Քաղաքական

18.04.2016 14:15


Մեր «վեցօրյա պատերազմը»

Մեր «վեցօրյա պատերազմը»

Մենք միշտ երազել ենք նմանվել հայտնի պետությանը, իսկ իրական կյանքում գործնականում ոչինչ չենք արել այդպիսի պետություն դառնալու համար: Իսրայելն իր վեցօրյա պատերազմից լիակատար հաղթանակով դուրս եկավ, բայց ավելի կարևոր էր այն, որ Իսրայելը դրանից հետո լրիվ ուրիշ պետություն դարձավ՝ ունակ չնչին կորուստներով դիմագրավելու բոլոր մարտահրավերներին: Մենք մեր վեցօրյա պատերազմը չենք պարտվել, սակայն եթե այսօրվանից չենք սկսում լրիվ ուրիշ՝ այլ որակի պետություն սարքելը, ապա ունենալու ենք պատմական կորուստ: Հիմա աննկարագրելի զգացմունքայնության փուլն է, բայց դա չպետք է մեկ վայրկյան անգամ խանգարի այսօրվանից սառը և ռացիոնալ քայլերով պետությունն ուժեղացնելու գործին: Ընդհակառակը՝ պետք է նպաստի: Կետ առ կետ փորձեմ ներկայացնել անհրաժեշտ քայլերը՝ հնարավորինս համառոտ: Ես պատրաստ եմ ցանկացած ֆորմատում ավելի բացել ու հիմնավորել դրանք:

Աջակցություն զոհվածների ընտանիքներին և վիրավորներին

Աջակցության միակ հեղինակը պետք է լինի պետությունը: Պետք է ընդունել պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքներին և վիրավորներին պետական աջակցության ծրագիր՝ կառավարության որոշմամբ կամ օրենքի տեսքով: Զոհվածների ընտանիքները պետք է գտնվեն պետության լիակատար և շոշափելի աջակցության ծրագրի տակ, վիրավորները պետք է ստանան իրոք լիարժեք բուժում՝ ներառյալ վերականգնողական փուլը, գուցե՝ մասնագիտական վերապատրաստում՝ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների պարագայում, և այլն: Մեծահարուստների, օլիգարխների, մասնավոր անձանց, հասարակական նախաձեռնությունների, պետական հիմնարկների և մյուս բոլորի ինքնաբուխ օգնությունն ամեն դեպքում ժամանակավոր է, և ամենակարևորը՝ այն որևէ կերպ կանոնակարգված չէ:

Շատ կարևոր է բոլորի համար ֆիքսել հետևյալը. մենք զոհվածների ընտանիքներին «օգնություն» չենք տրամադրում, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, թե բարեգործություն է անում, և վերջում էլ դեռ շնորհակալություն ակնկալեն: ՈՉ – մենք նրանց վերցնում ենք պետության հովանու ներքո: Նրանք զոհվել կամ վիրավորվել են հանուն Հայաստանի Հանրապետության, և պետությունը պետք է գործով ցույց տա, որ գնահատում է այդ զոհողությունը: Սա ամենևին սոցիալական ծրագիր չէ, սոցիալական օգնություն չէ, սա պետության պարտականությունն է, որն այն պետք է արժանապատվորեն կատարի: Նաև այսպես են դառնում լուրջ պետություն: Համապատասխան միջոցներ պետք է հատկացվեն պետական բյուջեից, իսկ ինչ վերաբերում է նվիրատվություններին, ապա պետությունը պետք է բացի հատուկ հաշիվ, որտեղ մեծահարուստից մինչև ցանկացած քաղաքացի կարող է և պետք է գումար փոխանցի: Եվ միայն պետության անունից դրանք կտրամադրվեն զոհվածների, վիրավորների, ընտանիքներին: Վստահ եմ՝ հարցի իմ շեշտադրումը հասկանալի է: Պետական ծրագիրը պետք է ներառի զոհվածների երեխաների կրթության, բարեկեցության, բուժման, հանգստի և բոլոր այլ կետերը: Նույնը վերաբերում է ծնողներին:

Ռուսական զենքի դիլեման

Բնական ու նաև ուղղորդված միտումներ կան՝ մեղադրել Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար: Մտածող և պատասխանատվության պատրաստ շրջանակները տարբերվում են լայն զանգվածներից նրանով, որ ամենաէմոցիոնալ պահերին անգամ պետք է սառնասիրտ գտնվեն: Ռուս- ադրբեջանականի նման գործարքները կամ պետք է խոչընդոտել նախքան դրանց կայացումը կամ դրանից հետո կոմպենսացնել սեփական ձեռքբերումներով: Հայաստանի իշխանությունը չի արել ոչ մեկը, ոչ մյուսը: Մնացածն անլուրջ է: Մենք ունեցել ենք մի քանի շրջադարձային պահ՝ կամ խոչընդոտելու կամ նույնը ստանալու համար: Դրանք են՝ ա) Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանագրի ժամկետի երկարացման պահը, բ) ԵՏՄ մտնելուց առաջ, գ) Ավետիսյանների ընտանիքի դեպքին հաջորդող հակառուսական տրամադրությունների լարված շրջանը: Հայաստանը բոլոր երեք դեպքերում տապալել է գործը: Կամ՝ գուցե չի էլ դրել նման խնդիր: Սա է փաստը:

Հայկական զենքի դիլեման՝ հերոսություն և սպառազինություն

Մենք իմացանք, որ կռվում ենք 80-ականների զենքով: Մասնագետների հաշվարկով՝ Հայաստանին պետք է 0.5 միլիարդից 1 միլիարդ դոլար՝ բանակը ժամանակակից վերազինելու համար: Ով լավ չի հասկանում, բացատրենք՝ դա նշանակում է՝ ունենալ ժամանակակից զսպող զինատեսակներ, որի պարագայում Ադրբեջանը չի հարձակվի, իսկ հարձակումների դեպքում էլ մենք այսքան զոհ չենք տա: Արդյոք չկա Հայաստանում այդքան գումար: Իհարկե կա, բայց՝ այլ տեղերում: Միայն 5 միլիարդ վարկ ենք վերցրել՝ չխոսելով մյուս բոլոր մութ ու բաց գործարքների մասին: Փող կար, փող կարելի էր գտնել: Չարվեց: Հույսը դրվեց հերոսության վրա: Զինվորի և սպայի հերոսությունը չի կարելի շահարկել: Հերոսությամբ Սմերչի, TOS-ի, T-90-ի, անօդաչու սարքի, արբանյակային հետախուզության դեմ չեն կռվում: Չի կարելի քաղաքական իշխանության գործի թերացումն արդարացնել զինվորականության հերոսությամբ:

Անելիքները՝ հստակ և առանց զգացմունքների

Նրանք, ովքեր ասում են, թե չեն տեսնում նոր պատերազմի վտանգը, քանի որ Ռուսաստանը միջնորդ է, ընդամենը ցույց են տալիս, որ որևէ կերպ չեն պատկերացնում իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ, որոշակի հանգամանքներից ու զարգացումներից կախված, Ադրբեջանը պատրաստ է կրկին լայնամասշտաբ հարձակման, ու Ադրբեջանը հակված է դրան: Հայաստանի իշխանությունների թիվ մեկ խնդիրն այս փուլում շատ արագ Ռուսաստանից ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերելն է: Ինչ եղանակով, ինչ ճանապարհով, ինչ մեթոդով, ինչ շանտաժով. սա ցանկացած գործող իշխանության խնդիրն է: Այստեղ մենք բոլորս պատրաստ ենք օգնել իշխանությանը: «Խնդրելով» Ռուսաստանից զենք չենք ստանալու: Դրա համար պետք է աշխատել բոլորի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ոչ բարյացակամ երկրների: Բայց ժամանակ քիչ կա՝ ամիսներ, եթե ոչ՝ շաբաթներ: Իշխանության մեջ այսօր կան մարդիկ, ովքեր սա փայլուն հասկանում են: Կոպիտ սխալ է՝ մտածել, թե այս պատերազմից հետո Ադրբեջանը նախկինի պես հանդարտ բանակցելու է: Բանակցությունների որակը փոխվել է ինչու, որովհետև Ադրբեջանը իրական մարտի դաշտում բոլորի համար արձանագրել է իր սպառազինության տեխնոլոգիական առավելությունը: Ադրբեջանն առավելագույնս փորձելու է սա օգտագործել: Մեր հակաքայլը դիվանագիտության դաշտում չէ: Մինսկի խմբի շրջանակներում չէ, որ վերազինվում է բանակը: Այն մեր ռազմատեխնիկական արագ վերազինման դաշտում է: Մենք կարող ենք վստահ դիրքերից շարունակել հանգիստ բանակցել միայն և միայն զենքի խնդիրը լուծելուց հետո:

Կենացաշինության ավարտը

Հայաստանը վերջին երկար տարիներին կառուցվել է կենացների վրա: Մենք ռացիոնալ և գրագետ պետականաշինությունը և բանակաշինությունը հաճախ փոխարինեցինք կենացաշինությամբ: Երբ երկրի քաղաքական վերնախավը շաբաթը 2-3 անգամ խնջույքների էր լինում ու հոտնկայս խմում «պետականության կենացը», վերնախավին թվում էր, թե պետությունը դրանով ուժեղանում է, ու բանակը արդիականանում: Այդ ընթացքում Ադրբեջանը առանց կենացների տարեցտարի ձեռք էր բերում ժամանակակից զենքեր ու կառուցում բանակ: Իհարկե, Հայաստանում եղել են մարդիկ և շրջանակներ, ովքեր զգուշացրել են վտանգների մասին, ովքեր ահազանգ են հնչեցրել, բայց, ցավոք, դա բավարար չէր, կամ դա ուղղակի անտեսվել է:

Մենք պետք է հասկանանք՝ մինչապրիլմեկյան Հայաստանը չկա
Հայաստանի տնտեսության զարգացումն ամենահրատապ խնդիրներից մեկն է: Այստեղ հաջողության հասնողը նույնքան հերոս է, որքան ադրբեջանական լավ զինված բանակի առաջխաղացումը կանգնեցնող զինվորականությունը: Սա է համախմբումը՝ քաղաքացիական իշխանությունը սրանով է համերաշխ ռազմական համակարգին: Այսպես են երկրի քաղաքացիների շահերը համընկնում: Երկրում առողջ զարգացման առաջին իսկ միտումներից կլինի մեծ համախմբում՝ իշխանության առողջ հատվածների և ոչ իշխանական ուժերի և քաղաքացիական հասարակության: Ինչպես անել դա: Իշխանության մեջ պետք է գտնվեն մարդիկ, ովքեր չեն վախենա առաջին մեծ քայլերից: Ամենակարճ ճանապարհը՝ թալանի տեմպերի թուլացումը ուղղակի մի քանի ամսում կբերի տնտեսութան աշխուժացմանը: Տնտեսությունը օր օրի պետք է ազատականացվի: Սա փոքր երկիր է, և բոլոր մենաշնորհների տերերի անունները մարդիկ գիտեն: Հայաստանում շատ արագ պետք է ստեղծվի զարգացման և առաջընթացի մթնոլորտ, Հայաստանում պետք է բացառվեն ներքին թշնամանքի, ներքաղաքական ինտրիգների, ու նաև «գործարքային համերաշխության» բոլոր դրևորումները: Պետք է մշակվի Սփյուռքի ազդեցիկ շրջանակների հետ աշխատանքի նոր հայեցակարգ: Հին լոլոները սպառվել են: Ի վերջո մենք պետք է հասկանանք՝ հին՝ մինչապրիլմեկյան Հայաստանը չկա: Հայաստանն այսօրվանից սկսում է նոր անվտանգության համակարգի կառուցումը. դա ենթադրում է նոր արդիականացված բանակ, նոր զարգացող տնտեսություն, նոր ներհասարակական մթնոլորտ, նոր հարաբերություններ, նոր հայկական աշխարհ: Ու այստեղ բոլոր կարող ուժերը պետք է ներգրավվեն՝ անկախ քաղաքական հայացքներից:

Զգացմունքներ, զարթոնք և լուծում

Իսկապես, Հայաստանում նկատելի զարթոնք է, և սա լավատեսության հիմնական աղբյուրն է: Որպեսզի զարթոնքը չմսխվի, կա մեկ ռացիոնալ ճանապարհ՝ ուղիղ մեկ տարի հետո կայանալիք համապետական ընտրությունները: Այլ լուծում գոյություն չունի: Պետք է ընտրության միջոցով ձևավորվի նոր իշխանություն: Եթե դա չարվի, զարթոնքը և զգացմունքները որոշակի ժամանակի ընթացքում վերափոխվելու են ապատիայի և հուսալքության: Իսկ սա ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանի ագրեսիան: Իհարկե, իշխանությունն ամեն ինչ կանի՝ թույլ չտալու զարթոնքի վերաճումը քաղաքական փոփոխությունների: Եվ նրան դրանում կօգնեն նաև ոմանք՝ իշխանությունից դուրս, ինչպես բազմիցս եղել է: Բայց պետության անվտանգության բնազդն ամեն դեպքում ավելի ուժեղ է: Հայ ժողովուրդը իսկապես տեսավ ֆիզիկական վտանգ, և համոզվեց՝ թշնամին ամենևին գրքային պերսոնաժ չէ: Ինքնապաշտպանության բնազդը պետք է որ ստիպի հայ հասարակությանը՝ գնալու ճիշտ ընտրության: Ինքնապաշտպանության բնազդը պետք է որ ստիպի քաղաքական վերնախավի մի խումբ անձանց՝ զգալու իրենց պատասխանատվությունը պետության առաջ: Ցանկացած պատերազմի առաջին օրերին էյֆորիա է, բոլոր հակամարտող կողմերի հասարակությունները վստահ են, որ իրենք հաղթելու են մի քանի օրում: Սակայն ոգևորության փուլից հետո պարզվում է, որ հաղթում է նա, ով ունի էֆեկտիվ պետականություն և լավ զինված բանակ: Մենք թեև քիչ, այնուհանդերձ ունենք ժամանակ այս խնդիրը լուծելու:

Պետական կառույցների էֆեկտիվությունը. դեպի սահման ճանապարհը՝ միայն զինկոմիսարիատներով

Զարթոնքի դրսևորումներից մեկը, իհարկե, հազարավոր կամավորների, ազատամարտիկների, երկրապահների, ջոկատների հոսքն էր դեպի սահման: Փառք ու պատիվ: Մյուս կողմից, սա ցույց է տալիս, որ մենք ունենք կառավարման տեսանելի թերացումներ, որոնք շատ արագ պետք է շտկվեն: Մասնավորապես՝ բոլոր կամավորների ճանապարհը դեպի սահման պետք է անցնի զինվորական կոմիսարիատներով՝ անկախ կոչումներից, և այլ արժանիքներից: Զինկոմիսարիատների համակարգը հենց դրա համար է, որ հստակ հասկացվի՝ որտեղ ինչ մասնագիտության զինծառայողի, ինչ քանակի անհրաժեշտություն կա: Ում, երբ, որտեղ, ուր պետք է տեղափոխել: Գործող բանակը որտեղ և ինչի կարիք ունի: Սա էապես կբարձրացնի էֆեկտիվությունը: Մենք սրանով կխուսափենք անտեղի մարդկային կորուստներից, խնդիրներ առաջացնող կուտակումներից և օբյեկտիվորեն ծագող այլ բարդություններից: Ես հասկանում եմ հարցի էմոցիոնալ կողմը, բայց ֆիդայական կռվի էջը փակ է: Այլևս ուրիշ պատերազմ է: Ես համոզված եմ, որ ՀՀ և ԼՂՀ զինվորական իշխանությունները սա գիտակցում են և կաշխատեն այս ուղղությամբ:

Պատերազմի նախնական հետևությունները

Մենք ունենք փայլուն զինվորականություն ՀՀ-ում և ԼՂՀ-ում, և նրանց գրագետ ու ճշգրիտ քայլերի շնորհիվ կասեցվեց թշնամու ծրագիրը:
ԼՂՀ իշխանությունները աշխատել են հստակ՝ բացառելով որևէ խուճապ:
Մեր հասարակությունն ունի ահռելի պոտենցիալ, և այն բավարար է Ադրբեջանին դիմակայելու և ուժեղ ՀՀ և ԼՂՀ կառուցելու համար:
Հայաստանը պարտավոր է կարճ ժամանակում ժամանակակից զենք ձեռք բերել, և միայն այդպես հնարավոր կլինի խուսափել պատերազմներից և կորուստներից:
Ժամանակը քիչ է:
Հայաստանը պետք է շատ արագ սկսի նոր անվտանգության համակարգի կառուցումը, ինչը ենթադրում է քաղաքական և տնտեսական արագ և խորը վերափոխումներ: Դրա ներուժը կա թե իշխանության մեջ և թե իշխանությունից դուրս:
Լայն, բազմակուսակցական, տարբեր հասարակական խմբերի, մտահոգ անհատների, ամենատարբեր բնագավառի մասնագետների համախմբումն այլևս այլընտրանք չունի: Համախմբում ոչ թե գործող իշխանությունների՝ հերթական միակամ գործողությունների, այլ կոնկրետ խնդիրների լուծման շուրջ: Համախմբում, որը պետք է տանի կոնկրետ փոփոխությունների:

Վահե Հովհաննիսյան ԱԺ պատգամավոր

«top-news.am»

Այս խորագրի վերջին նյութերը