Մեկնաբանություն

13.10.2010 17:54


Միայն թե Սերժ Սարգսյանը չխանգարի

Միայն թե Սերժ Սարգսյանը չխանգարի

Վերջին շրջանում ամենադրական հույզեր  առաջացնող երևույթը մեր ֆուտբոլի ազգային հավաքականի հաջող մրցելույթն է։ Երբեք այսպիսի հաջող մեկնարկ չէր եղել։ Երբեք մեր հավաքականը 4 գնդակի տարբերությամբ չէր հաղթել։ Երբեք մեր հավաքականն այսպիսի երիտասարդ, բայց ինքնավստահ կազմ չէր ունեցել։ Երբեք խփած ու բաց թողած գնդակներով այսպիսի դրական հաշվեկշիռ չէինք ունեցել։ Եվ ամենակարևորը՝ երբեք մեր հավաքականը խմբային մրցաշարում երրորդ տեղը չէր գրավել ու հույս չէր արթնացրել, որ կարելի է արդեն երազել խմբային մրցաշարից դուրս գալու մասին։

Հայտնի բան է, որ ֆուտբոլիստները սնոտիապաշտ են, իսկ ֆուտբոլի արդյունքների հետ կապված հարցերը երբեմն ութոտնուկներն են «որոշում»։ Դե ուրեմն եկեք աչքով չտանք մերոնց։ Թող նրանք լուրջ նախապատրաստվեն մյուս խաղերին, մանավանդ որ թերություններ ու թույլ կողմեր ակնհայտորեն կան։ Խոսքս հատկապես վերաբերում է եզրերին։ Եթե դարպասային գծում, պաշտպանությունում, դաշտի կենտրոնում (հենակետային ու խաղարկող) և հարձակման գծում վիճակը համեմատաբար բարվոք է, ապա մեր հավաքականի աջ ու ձախ թևերը խաղի կառուցմանը գործնականում չեն մասնակցում։ Ճիշտ է, թիմի ավագ Սարգիս Հովսեփյանը պարբերաբար մասնակցում է աջ թևից իրականացվող գրոհներին և դա լավագույնս իրականացրեց Անդորրայի հետ խաղում ու գոլային փոխանցում արեց, սակայն դա միշտ չի հաջողվում նրան, իսկ աջ կիսապաշտպան Լևոն Պաչաջյանն ակնհայտորեն կորցրել է իր արագաուժային որակներն ու խաղի ռիթմից դուրս է մնում։ Աջ եզրում հանդես եկող Էդգար Մանուչարյանը տակտիկապես գրագետ է գործում, բայց ֆիզիակապես դեռ պատրաստ չէ ամբողջ խաղը նույն ռիթմով անցկացնելուն։

Ինչ մնում է մեր հավաքականի ձախ թևին, ապա այն, ըստ էության, միայն պաշտպանական գործառույթների մասով է գործում։ Գրոհի կամ հակագրոհի ժամանակ ձախ եզր մենք գործնականում չունենք, և թերևս ճիշտ կլինի չհրաժարվել Արտավազդ Քարամյանի ծառայություններից։ Կարճ փոխանցումներով և Հենրիխ Մխիթարյանի պլեյմեյքերությամբ աչքի ընկնող մեր թիմին չէր խանգարի խաբքերի տիրապետող և փոխանցումների որոշակի կուլտուրա ունեցող Արտավազդը, մանավանդ որ, ի տարբերություն նախկին տարիների, մենք հիմա վազող ու պայքարող հարձակման գիծ ունենք՝ ի դեմս Մովսիսյանի և եզրից սուր փոխանցում անող ֆուտբոլիստը միայն կավելացնի հարձակման թափը։

Ժամանակը ցույց կտա, թե որքանով հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը կկարողանա օգտագործել մրցաշարային դադարն ու շտկումներ մտցնել թիմի խաղում։ Մնում է միայն հուսալ, որ մարզչին ու թիմին չեն խանգարի։ Բայց հաշվի առնելով հայկական իրականությունը՝ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հիմա էլ փորձելու է մեր հավաքականի տղաներին սարքել իր PR բաղադրիչը և համը հանել, ինչպես որ եղավ շախմատիստների պարագայում։ Մեր օլիմպիական չամպիոններին այնքան այս ու այն կողմ տարան, և նրանց դարձրին քարոզչական պաստառների համար նկարվող դեմքեր, որ բուն շախմատին ժամանակ չմնաց։ Արդյունքներն ակնհայտ են։ Մեր շախմատիստներն այս տարի շատ ավելի վատ հանդես եկան։

Սերժ Սարգսյանի խասիաթն է՝ սեփականաշնորհել ու իրենով անել հաղթանակները՝ լինի Շուշիի ազատագրումը կամ շախմատիստների լավ մրցելույթը։

Այդպես եղավ նաև «Հատիս» բասկետբոլային թիմի հետ։ Աղջիկների լավ խաղից հետո նրանց էլ տարան իշխանությունների մառազմատիկ քարոզչադաշտ, և մենք ականատես եղանք բացառապես լեգեոներներով համալրված բասկետբոլային հնգյակի փողոցային մեծադիր վահանակներին, որտեղից ժպտալով մեզ էին նայում սևամորթ ու շիկահեր աղջիկները, իսկ նրանց գլխի վերևում գրված էր. «Մեր անունն է հայկական բանակ»։ Այդ գրությունը տեսնելով՝ հայաստանյան անցուդարձին անծանոթ մեկը կարող էր ենթադրել, թե մեր բանակում ծառայում են միայն աղջիկները, ովքեր հիմնականում դրսից հրավիրված լեգեոներներ են կամ, զինվորական բառապաշարով ասած, «նայոմնիկներ»։

Դառը փորձից ելնելով՝ մտավախություն ունեմ, թե շուտով մեր երիտասարդ ֆուտբոլիստներին Սերժ Սարգսյանը կներգրավի իր քարոզչության մեջ։ Վախենամ, որ փողոցային վահանակներ հայտնվեն, որտեղ պատկերված կլինեն գոլ խփողները, իսկ նրանց գլխավերում գրված կլինի «Իմ զենքն իմ գնդակն է» կամ «Իմ զենքն իմ «բուցին» է» կամ էլ «Մեր անունն է հայկական բանակ» կարգախոսները։

Չի բացառվում, որ «ֆուտբոլային» դիվանագիտությունն այսպիսի կերպարանափոխություն ապրի, ու մենք  ականատեսը դառնանք հերթական «նախաձեռնողականությանը», և կորցնենք հազիվ գտած մեր ֆուտբոլը։

 Մեծ ցանկություն ունեմ սխալվելու իմ կանխատեսման մեջ, բայց դե՝ կապրենք, կտեսնենք։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը