Այդքան կորուստ չէինք ունենա, եթե Ս. Սարգսյանը բարի լիներ դրական արձագանք տալ Ս. Բաբայանի նամակին
Ցավալի է, որ բոլոր այն այրերը, ովքեր մեծ ներդրում կարող էին ունենալ Արցախյան փառավոր հաղթանակից հետո բանակաշինության և նրա ամրապնդման հետագա գործում, կամ սպանվեցին, կամ, ինչպես Սամվել Բաբայանը, ստիպված են գտնվել Հայրենիքից հեռու: Այսօր հրապարակվել է Սամվել Բաբայանի փակ նամակը Սերժ Սարգսյանին, որը գրվել էր 3 տարի առաջ, 2013 թ. ամռանը՝ Սերժ Սարգսյանի եվրաասոցացման թեժ փուլում, որը, սակայն, ավարտվեց ԵԱՏՄ-ի նկուղում հայտնվելով: Սակայն դրա մասին չէ, որ ուզում եմ գրել: Նամակում Սամվել Բաբայանը նախազգուշացրել է Սերժ Սարգսյանին իրատեսական զարգացումների մասին: Նշելով ՀՀ և ԼՂՀ անվտանգության սպառնալիքները՝ նա նաև դրանց դիմակայելու անհրաժեշտ քայլերի մասին է գրել: Մասնավորապես, դեռ երեք տարի առաջ Սամվել Բաբայանը կարևորել է հայոց բանակի արդիականացման անհրաժեշտությունը: Լինելով հմուտ հրամանատար և ռազմական գործի գիտակ, նա շատ լավ հասկանում էր, որ զոհերից խուսափելու և մեզ համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում պարտադրելը հնարավոր է միմիայն ժամանակակից զենքի շնորհիվ: Մենք այդքան կորուստ չէինք ունենա, եթե Սերժ Սարգսյանը բարի լիներ դրական արձագանք տալ Սամվել Բաբայանի նամակին:
Հ. Գ. Երկար տարիներ Սարգսյանը և նրա վարչակազմը ժողովրդին համոզում էին, որ բանակին զգալի միջոցներ են ուղղվում: Այդ թվում՝ զենքի գնման համար, բայց պարզվեց, որ ոչինչ էլ չի արվել: Զենք են գնել, բայց ինչ զենք՝ հին, 80-ականների:
Հ. Գ. Մշտապես նշել եմ, որ Սերժ Սարգսյանի ոչ կոմպետենտ լինելու պատճառով չպետք է մեր զինվորներն իրենց կյանքով պատասխան տան:
Այդքան կորուստ չէինք ունենա, եթե Ս. Սարգսյանը բարի լիներ դրական արձագանք տալ Ս. Բաբայանի նամակին