավարտված կամ մեկնարկած որոշ նախաձեռնություններ, այդ թվում' 17-րդ դարի ձիթհանը, ազգային խոհանոցի վերածննդի ծրագիրը, էկոտուրիզմի զարգացման ծրագիրը և այլն:

ՅՈՒՆԵՍԿՈ-յի համաշխարհային ժառանգության հավակնորդ Տաթևի համալիրը Հայաստանի հնագույն և ամենահեղինակավոր վանքերից է և աննախադեպ կարևորություն ունեցող կրթական կենտրոն: Իր ճարտարապետական, պատմական և բնական արժեքների շնորհիվ այն նաև միջոց է' շրջանում զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար: 50 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը նպատակ ունի համադրել համալիրի վանական և զբոսաշրջային արժեքը' շրջանը գրավիչ զբոսաշրջային ուղղություն դարձնելու համար, ինչը հիմք կլինի համայնքի բարգավաճման համար: Ծրագիրը կազմված է մի քանի բաղադրիչներից. վանական համալիրի պահպանում, դրա վանական և գիտական ավանդույթների վերականգնում, զբոսաշրջային արդյունքի մշակում հարակից կիրճում և շրջակա վեց համայնքներում, ինչպես նաև զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում: Տեղեկատվությունը հասանելի է www.tatev.am կայքէջում:

 

Այս խորագրի վերջին նյութերը