Քաղաքական

24.04.2016 17:00


Էդ. Նալբանդյան. «Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները»

Էդ. Նալբանդյան. «Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները»

Այսօր՝ ապրիլի 24-ին, Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու համար Ցեղասպանության հուշահամալիր էր եկել նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողները նրանից հետաքրքրվել են, թե այժմ ո՞ր փուլում են արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները, և ի՞նչ զարգացումներ կան հիմնախնդրում:

-Մենք պետք է համատեղ աշխատաքների շնորհիվ միջազգային հանրության հետ ջանքեր գործադրենք, որպեսզի այն հարվածը, որը Ադրբեջանը հասցրել է խաղաղ կարգավորմանը և բանակցություններին, հնարավոր լինի հաղթահարել: Շատ դժվար է հաղթահարելը, որովհետև կան զոհեր, իսկ դա անվերականգնելի է: Եվ միջազգային հանրությունն այսօր դրանով է զբաղված, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին կարգի հրավիրել, և հնարավոր լինի բանակցությունները շարունակել, որովհետև բանակցություններին որևէ այլընտրանք չկա:

Հարցին, թե Սերգեյ Լավրովի Հայաստան այցելության ժամանակ փոխզիջումների մասին քննարկում եղե՞լ է, ՀՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է.

-Ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը: Իսկ ընդհանրապես, կան առաջարկներ եռանախագահների կողմից, որոնք արվել էին Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների մակարդակով հինգ հայտնի հայտարարությունների մեջ, որոնց հիման վրա Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ կարող է շարունակել բանակցությունները, կարող է գնալ կարգավորմանը, իսկ Ադրբեջանն անտեսում է դրանք: Սա՛ է իրականությունը, և սա՛ է պատճառը, որ միջազգային հանրությունը պետք է փորձի հնարավորինս անել, որպեսզի Ադրբեջանին բերի կառուցողական դաշտ։

Ինչ վերաբերում է ազատագրած տարածքների հանձնման մասին խոսակցություններին, Նալբանդյանը նշել է. «Ասեկոսեների վրա հիմնված եզրակացություններ պետք չէ անել»:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը