Քաղաքական

13.10.2010 13:06


Ըստ ՀՀԿ–ականի՝ Գագիկ Ծառուկյանը գեներալ չի՞ կարող դառնալ

Ըստ ՀՀԿ–ականի՝ Գագիկ Ծառուկյանը գեներալ չի՞ կարող դառնալ

Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին՝ այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հայտարարել է, թե աշխատանքային տարաձայնություններ, իհարկե, կարող են լինել։

-Ընդհանուր առմամբ՝ դրա լավագույն բնութագիրը տվել է Սամվել Բալասանյանը Պետրոսի մոտ հյուր եղած ժամանակ՝ ասելով հետևյալը, որ ցանկացած զինվոր ուզում է գեներալ դառնալ, և դրանով իսկ բնութագրել է այսօրվա կարգավիճակը և իրենց ցանկությունները։ Բայց դե ոչ բոլոր զինվորներն են գեներալ դառնում։ Իսկ կոալիցիայի մասով էլ ասեմ՝ կան աշխատանքային տարաձայնություններ, դրանք միմիայն աշխատանքային են, որովհետև եթե ավելի լուրջ տարաձայնություններ ունենային մեր կոալիցիոն գործընկերները, իրենք ուղղակի դուրս կգային կոալիցիայից։

«7օր»-ի հարցին, թե այսինքն Գագիկ Ծառուկյանը չի՞ կարող դառնալ «գեներալ», Կ. Ավագյանը պատասխանել է.

-Սամվել Բալասանյանից կհարցնեք։

-Սամվել Բալասանյանի՞ց հարցնեք Ձեր կարծիքը։ Պատասխանեք, խնդում եմ։ Ըստ՝ Ձեզ Գագիկ Ծառուկյանը «գեներալ» դառնալ չի՞ կարող։

-Ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել,-ասել է ՀՀԿ-ական պատգամավորը։

Նա նաև անդրադարձել է այն խոսակցություններին, թե նախընտրական քարոզարշավն արդեն սկսվել է։

-Դա նման է վազքի մրցումների, ըստ իս։ Նշանակություն չունի, թե ո՞վ ինչպե՞ս է սկսում, նշանակություն ունի այն, թե ո՞ւմ քաղաքական շնչառությունը կհերիքի հատել եզրագիծը։ Եվ հավատացնում եմ ձեզ, 2012-13թթ. քաղաքական շքերթը գլխավորելու է Հանրապետական կուսակցությունը, որովհետև, ըստ իս, 1,5-2,5 տարիների ընթացքում չի ձևավորվի այն քաղաքական միավորը, որը կկարողանա Հանրապետական կուսակցության հետ մրցակից լինել։ Էլի սպորտի լեզվին անդրադառնամ՝ սպորտում կան տարբեր քաշեր, ՀՀԿ-ն այսօր քաղաքական դաշտում գրավում է գերծանրքաշային կատեգորիան,-նշել է Կ. Ավագյանը։

Արձագանքելով Կարեն Ավագյանի վերոնշյալ հայտարարություններին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «7օր»-ին ասել է.

-Կրկին խորհուրդ պետք է տամ հանրապետական իմ գործընկերներին՝ եթե կոնկրետ ասելիք ունեն «Բարգավաճ Հայստանին», ապա հստակ ձևակերպեն իրենց ասելիքը, այլապես ՀՀԿ խմբակցության տարբեր անդամներ զբաղված են անհասկանալի հռետորաբանությամբ, իսկ նույն այդ ժամանակ ՀՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները, մասնավորապես խմբակցության ղեկավարը, հերքում են, թե այդ ասածներն ուղղված են ԲՀԿ-ին։ Ի վերջո, եթե ինչ-որ մտահոգություն ու անհանգստություն ունեն ՀՀԿ մեր գործընկերները, ապա ճիշտ կլինի համարձակություն ունենան դրանք հստակ ձևակերպելու, մենք էլ իմանանք՝ կոնկրետ ո՞ւմ և ինչի՞ն ենք պատասխանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը