Կարծիք

12.04.2016 15:50


Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Սերժ Սարգսյանը պետք է հեռանա

Ապրիլյան պատերազմը մի քանի բան ցույց տվեց.

1. Ծանր պահերին հայ ազգը դառնում է մեկ բռունցք:

2. Սուտ է այն պնդումը, թե մեր պետության համար կռիվ տվող չկա. բոլորն էլ իրենց հնարավորությունների չափով պատրաստ են պայքարել հանուն մեր Հայրենիքի ապագայի:

3. Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը մեզ կանգնեցրել է կոլապսի առջև, և հենց նա է պատասխանատուն այն բանի, որ «մեր զինվորները կռվում են 80-ականների զենքով»: Որքան էլ նա փորձի «տակից» տարածել, թե այդ ամենի մեղավորը Սեյրան Օհանյանն է, մեր հասարակությանը խաբել չի լինի: Բոլորն էլ գիտեն, թե ում ընտանիքն է գիշատչի պես սպանում մեր երկրի տնտեսությունը ու դրանով բանակից փող «կտրում»:

4. Լևոն Տեր-Պետրոսյանը չի փոխել իր տեսակետը Ղարաբաղի հարցի կարգավորման ճանապարհի վերաբերյալ: Նրա մոտեցումը կարելի է ներկայացնել հետևյալ բանաձևով.

«Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»:

Եվ Ղարաբաղի հարցը փուլային տարբերակով լուծելու ճանապարհին նա պատրաստ է նաև իր բնորոշմամբ «մոնղոլ-թաթար» Սերժ Սարգսյանի հետ համագործակցել:

5.Սերժ Սարգսյանը գիտեր, թե ինչ է նրան առաջարկելու Տեր-Պետրոսյանը, բայց գնաց նրա հետ հանդիպմանը, այսինքն՝ նա իր մեջ ընդունում է, որ հնարավոր է հարցը լուծել Տեր-Պետրոսյանի գաղափարների շրջանակներում, այսինքն՝ նա նույնպես պատրաստ է հողեր հանձնել հանուն անորոշ ինչ-որ ձևակերպումների:

6. Քանի դեռ երկու նախագահները զբաղված են «ազգանվեր» գործով, Ռոբերտ Քոչարյանը հստակորեն գիտակցում է, որ մեզ շատ շտապ պետք է վերազինել մեր բանակը ու կոնկրետ հիմա լծված է այդ գործին:

7. Սամվել Բաբայանը 3 տարի առաջ Սերժ Սարգսյանին զգուշացրել էր, թե ինչ է մեզ սպասվում, սակայն ասողին լսող է պետք: Իսկ նա, ով պետք է լսեր, այս տարիների ժամանակ զբաղված էր իր անձնական հարցերի լուծմամբ՝ ավելացնել ընտանեկան կապիտալը, փոխել Սահմանադրությունը, կեղծել ընտրությունների արդյունքները, վաճառել «Որոտանը» և այլն:

8. Ամենակարևոր հետևությունը՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, ու որքան շուտ դա անի, այնքան լավ: Նրա՝ իշխանության ղեկին մնալը վտանգում է մեր երկրի պետականությունը, մեր ազգի իրապես ապահով ապագան: Սակայն հեռանալը պետք է լինի մաքսիմալ հանգիստ ու խաղաղ, քանզի դա է պահանջում մեր երկրի շահը:

Սեւակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը