Քաղաքական

11.04.2016 14:41


Մ. Հակոբյան. «Հակառակորդը գործել է գաղտնի, գիշերով»

Մ. Հակոբյան. «Հակառակորդը գործել է գաղտնի, գիշերով»

Ղարաբաղյան շփման գծում կրակի դադարեցման առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, եւ արդյոք Մոսկվայում ձեռք բերված բանավոր համաձայնությունը կարո՞ղ է տեւական լինել, Հակոբյանն արձագանքել է․

«Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ եւս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը եւս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադար»:

«Ինչքան կտեւի այս իրավիճակը՝ կանխատեսել մի քիչ ավելի դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը եւ հայկական Զինված ուժերը այսուհետ եւս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ՝ հակառակորդը այս գործողություններից հետեւություն կկատարի, եւ եթե եւս մեկ անգամ փորձի նման ձեւով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, պատասխանը կլինի ավելի կոշտ եւ ավելի խիստ», - շեշտել է Հակոբյանը:

«Մեր հետախուզությունը տեղեկություն ուներ, բայց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը բավականին երկար է, եւ կոնկրետ որ ժամին որտեղ է լինելու, իհարկե, դա կռահելը մի քիչ ավելի դժվար է: Բայց այն, որ մենք կանխատեսել էինք եւ գիտեինք, որ հակառակորդը դիվերսիոն գործողությունների միջոցով փորձելու է անցնել հարձակման, այդ տեղեկությունը մեր Զինված ուժերը ունեցել են եւ համապատասխան միջոցառումներ իրականացրել են»,-ասել է նա՝ հավելելով.

«Իրենց մտադրությունը՝ մինչեւ Ստեփանակերտ հասնելը, երազանքի ոլորտից է, որովհետեւ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ կռվելու է այնտեղ, որտեղ ամեն մի կտոր հողի համար կա զինվոր, եւ մարտնչելով՝ հակառակորդին այդ հնարավորությունը երբեք չի ընձեռելու: Հակառակորդը գործել է գաղտնի, գիշերով` դիվերսիոն երկու հատուկ նշանակության բրիգադի ուժերով եւ փորձել գործել չորս ուղղություններով, սակայն Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները մարտի են բռնվել եւ կանգնեցրել հակառակորդի առաջխաղացումը: Մեր պաշտպանությունը բազմաշերտ է եւ հակառակորդն այս գործողությունների ընթացքում դա հասկացավ»:

Մովսես Հակոբյանի խոսքով՝ հայկական բանակն ուժեղ եւ պատրաստված է, եւ դա ապացուցվեց շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի ունեցած հաջողություններով:

«Մեր երիտասարդները, բանակն ապացուցեցին, որ իրենք այն տղաների զավակներն են, որոնք 94թ. հաղթանակ են կերտել եւ փոխանցել իրենց: Իրենց գործողություններով ապացուցեցին, որ առավել են 92-94թ. ավագ սերնդից»,-ասել է նա՝ հավելելով, որ մեր ժամկետային զինծառայողները եւ մասամբ պայմանագրային զինծառայողները դիմագրավել են հակառակորդի հատուկ պատրաստված բրիգադաներին:

«Տեսել եք մեր զինվորների սխրագործությունները, մեր հրամանատարների կայացրած որոշումները, որոնք միայն հպարտանալու առիթ են տալիս: Կարծում եմ, որ հակառակորդն այս ամեն ինչից հետեւություններ արեց եւ եթե նման ձեւով կրկին փորձի հարձակվել Արցախի վրա, ավելի խիստ պատասխան կստանա»,-ասել է նա:

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը