Կարծիք

12.04.2016 13:25


Մեկ հարցում կարելի է իսկապես մեղադրել Քոչարյանին

Մեկ հարցում կարելի է իսկապես մեղադրել Քոչարյանին

Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցում առաջին նախագահը փաստացի փորձեց անդրադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը՝ նրա կատարյալ ձախողումները վերագրելով «Ռոբերտ Քոչարյանի ծանր ժառանգությանը»: Իմաստ չկա մեկնաբանել քաղաքական կոմերսանտի անհեթեթ ձևակերպումները, բայց մեկ հարցում կարելի է իսկապես մեղադրել Քոչարյանին: Դա այն է, որ 1998-ի իշխանափոխությունից հետո, երբ որ ողջ ժողովուրդը պահանջում էր քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր–Պետրոսյանի խայտառակ ժառանգությանը, Քոչարյանը մերժեց դա:

Տեր-Պետրոսյանը Հայաստանում ընտրակեղծիքների հիմնադիրն է, տնտեսության համապարփակ թալանի և փոշիացման, կոռուպցիայի և այլասեռման հիմնադիրը: Մարդ, ով լինելով Ղարաբաղ կոմիտեի անդամ, Ղարաբաղի կարգախոսի վրա իշխանության եկած, 92 թվականին «Կոմսոմոլսկայա պրավդայում» նշում էր, որ համաձայն է, որ Ղարաբաղը ինքնավարության կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում: Այս ամենից հետո այս անձը խոսում է ինչ-որ մեկի ծանր ժառանգության մասին, բայց մեկ բանում նա ճիշտ է: Եթե մարդը հրաժարվում է զբաղվել քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում մարդով: Սա դասագրքային ճշմարտություն է:

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց քաղաքական գնահատական տալ Տեր-Պետրոսյանի ծանր, խայտառակ ժառանգությանը, որի պատճառով էլ այսօր ստանում է այսպիսի գնահատականներ նույն Տեր-Պետրոսյանի և նրա նմանների կողմից: Եվ այս հարցում գլխավոր մեղավորը հենց Քոչարյանն է: Պատճառն այն է, որ եթե մարդը մերժում է զբաղվել քաղաքականությամբ և մերժում է իրական գնահատական տալ խայտառակ գործիչներին, ապա վերջում նրանք անամոթաբար քաղաքական գնահատական են պահանջելու իրենից: Եվ այստեղ արդարության մասին խոսելն անիմաստ է, որովհտև եթե դու արդարացի չես գնահատում տապալված գործիչներին, ապա նրանք իրավունք են ստանում գնահատել քեզ: Դրա համար ոչ մեկից չի կարելի նեղանալ:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը