Քաղաքական

11.04.2016 15:39


ՌՀՄ հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

ՌՀՄ հայտարարությունը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ

Ռուսաստանի հայերի միությունը խիստ մտահոգություն է հայտնում՝ կապված ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետ այն մասին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:

Ինչպես հայտնի է, ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական ուժերը մի շարք ռազմական հանցագործություններ իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ազգաբնակչության և գերիների նկատմամբ: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հանդեպ վերջին օրերին ծավալած ռազմական գործողություններն իրականացվել են ռուսական ռազմական տեխնիկայի կիրառմամբ:

Մի կողմից ադրբեջանական ագրեսիայի լայնամասշտաբ դատապարտումը միջազգային հանրության կողմից, ու ԵԱՀԿ Մինսկի խմբի, և, հատկապես, Ռուսաստանի միջամտությունը մյուս կողմից, ագրեսորին ապրիլի 5-ին պարտադրեցին հաշտեցման գնալ: Այդ օրերին ռուսական իշխանությունները ակտիվացրեցին իրենց միջնորդական ջանքերը ռազմական բախումների դադարեցման, լայնամասշտաբ պատերազմի բացառման և բանակցային գործընթացի վերականգնման համար, ինչը դրականորեն ընդունվեց Հայաստանում և աշխարհի բազմամիլիոն հայկական սփյուռքի կողմից:

Սակայն, Ռուսաստանի ցանկության բացակայությունը՝ հրաժարվել զինել մի երկիր, որը պատերազմ է մղում ՌԴ-ի երկար տարիների դաշնակցի՝ այն պետության դեմ, որը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ է, բողոքի ալիք է բարձրացրել Հայաստանում և Ռուսաստանում, և, ցավոք, Հայաստանում հակառուսական տրամադրությունների բռնկման առիթ դարձել, որը հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում Ռուսաստանի ռազմական և քաղաքական հուսալի դաշնակից լինելու սկզբունքներին չդավաճանած միակ պետությունն է եղել:

Ռուսաստանի դիրքորոշումն առավել քան անհասկանալի է ՌԴ վարչապետի այն հայտարարության համատեքստում, որ Ադրբեջանը պատերազմում է Թուրքիայի աջակցությամբ: Հիշեցնենք, որ Թուրքիայի հետ սիրախաղը և նրա իրական բնույթը ճանաչելու ցանկության բացակայությունը Ռուսաստանին հանգեցրին նրան, որ չնայած երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված նրբանկատ պայմանավորվածություններին՝ Թուրքիան դանակ խրեց Ռուսաստանի թիկունքին: Հայ ժողովրդի նկատմամբ հարյուր տարի առաջ ցեղասպանություն իրականացրած այդ երկիրն այսօր էլ, չնայած բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից դատապարտմանը, հետևողականորեն շարունակում է իր քաղաքականությունը:

Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի բնական դաշնակից, այսօր նմանօրինակ քաղաքականություն է իրականացնում՝ ազգային հերոսների շարքին դասելով սպայի, ով սպանել էր քնած իր հայ գործընկերոջը, ում հետ նա Բուդապեշտում վերապատրաստում էր անցնում ՆԱՏՕ-ի ծրագրով: Կամ էլ նրանց, ովքեր սոցիալական ցանցերում հրապարակում են իրենց լուսանկարները՝ հայ զինվորների կտրված գլուխներով:

Կարծում ենք, որ Ադրբեջանի հետ ներկայիս սիրախաղը կարող է հանգեցնել այն բանին, որ իրենց իրական դաշնակցին՝ Թուրքիային հետևելով, նա կարող է «դանակ խրել» Ռուսաստանի թիկունքին՝ միայն այն տարբերությամբ, որ դա կլինի «դանակ», որը նրան վաճառել է Ռուսաստանը:

Հայաստանին Ռուսաստանի հետ կապում են ոչ միայն ռազմավարական և դաշնակցային հարաբերությունները, այլև դարավոր եղբայրական զգացմունքները, որոնք ստուգվել են ժամանակի և փորձությունների միջոցով: Հենց Ռուսաստանի հանդեպ ունեցած անկեղծ վերաբերմունքի պատճառով հայ հանրությունը, ռուսական հանրության աջակցությամբ, այսօր կոչ է անում Ռուսաստանին ոչ միայն հավատարիմ մնալ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ անվտանգության համաձայնագրին (1 հոդվածի համաձայն ՝ անդամները չպետք է մասնակցեն մյուս անդամ-պետության դեմ ուղղված միություններին և գործողություններին), այլև իր վարած քաղաքականությունում առաջնորդվել բարոյականության և արդարության նորմերով:

Մենք համոզված ենք, որ արդարությունը Ռուսաստանի համար լավագույն քաղաքականությունն է. Ռուսաստանը մյուսների, առավել ևս՝ իր դաշնակիցների հանդեպ արդար լինելով միայն կարող է ապավինել իր նկատմամբ վերաբերմունքին՝ որպես համաշխարհային գերտերության, որն այսօր աշխարհի շատ ազգերի համար դարձել է պաշտպանության և արևմտյան միաբևեռության հակազդեցության խորհրդանիշ:

Ռուսաստանի հայերի միություն

Այս խորագրի վերջին նյութերը