Քաղաքական

08.04.2016 16:06


Երվանդ Բոզոյան. «Ալիևին պատերազմը օդի ու ջրի նման պետք էր»

Երվանդ Բոզոյան. «Ալիևին պատերազմը օդի ու ջրի նման պետք էր»

1994-ից մինչ օրս մենք միշտ էլ սպասում էինք, որ Ադրբեջանն ինչ-որ մի պահի կսկսի այս գործընթացները, որովհետև առկա ստատուս քվոյից դժգոհ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն այս ժամանակահատվածում նավթադոլարների հաշվին փորձում էր ուժեղացնել իր բանակը:

Երվանդ Բոզոյանն ասել է, որ բանակցային գործընթացի հիմքում դրված էր 1994-ի հրադադարի պայմանագիրը, որը մեզ ձեռնտու էր, և Ադրբեջանը հասկանում էր, որ իրավիճակը փոխելու համար պետք է սկսի նոր պատերազմ, ունենա հաջողություններ և դիվանագիտական ասպարեզում դրանք ամրագրի.

-Բանն այն է, որ մինչև վերջին 2 տարվա ընթացքում Ադրբեջանը նավթադոլարների հաշվին զարգանում էր, և ասում էին, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, և երբ զգան, որ շատ են ուժեղացել, հարձակվելու են: Բայց վերջին 2 տարիների ընթացքում նավթի գինը կտրուկ անկում ապրեց, իսկ Ադրբեջանի բյուջեի 90 տոկոսը ձևավորվում էր նավթադոլարներից, Ադրբեջանը պատրաստ չէր դրան, և ժողովրդի մոտ առաջացավ դժգոհություն: Բոլոր այն կառույցները, որոնք կարող էին դրանք կապիտալիզացնել, Ալիևը փակեց, որպեսզի իրեն պաշտպանի պոտենցիալ դժգոհություններից, որից հետո խոր դժգոհություններ եղան Արևմուտքի կողմից,-ասել է քաղաքագետը՝ ավելացնելով, որ Ալիևը հայտնվեց ծանր կացության մեջ և հասկացավ, որ կանգնած է կարմիր գծի մոտ, և այն անցնելու դեպքում իր ռեժիմը կարող էր չդիմանալ:

Երվանդ Բոզոյանը նշել է՝ դրանից հետո Ալիևը հասկացավ, որ պետք է մի փոքրիկ հաղթանակ, որպեսզի կարողանա իր վարկանիշը բարձրացնել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակեց, Արևմուտքի հետ հարաբերությունները չփչացրեց և ժողովրդին ցույց տվեց, որ ինքն ինչ-որ բան անում է: Քաղաքագետի գնահատմամբ՝ Ալիևին սա օդի ու ջրի նման պետք էր:

Քաղաքագետը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ Ադրբեջանի հարձակումը հրահրել էր Թուրքիան, որովհետև, նրա խոսքով, Թուրքիան միշտ պատրաստ է ռազմական մակարդակով աջակցություն ցույց տալ, աջակցեց նաև քաղաքական մակարդակով, բայց դրանից ավելի նա աջակցություն չի կարող ցույց տալ, քանի որ կհանդիպի Ռուսաստանին.

-Պատերազմի մասին քաղաքական որոշումը կայացրել են Իլհամ Ալիևը և վերջինիս շրջապատը: Համոզված եմ, որ որոշումը կայացվել է հենց Ադրբեջանի կողմից,-ասել է նա:

Երվանդ Բոզոյանի խոսքով՝ մենք մեր հույսը պետք է դնենք մեզ վրա, որովհետև մենք չունենք հովանավոր.

-Ռուսաստանը մեզ կպաշտպանի չափի մեջ. նա պաշտպանում է Թուրքիայից, բայց ոչ Ադրբեջանից, որովհետև հակառակ դեպքում կհայտնվի հակամարտության մեջ Ադրբեջանի հետ: Մենք ունենք զսպող տարրեր Արևմուտքից և Ռուսաստանից, և դրանով էլ պետք է ինքներս մեզ պաշտպանենք,-ասել է նա՝ ընդգծելով, որ եթե մենք նեղանում ենք այն երկրից, որը մեզ չի հովանավորում, չենք էլ հասկանում, թե ինչ ենք պահանջում:

«Vesti.am»-ի հարցին՝ Հայաստանի իշխանությունները դժգոհում են, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառել, բայց ինչո՞ւ իրենք էլ չեն փորձել անել նույնը, այսինքն՝ զենք գնել Ռուսաստանից, քաղաքագետը պատասխանել է, որ կան մի քանի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Նա նշել է, որ Ադրբեջանն իր նավթադոլարների հաշվին ավելի գերհագեցած զենք-զինամթերք կարող է գնել նույն ՌԴ-ից, սակայն մենք դարձանք ՀԱՊԿ անդամ, որպեսզի կարողանանք օգտվել զեղչային պայմաններից.

-Ռուսական բոլոր փորձագետներն ասում են, որ ՌԴ-ն պատրաստ է Հայաստանին մի քանի անգամ ավելի էժան վաճառել նույն զենքը, քան Ադրբեջանին: Հարց՝ Հայաստանն այդպիսի պահանջով ներկայացե՞լ է Ռուսաստանին, թե ոչ: 22 տարվա ընթացքում պետք է ստեղծեինք լիարժեք համակարգ, որի համար պետք է օգտվեինք մեր հնարավորություններից՝ ավելի էժան զենք գնեինք: Տեսեք միայն Երևան քաղաքի ջիպերի քանակը, որոնք հիմնականում պատկանում են օլիգարխներին կամ իշխանության ներկայացուցիչներին,-ասել է նա՝ ընդգծելով, որ այն արժեհամակարգը, որում մենք ապրում ենք, ապագա չունեցող է, բայց պետք է ապրենք այնպիսի արժեհամակարգով, որպեսզի կարողանանք ստեղծել մեր անվտանգության համակարգը:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը