Քաղաքական

20.04.2016 21:10


«Ինչո՞ւ հայկական կողմը պատշաճ կերպով չէր նախապատրաստվել»

«Ինչո՞ւ հայկական կողմը պատշաճ կերպով չէր նախապատրաստվել»

Մամուլի ազգային ակումբը ապրիլի 20-ին կազմակերպել էր հասարակական-քաղաքական քննարկում «Ապրիլյան պատերազմը եվ ղարաբաղյան բանակցությունների ռազմաքաղաքական սպառնալիքները» թեմայով:

Զեկույցով հանդես եկած Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը իր ելույթում ընգծեց, որ Ադրբեջանի քառօրյա ռազմական ագրեսիան նպատակ էր հետապնդում ճնշում գործադրել ոչ միայն Արցախի և Հայաստանի վրա, այլ առաջին հերթին ուժային շանտաժի միջոցով ստիպել Մինսկի խմբի համանախագահներին արագ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի օգտին փոխելու արդեն 22 տարի հակամարտության գոտում պահպանվող ստատուս-քվոն:

Ինչպես նշեց Հմայակ Հովհաննիսյանը, պատերազմը քաղաքականության շարունակությունն է՝ այլ միջոցներով, և Ադրբեջանի կողմից բանակցություններից հրաժարվելը և քաղաքական բոլոր հարթակներում հայկական կողմից միակողմանի զիջումներ պահանջելն անխուսափելիորեն տանում էին պատերազմական գործողությունների վերսկսման:

«Կարելի է տարակուսել, թե ինչո՞ւ հայկական կողմը պատշաճ կերպով չէր նախապատրաստվել դրան ու չկարողացավ ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք: Չէ՞ որ ռազմական գիտության տեսանկյունից ակնհայտ է, որ եթե ստիպված ես ռազմական գործողությունները մղել քո տարածքում, ապա զրկված ես իրավիճակից հաղթանակած դուրս գալու հնարավորությունից»,– հայտարարել է Հովհաննսիյանը:

Արձանագրելով, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է լիակատար միջազգային մեկուսացման մեջ, քանզի և ոչ մի երկիր կատարվածը չճանաչեց որպես Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացված ռազմական ագրեսիա, քաղաքագետը զուգահեռ անցկացրեց այսօր ստեղծված իրավիճակի և 1996-1997 թթ. ԵԱՀԿ-ի Լիսաբոնյան գագաթաժողովից հետո Հայաստանին և Արցախին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերի միջև:

Մատնանշելով, որ այն ժամանակ՝ 1997 թվականի հուլիսի 6-7, ԼՂՀ-ի իշխանությունները և Հայաստանի քաղաքագետների միությունը համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում կազմակերպեցին Հայաստանի ազգային կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարների հատուկ խորհրդակցություն, որը միաձայն ընդունեց հայտնի Ստեփանակերտյան հռչակագիրը, Հմայակ Հովհաննիսյանը կետ առ կետ ընթերցեց հռչակագրի տեքստը և հայտարարեց, որ այսօր նույն այդ ուժերը պարտավոր են վերահաստատել իրենց հավատարմությունը հռչակագրի դրույթներին:

«Եթե Հանրապետական կուսակցության անդամները չեն ուրացել կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի անցած ճանապարհը և գաղափարական սկզբունքները, ապա պարտավոր են հաշվի առնել, որ խորհրդակցության ժամանակ Աշոտը նստած էր իմ կողքին և կտրուկ արտահայտվում էր պարտվողական քաղաքականության մերժման և ներկայացված Ստեփանակերտյան հռչակագրի ընդունման օգտին»,- եզրափակեց իր ելույթը Հայաստանի քաղաքագետների միության նախագահը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը