Քաղաքական

15.04.2016 13:22


Երվանդ Բոզոյան. «Մենք չենք կարող համախմբվել թալանը կոծկելու կամ ձախողված չինովնիկներին պաշտպանելու շուրջ»

Երվանդ Բոզոյան. «Մենք չենք կարող համախմբվել թալանը կոծկելու կամ ձախողված չինովնիկներին պաշտպանելու շուրջ»

Հարցազրույց քաղաքագետ, «Zham.am» լրատվավերլուծական կայքի ղեկավար Երվանդ Բոզոյանի հետ:

-Պարո՛ն Բոզոյան, ինչպե՞ս կգնահատեք վերջին զարգացումները ղարաբաղյան ճակատում, և ի՞նչ պետք է անել այսօր, որպեսզի նման բան չկրկնվի: Շատերն ասում են, որ այս փուլում պետք է համազգային համախմբում տեղի ունենա, բայց ամեն մեկը մի բան է հասկանում դրա տակ:

-Նախ ասեմ, որ Ղարաբաղի բանակցությունները հիմա ոչ թե ակտիվ ու եզրափակիչ փուլ են մտել, այլ հակառակը՝ գործնականում սառեցվել են: Համախմբում պետք է, բայց գաղափարի ու այս վիճակի փոփոխության համար:

-Ի՞նչ պետք է անել, որպեսզի կարողանանք դիմակայել հետագա վտանգավոր զարգացումներին:

-Այն ինչ-որ կատարվեց Ղարաբաղում իմ համար անսպասելի չէր, միգուցե անսպասելի էին ժամկետները , սակայն պարզ էր, որ վերջին ութ տարվա Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումները հանգեցնելու էին սրան: Ես միշտ նշել եմ, որ պատերազմը կսկսվի այն դեպքում, երբ-որ տարածաշրջանում խախտվի ռազմաքաղաքական բալանսը հօգուտ կողմերից մեկի: Խաղաղությունը կարգախոսներով և լոզունգներով չի հաստատվում, խաղաղությունը միայն բարի կամքով չի հաստատվում: Այն կայանում է այն ժամանակ, երբ կողմերը գիտակցում են, որ իրար հաղթելու հնարավորություն չունեն:

-Այսինքն Դուք ուզու՞մ եք ասել, որ բալանսը խախտվել է հօգուտ Ադրբեջանի:

-Բալանսը խախտվել է մի շարք պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ պատճառներից է, օրինակ, այն, որ նավթադոլարների հաշվին Ադրբեջանը զինել է իր բանակը գերժամանակակից զենքով, պատրաստել է իր հրամկազմը ժամանակակից նատոյական և թուրքական ստանդարտներով, ձևավորել է քիչ թե շատ զարգացող տնտեսություն, որը սակայն այս փուլում ճգնաժամ է ապրում նույն նավթի գների կտրուկ անկման պատճառով: Մինչդեռ Հայաստանը, ունենալով աղքատ բնական ռեսուրսներ, պարտավոր էր Ադրբեջանին հակադրվել ժամանակակից ու արդյունավետ արևմտյան կառավարման ստանդարտներով: Մենք պետք է կարողանանք ձևավորել ժամանակակից մրցակցային տնտեսություն, արդյունավետ ժողովրդավարական կառավարման համակարգ և կանխենք այն աննախադեպ թալանը, որն առկա էր այս տարիների ընթացքում:

-Դուք ուզու՞մ եք ասել, որ արդյունավետ կառավարմամբ հնարավոր է հակադրվել նավթադոլարներին:

-Սա ես չեմ ասում, սա Իսրայել պետության փորձն է ասում, որտեղ վեց միլիոնանոց Իսրայելը, որը չունի հարուստ բնական պաշարներ իր արդյունավետ կառավարման միջոցով կարողացավ զսպել 200 միլիոնանոց արաբական աշխարհին, որտեղ, ի դեպ, գտնվում են աշխարհի ամենահարուստ նավթային պաշարները:

-Վերադառնանք ներքին խնդիրներին: Դուք հավատու՞մ եք ազգային համախմբման գաղափարին, որն անհրաժեշտ է այսօր, թե՞ համարում եք, որ դա կեղծ եզրույթ է:

-Ես համարում եմ, որ ազգային համախմբումը չափազանց կարևոր գործոն է, եթե այն ուղղորդվում է ոչ թե ֆոտոսեսիաներով կամ փակ հանդիպումներով, այլ առաջանում է կոնկրետ առարկայական խնդիրների լուծման շուրջ: Մենք չենք կարող համախմբվել թալանը կոծկելու կամ ձախողված չինովնիկներին պաշտպանելու շուրջ, քանզի այդպիսի համախմբումը չի բերի հաղթանակի, այլ կբերի պարտության, իսկ մեզ պետք է համախմբում հաղթանակի շուրջ, որովհետև պարտությունը Ղարաբաղում կհանգեցնի պարտություն Հայաստանում ընդհանրապես:

-Պարո՛ն Բոզոյան, օրերս հրապարակվեց Սամվել Բաբայանի նամակը Սերժ Սարգսյանին, որը գրված էր 2013 թվականին, որում արծարծված էին խնդիրներ՝ կապված հայոց բանակի արդիականացման հետ: Արվել էին նաև կանխատեսումներ, որոնց հետ կապված տրվել էին լուծման առաջարկներ: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի վերաբերյալ:

-Ծանոթացել եմ Բաբայանի նամակին ու ցավում եմ, որ այն խնդիրները, որի մասին խոսվում էր նամակում ժամանակին արձագանք չեն ստացել: Ռազմական ոլորտում Բաբայանի ունակությունների մասին խոսում են Ղարաբաղյան պատերազմի արդյունքները, և անհասկանալի է, թե ինչու են անտեսվել նրա զգուշացումներն ու առաջարկները: Սակայն կարծում եմ, որ այսօր էլ ուշ չէ, որ նամակում ներկայացված խնդիրները քննարկվեն և իշխանությունները գոնե կարողանան հետևություններ անել այս փուլում, մինչև որ հանրությունը դուրս կգա շոկից ու համընդհանուր խնդիրներ կդնի արդեն քաղաքական հարթության մեջ:

Համախմբում է պետք իրական փոփոխությունների հասնելու համար: Այլապես նույն նամակում հնչեցրած խնդիրները և լուծման ուղիները կմնան թղթի վրա, և մենք կարող ենք նոր կորուստներ ունենալ:

-Համախմբման կոչով հանդես եկան նաև առաջին և երրորդ նախագահները: Ինչ կասեք սրա մասին:

-Ուզում եմ նորից հիշեցնել, որ կողմ եմ առարկայական համախմբման՝ առարկայական խնդիրների շուրջ, որոնք տեսանելի և հասկանալի կլինեն հասարակության մեծ մասի համար, քանզի միայն այդ դեպքում համախմբումը կկատարի իր դրական դերը, որովհետև այդ դեպքում մարդիկ կհավատան, որ մենք համախմբվում ենք ոչ թե պարտվելու կամ զիջելու, այլ հաղթելու և հաջողության հասնելու շուրջ:

-Ղարաբաղի հարցով բանակցությունների հարցում ի՞նչ է սպասվում: Դուք դե՞մ եք, որ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում մենք փողզիջման գնանք: Կարծես դրա շուրջ է կոչ արվում համախմբվել:

-Անկեղծ ասած, ես միշտ համարել եմ, որ այս հարցն անհեթեթ է, քանզի նման հարցերը առանց փոխզիջման չեն լուծվում: Սակայն ես դեմ եմ փաստացի միակողմանի զիջմանը, այսինքն այն ինչ այսօր ուզում է պարտադրել Ադրբեջանը: Ցավոք, Ադրբեջանն այսօր իրեն ուժեղ է զգում և համոզված է, որ կարող է պարտադրել ՀՀ-ին և ԼՂՀ-ին գնալ միակողմանի զիջման և դրա համար էլ փաստացի պատերազմ է սկսել բոլոր ճակատներում՝ ռազմական, լրատվական և դիվանագիտական, իսկ նման պայմաններում խոսել զիջումների մասին անմեղսունակություն է, եթե ոչ դավաճանություն, քանզի Ադրբեջանին կանգնեցնելու համար մենք պետք է վերականգնենք տարածաշրջանում խախտված բալանսը: Ստիպենք ընդունել Ալիևին, որ Ադրբեջանը զենքով չի կարողանալու լուծել այս խնդիրը, և միայն դրանից հետո հանգիստ պայմաններում կարող ենք միջնորդների շնորհիվ քննարկել այս խնդիրը: Ես համոզված եմ, որ ի վերջո հայ և ադրբեջանցի ժողովուրդները ընդհանուր հայտարարի գալու են, քանզի այս տարածաշրջանից ոչ մենք, ոչ ադրբեջանցիները չեն հեռանալու: Վաղ թե ուշ, լինելով հարևաններ, վերականգնելու ենք մեր խաղաղ կեցությունը, սակայն դրան հասնելու համար մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան: Ուժեղ տնտեսապես, ուժեղ ռազմական իմաստով, ուժեղ քաղաքական իմաստով, և վերջապես ուժեղ արժեհամակարգային իմաստով, որտեղ մարդը կհամարվի ամենակարևոր կապիտալը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը