Մեկնաբանություն

03.12.2009 22:13


Արցախը թողեցին Ադրբեջանի կազմու՞մ

Արցախը թողեցին Ադրբեջանի կազմու՞մ

Եթե հիշում եք, Երևանի փողոցներում հայտնվել էին  հայկական արտադրանքը գովազդող «Գնի՛ր հայկականը», «Պատրաստված է Հայաստանում», «Մեր ստեղծածն է» կարգախոսներով պաստառներ, որտեղ  ԼՂՀ քարտեզը ներկայացված էր ոչ ամբողջական, քանի որ ներառված էին ոչ բոլոր շրջանները, իսկ դա  ԼՂՀ Սահմանադրության խախտում էր և, մեծ հաշվով, հանձնողական քաղաքականության դրսևորում (տե՛ս ձախ կողմի նկարը)։

Այն բանից հետո, երբ մատնանշվեց կոպիտ սխալը, Երևանի քաղաքապետարանից ներողություն խնդրեցին, քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության գլխավոր մասնագետին նկատողություն արեցին, իսկ վահանակներն ապամոնտաժվեցին։ Ի դեպ, այդ օրերին մեր կողմից հնչեցված հարցադրումներն ու ահազանգը հիմնադրամում որակել էին որպես «սև» PR։

Այսօր արդեն Երևանի փողոցներում հայկական արտադրանքի պրոպագանդման նոր պաստառների կհանդիպեք։ Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի  «Գնի՛ր հայկականը» արշավը շարունակվում է, և հիմա արդեն նոր պաստառներ են փակցված Երևանի փողոցներում։ Առաջին հայացքից գրեթե տարբերություն չկա, սակայն երկրորդ տարբերակում իսպառ բացակայում է Արցախը (տե՛ս աջ կողմի նկարը)։ Երբ նախորդ անգամ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամին հարց էինք ուղղել՝ պարզելու, թե ինչու Արցախն իր ամբողջական տարածքով չի ներկայացված պաստառներում, նրանք պատասխանել էին, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծրագրեր չի իրականացնում, և որպես այդպիսին՝ ծրագրային կամ իրավական պարտավորվածություն չունի իր կողմից նախաձեռնված «Գնի՛ր հայկականը» արշավի լոգոյի վրա արտացոլել ԼՂՀ տարածքը:

Փաստորեն, թե՛ քաղաքապետարանում, թե՛ «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամում սխալի ուղղման լավագույն ձև են ընտրել Արցախից ընդհանրապես հրաժարվելը։

Նկատենք, որ երբ Հայաստանում պալատական քաղաքագետների և բարձրաստիճան այրերի կողմից քարոզվում էր տարածքների հանձնման, այսպես կոչված, փոխզիջման դիմաց Ղարաբաղի ինքնորոշման թեզը, Ադրբեջանում Ալիևն ասում էր, թե Ղարաբաղը կարող է ինքնորոշվել միայն անկախ Ադրբեջանի կազմում, այսինքն՝ Հայաստանը պետք է հրաժարվի Արցախից։ Հիմա, երբ լրագրողներս հարց բարձրացրինք, թե ինչու է ԼՂՀ-ն առանց ազատագրված տարածքների պատկերված, Երևանի քաղաքապետարանն ու «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամն ընտրեցին ալիևյան սկզբունքն ու «ինքնորոշեցին» Արցախն Ադրբեջանի կազմում՝ մեր պետության մի մասն ընդհանրապես հանելով իրենց քարոզչական պաստառներից։

Չենք կարծում, որ սա ինչ որ քաղաքական ենթատեքստ ունի, բայց մեզանում տիրող մթնոլորտն այնպիսին է, որ մարդիկ օրը ցերեկով Արցախի՝ այսինքն Հայաստանի տարածքի հետ խաղեր են խաղում։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը