Քաղաքական

13.04.2016 13:29


Շարմազանովն առաջին նախագահից այլ բան չէր էլ սպասում

Շարմազանովն առաջին նախագահից այլ բան չէր էլ սպասում

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին հիշեցվել է, որ նա Լևոն Տեր–Պետրոսյանին անվանում էր քաղաքական թոշակառու և անսկզբունքային գործիչ, իսկ հիմա ողջունում է այդ նույն գործչի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ նշելով, թե դա ներազգային համախմբման նպատակ ունի:

Հարցին՝ կարո՞ղ ենք արձանագրել, որ Սարգսյան-Տեր-Պետրոսյան հանդիպումից հետո ձեր կարծիքը կտրուկ փոխվեց, նա պատասխանել է.

-Իմ կարծիքը կտրուկ փոխվեց գործողության հետ կապված: Ես անձին չէ, որ գնահատական եմ տվել, երևույթին եմ գնահատական տվել և՛ նախկինում, և՛ հիմա: Ես շատ փոքր մարդ եմ, որպեսզի երկրի առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահին գնահատականներ տամ: Ինձ դուր է գալիս թե ոչ, նրանք իմ երկրի նախագահներն են և նախագահի ինստիտուտը, գոնե իմ կողմից, մշտապես արժանացել է հարգանքի: Այսօր ես կրկին երևույթն եմ գնահատում, որը արժանի է հարգանքի: Դա պետական մտածողություն է, որը դրսևորեց առաջին նախագահը: Եթե որևէ մեկը մտածում է, որ դա պետական մտածողություն չէ, ես ցավում եմ:

Շարմազանովը նաև ընդգծել է, որ այլ ճանապարհ չկա, այդպես էլ պետք է լիներ, և ինքն առաջին նախագահից այլ բան չէր էլ սպասում:

«Vesti.am» հարցին՝ այդ ներազգային համախմբման շրջանակներում ՀՀԿ–ն համաձա՞յն է ԼՂ–ի տարածքների հանձնմանը և խաղաղապահների տեղակայման տարբերակին, թե՞ ԼՂ-ի խնդրի լուծման այլ տարբերակ է տեսնում, Շարմազանովը պատասխանել է, որ խաղաղապահների հարցը համապարփակ լուծման մի գործոնն է:

-Խաղաղապահների հարցը, իհարկե, հաջորդելու է կարևորագույն խնդիրները լուծելուց հետո: Հիմնական խնդիրը պատճառների վերացումն է, ոչ թե հետևանքների: Խաղաղապահները պատճառը չեն վերացնելու, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացնում. Ադրբեջանը չի համակերպվում Արցախի ժողովրդի ինքնորոշվելու օրինական պահանջի հետ: Թիվ մեկ խնդիրը կարգավիճակի հստակեցումն է: Շատ լավ է, որ համանախագահները նաև Երևանում նշեցին, որ, այո՛, առանց Արցախի իշխանությունների՝ որևէ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող: Խաղաղապահների թեման ամբողջ հարցի ընդամենը մի շտրիխն է, որը վերջնական փուլում պետք է լինի, և դրան պետք է հասնել,-ասել է նա՝ հավելելով, որ պետք է Ադրբեջանը հասկանա՝ ԼՂՀ ժողովուրդը այլևս երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, որը նաև արցախահայության խոսքն է, իսկ ՀՀ-ն, որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր, պարտավոր է իրականացնել և պահպանել Արցախի ժողովրդի արդարացի պահանջը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպման փակագծերը բացվեցին Տեր-Պետրոսյանի կողմից, և անհրաժեշտություն կա մյուս կողմից էլ իմանալ, թե ինչի մասին են խոսել այդ հանդիպման ընթացքում, այն դեպքում, երբ Ղարաբաղի հարցը ժամանակին շատ հրաժարականների առիթ է դարձել, Շարմազանովը պատասխանել է.

-Նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով տալիս է այն ինֆորմացիան, որն անհրաժեշտ է. ձեզ համար այդ ինֆորմացիան քիչ է, ինձ համար գուցե շատ է,-ասել է նա:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը