Մեկնաբանություն

23.04.2016 10:50


Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պահանջում Ս. Օհանյանի, Յու. Խաչատուրովի, Հ. Բաղմանյանի ու Էդ. Նալբանդյանի հրաժարականը

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը պահանջում Ս. Օհանյանի, Յու. Խաչատուրովի, Հ. Բաղմանյանի ու Էդ. Նալբանդյանի հրաժարականը

Երեկ տեղի ունեցավ այն կապիկությունը, որը երկար ժամանակ «ռասկրուտկա էր արվում» Բ26-ի ֆեյքերի միջոցով:

«Մենք զինվորի կողքին ենք» կարգախոսով միջոցառման մասնակիցները Սերժ Սարգսյանից պահանջում էին աշխատանքից ազատել Սեյրան Օհանյանին, Հայկազ Բաղմանյանին, Յուրի Խաչատուրովին ու Էդվարդ Նալբանդյանին՝ իրենց անգործության և իրավիճակին չտիրապետելու պատճառով, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի:

ՀՀԿ ղեկավարից նաև պահանջում էին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային փողերը խլել ու պետբյուջե մուտքագրել:

Բացի այդ՝ ազնվության, արդարության, պետականամետության ու հայրենասիրության մարմնավորում Սերժ Սարգսյանից պահանջում էին կուլակաթափ անել հիսուն հոգու՝ ամեն մեկից հինգ միլիոն դոլար հավաքելով:

Երթի մասնակիցներն ուզում էին «գրոհել» Բ26-ը (Սերժի ու նրա «կրեաԾիվ» թիմակիցների ֆանտազիան սահմաններ չի ճանաչում), սակայն ոստիկանները նրանց կանգնեցրին Բաղրամյան փողոցի սկզբնամասում: Տեղի ունեցան ուսումնական քաշքշոցիներ (ուսումնական նռնակից հետո սա երկրորդ կապիկությունն էր): Մեծ աղմուկ չկարողացան ապահովել, բայց ծղրտոցներ լսվեցին: Կողմերը կատարեցին իրենց աշխատանքը և ցրվեցին տներով:

Դատելով անհայտ ծագման «ըմբոստ» երիտասարդների պահանջներից՝ երեկվա երթն իրականում տեղի էր ունենում «Մենք Սերժ Սարգսյանի կողքին ենք» կարգախոսի ներքո: Երթ, որին ավելի շատ ոստիկան էր մասնակցում, քան սերժամետ ցուցարար (եթե լևոնենք էլ միանային, ապա մի հարյուրի կհասներ «բողոքողների» քանակը):

Փաստորեն, ստացվում է, որ բոլոր այն ոլորտներում, որտեղ Սերժ Սարգսյանը պատասխանատու է, պահանջում են ուրիշների հրաժարականը: Համ էլ՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը ձգտող «Վերջի բոլշևիկին» կոչ են անում ու խնդրում 250 միլիոն դոլար հավաքել: Բնականաբար, հայրենասիրական նպատակներով: Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Թե ինչու է Սերժ Սարգսյանը որոշել սեփական կոպիտ սխալների համար պատասխան տալու փոխարեն կեղծ թիրախներ մատուցել ու պահանջել Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Հայկազ Բաղմանյանի ու Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, ինքը կիմանա: Դա մարդու տեսակ է, մտածողություն և կառավարման ոճ:

Ըստ ամենայնի՝ լարված իրավիճակներում Ս. Սարգսյանը խուճապի է մատնվում և կորցնում ինքնատիրապետումը: Այդ պահերին նա պատրաստ է «փուռը տալ» բոլորին ու ամեն ինչ, միայն թե պահի աթոռն ու խուսափի տհաճ հարցերից:

Չորսօրյա պատերազմի հետ կապված՝ նա հասկանում է որ ուղղակի պատասխանատվություն է կրում տարիներ շարունակ արձանագրված անգործության և սխալ քայլերի համար: Հասկանում է և այդ իսկ պատճառով էլ փորձում է ելքեր գտնել: Ձեռքի տակ եղած հաճախորդների մի մասին հանձնարարված է պատերազմի ու զոհերի համար պատասխանատու հռչակել Ռուսաստանին, մյուսներին կարգադրված է քննադատել մեր զինվորական ղեկավարությանը և արտգործնախարարությանը, երրորդներին «քսի են տվել», այսպես կոչված, օլիգարխների վրա, չորրորդները կոչ են անում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը և նրան սատարելը համարում են հայրենասիրություն (սրիկաների վերջին հանգրվանը միշտ էլ հայրենասիրությունն է), հինգերորդները քննադատում են Սերժի ընդդիմախոսներին:

Ստացվում է, որ բոլորը մեղավոր են, բացի Սերժ Սարգսյանից: Թե քանի ոչխար կա Հայաստանում, ով կհավատա այդ հեքիաթին, արդեն թող մտածեն չորքոտանիների մասնագետները:

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը