Քաղաքական

25.04.2016 16:30


«Bloomberg». «Սարգսյանն առաջին անգամ հրապարակային խոստովանեց, որ հայկական կողմը տարածքներ է կորցրել»

«Bloomberg». «Սարգսյանն առաջին անգամ հրապարակային խոստովանեց, որ հայկական կողմը տարածքներ է կորցրել»

Կովկասյան թեժ կետ հանդիսացող Լեռնային Ղարաբաղում պատերազմը կարող է վերսկսվել «ցանկացած պահի», և հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու «հեռանկարը մեծ չէ». Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 23-ին նախագահական պալատում տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ռուսաստանի միջնորդությամբ կայացած զինադադարը հնարավոր է՝ բավարար չլինի «էլ ավելի լայնամասշտաբ մարտեր» կանխելու համար: Այս մասին գրում է «Սիվիլնեթը»։

Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի համար «խելամիտ» չէ վերադարձը Ադրբեջանի հետ վիճելի տարածքների շուրջ խաղաղ բանակցություններին՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այժմ միանգամայն տարբեր է»:

«Մի կողմից մենք ինչ-որ մի տեղ կբանակցենք, մյուս կողմից՝ ռազմական պաշտոնյաները կներգրավվեն պատերազմի մեջ՝ փորձելով կարգավորել հակամարտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ինչպես գործակալությանն ասել է Սարգսյանը, Լավրովն իր հետ «որևէ այլ նոր առաջարկներ չէր բերել», քանի որ «շատ լավ գիտակցում է, որ անիմաստ է խոսել բանակցությունների մասին քառօրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո»:

«Լեռնային Ղարաբաղի 61-ամյա նախկին հրամանատար Սարգսյանը առաջին անգամ հրապարակային կերպով խոստովանեց, որ հայկական կողմը մարտերի ընթացքում որոշ տարածքներ է կորցրել»,- գրում է գործակալությունը:

Սարգսյանի տեղեկացմամբ՝ ադրբեջանական զինուժը գրավել է տարածքի «շատ փոքր հատվածներ» շփման գծի հյուսիսում և հարավում, որոնք չունեին «ռազմավարական կարևորություն» հայկական զինված ուժերի համար, և վերջիններս չեն փորձել հետ բերել դրանք՝ «նոր զոհերից խուսափելու համար»:

Մեկնաբանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարը՝ Սարգսյանն ասել է, որ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների համար տեղ չկա:

Սերժ Սարգսյանը նաև բացահայտել է, որ 2011թ. Կազանում Ալիևի հետ բանակցություններում ինքը կողմ էր Ադրբեջանի հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները կոչ էին անում երկու առաջնորդներին կարգավորել հակամարտությունը՝ ստորագրելով համաձայնագիր, որը նույնպես կհետաձգեր ԼՂ կարգավիճակի վերաբերյալ լուծումը, սակայն «Ալիևը հրաժարվել է»:

«Դա մի ժամանակահատված էր, երբ Ադրբեջանը հարստանում էր նավթից եկած եկամուտներով և խոսում իր ռազմական բյուջեի ծավալների մասին»,- անդրադառնալով Կազանի ձախողված բանակցություններին՝ նշել է Սերժ Սարգսյանը:

«Այն, ինչ տեղի ունեցավ, կարելի էր ակնկալել»,- եզրափակել է ՀՀ նախագահը:

Աղբյուրը՝ «Սիվիլնեթ»

Այս խորագրի վերջին նյութերը