Կարծիք

12.04.2016 14:45


Ս. Սարգսյանի կառավարման յուրաքանչյուր օրն ավելացնում է ապագա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

Ս. Սարգսյանի կառավարման յուրաքանչյուր օրն ավելացնում է ապագա պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը

Մինչև հայ հասարակությունը Սերժ Սարգսյանին չընկալի որպես Հայաստանի թշնամի, ինչպիսին Ալիևն է, մեր երկրի ապագան վտանգված կլինի․․․
Այո՛, այս վերջին դեպքերը ցույց տվեցին մեր բանակի մարտունակությունը, մեր զինվորների ու սպաների անձնազոհ քաջությունը։ Բայց պատերազմում հույս դնել միայն զինվորների քաջության և անձնազոհության վրա խիստ վտանգավոր է։ Պատերազմով կյանքը չի ավարտվում։
Այն, որ Սերժ Սարգսյանի ցինիզմը սահմաններ չունի, թերևս նորություն չէ, բայց նրա հայտարարությունը 80-ականների զենքի մասին զարմացրեց նույնիսկ ինձ․․․մարդ ինչպիսի անբարոյական տականք պետք է լինի, որ նման բան ասի։ Այն, ինչ տեղի ունեցավ, կանխատեսելի և տրամաբանական էր, և որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին նման մեղադրանք չի կարելի ներկայացնել, քանի որ Սերժ Սարգսյանը նաև այն աստիճանի սրիկա է, որ ԼՂՀ կառավարությանը վարկ է հատկացնում 8% տոկոսադրույքով) ոչինչ չէին ձեռնարկել դա կանխելու նպատակով, հավասար է ազգային դավաճանության։
Դրա մասին այս օրերին շատ է խոսվել, բայց, միևնույն է, պետք է ասեմ․ երբ փաստացի պատերազմի մեջ գտնվող պետության դեֆիցիտային բյուջեից 50 մլն դոլար է հատկացվում ֆիննախի հանգստյան տուն կառուցելու համար, դա ազգային դավաճանություն է։ Երբ մոտ նույնքան գումար է հատկացվում նմանատիպ հանգստյան տուն կառուցելու համար ԿԲ-ի համար, դա նույնպես դավաճանություն է։ Այն, որ Հայաստանում հազարից ավելի չինովնիկական մեքենա կա, դա նույնպես դավաճանություն է։ Քեթրինի Միհրանի գոյությունն ինքնին ազգային դավաճանություն է։ 24% ԱԱՀ-ն այդ նույն դավաճանությունից է։
Վերլուծելով Սերժ Սարգսյանի կառավարման տարիները՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդը միտումնավոր է կործանում Հայաստանը։ Չնայած դա միամտություն է, իսկ իրականությունը թերևս ավելի վատ է․ նա ուղղակի թքած ունի, թե իր սեփական բարեկեցության և հարստացման համար Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ինչ գին կվճարեն․․․Մենք էլ լուռ հետևում ենք։ Սերժ Սարգսյանի կառավարման յուրաքանչյուր օրն ավելացնում է ապագա անխուսափելի պատերազմում հայկական կողմի զոհերի թիվը։

Նարեկ Սանթուրյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը