Լրահոս

13.10.2010 12:43


Արցախյան կազմակերպություններ. «Ադրբեջանը փակեց երկխոսության պատուհանը և դիմեց բռնության»

ԼՂՀ տարածքում անցկացվող ԵԱՀԿ դաշտային առաքելության կապակցությամբ Արցախի քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները և ստեղծագործական միությունները նամակով դիմել են ԵԱՀԿ Գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և Մինսկի խմբի համանախագահներին, որը նույն օրը փոխանցվել է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Ստորև ներկայացնում ենք նամակի տեքստը.

ԵԱՀԿ Գործող նախագահ պրն. Սաուդաբաևին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ.

դեսպան Բրադկեին' Միացյալ Նահանգներ

դեսպան Պոպովին' Ռուսաստանի Դաշնություն

դեսպան Ֆասիեին' Ֆրանսիայի Հանրապետություն

Ձեզ դիմելու առիթը այս օրերին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ԵԱՀԿ դաշտային առաքելության իրականացումն է եւ դրա հետ կապված մեր երկրի հանրային-քաղաքական կյանքում շրջանառվող կարծիքներն ու մտահոգությունները:

Հիմնական հարցադրումը, որ հետաքրքրում է ԼՂՀ բնակչությանը' ԵԱՀԿ առաքելության նպատակն է: Եթե իրականում խնդիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում առկա հումանիտար իրավիճակի գնահատումն է, ապա առնվազն անհասկանալի է, թե ինչու՞ է դաշտային առաքելությունն իրականացվում միայն այդ գոտու մեկ հատվածում, տվյալ դեպքում' ԼՂՀ տարածքում:

Գնահատելով ձեր իրազեկվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի նախապատմության մասին, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել տարածաշրջանի ներկայիս հումանիտար իրավիճակի ձևավորման վրա ազդեցություն թողած որոշ փաստեր և իրադարձություններ.

Մարզային լայն ինքնավարությամբ Լեռնային Ղարաբաղի իրավաենթակայությունը Ադրբեջանական ԽՍՀ-ին սահմանվել է Ռուսաստանի կոմունիստական /բոլշևիկների/ կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի արձանագրությամբ:

Մինչ այդ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի հարցի լուծումը վերապահել էր Փարիզի խաղաղության վեհաժողովին:

Այդուհանդերձ, միայն երկու տարի անց, 1923թ, ԼՂ հայ մեծամասնության ներկայացուցիչների և Խորհրդային Հայաստանի համառ պնդումներից հետո, Ադր. ԽՍՀ Կենտգործկոմը հռչակել է Ինքնավար Լեռնային Ղարաբաղի Մարզը, որի սահմաններից, սակայն, դուրս են թողնվել գերազանցապես հայաբնակ և պատմականորեն մեկ ամբողջության մաս կազմող շրջաններ, իսկ Շուշի քաղաքը' զրկվել է մայրաքաղաքի կարգավիճակից:

Սույն միակողմանի և ԼՂ հայ մեծամասնության շահերը ոտնահարող որոշումը խորհրդային իշխանության բոլոր տարիներին հարուցել է դժգոհություններ և բողոքներ, որոնք խորհրդային Ադրբեջանի կառավարության կողմից դաժանորեն բռնաճնշվել են և դարձել հայ բնակչության արտագաղթի պատճառ:

Բավական է ասել, որ Ադրբեջանին բռնակցվելուց հետո, ընդամենը 25 տարում, Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի թիվը կրճատվել է 22 հազարով: Եվ դա այն դեպքում, երբ մարզի ադրբեջանական բնակչությունը նույն ժամանակահատվածում գրեթե եռապատկվել էր:

Լեռնային Ղարաբաղի հանդեպ խտրական վերաբերմունքի մասին է խոսում այն փաստը, որ 1941-45թթ. պատերազմի տարիներին գործող բանակ է զորակոչվել բնակչության ավելի քան մեկ երրորդը' 44 000 մարդ, որի ուղիղ կեսը զոհվել է: Տոկոսային հարաբերակցությամբ' մարդկային նման ահռելի կորուստներ կրել են միայն այն ժողովուրդները, որ ենթարկվել են ֆաշիստական օկուպացիայի և էթնիկ զտումների: Համեմատության համար, կարծում ենք, արժե նկատել, որ ամբողջ Ադր. ԽՍՀ բնակչության միայն շուրջ 20 տոկոսն է զորակոչվել:

Լեռնային Ղարաբաղի հայաթափման խնդիրը մշտապես եղել է Ադրբեջանի պետական քաղաքականության օրակարգում: 2001թ., ընդունելով մի խումբ գրողների, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը պարծենում էր, որ 1969-82թթ., լինելով Խորհրդային Ադրբեջանի առաջնորդ, կարողացել է ԼՂ-ում ժողովրդագրական իրավիճակը <<արմատապես փոխել հօգուտ ադրբեջանցիների>>: Սա այն եզակի դեպքերից է, երբ նախագահ Ալիևը ճշմարտությունն է ասել:

Ներկայում աշխարհի ամենատարբեր երկրներում ապրում են ծա•ումով ԼՂ-ից շուրջ մեկ միլիոն հայեր, որոնց զգալի մասը քաղաքական հետապնդումների, ֆիզիկական ոչնչացման իրական սպառնալիքի և ապրուստի հնարավորություն չունենալու պատճառով ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը:

Էթնիկական վերջին զտումները ԼՂ-ում, նրան հարակից հայաբնակ Շահումյանի շրջանում և Գետաշենի ենթաշրջանում ռազմական ուժի բիրտ կիառմամբ իրականացվել են 1991-92թթ., ինչի հետևանքով ավելի քան 50 000 հայեր հայրենազրկվել են: Ընդհանուր առմամբ, 1988-92 թվականներին, Ադրբեջանից տարհանվել են 420 հազար հայեր, որոնք միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածք և հարստություն են թողել այդ երկրում, չարժանանալով որևէ փոխհատուցման:

Ցավոք, Ադրբեջանը փակեց երկխոսության պատուհանը և դիմեց բռնության: Մեզ այլ ելք չէր մնում, քան, հենվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, անկախություն հռչակել, ստեղծել պետական կառավարման ազգային ինստիտուտներ և դիմակայել ռազմական ագրեսիային, որը ավերածությունների ու տասնյակ հազարավոր մարդկային զոհերի ու զրկանքների պատճառ է դարձել:

Մինչդեռ մարդկային այս, ինչպես նաև հակամարտության գոտու ադրբեջանցի բնակչությանը բաժին ընկած տառապանքներից կարելի էր խուսափել, եթե Ադրբեջանի իշխանությունները տեղաշրջանի հայ մեծամասնության մարդկային իրավունքների նկատմամբ ցուցաբերեին պարզ ընկալունակություն: Այսպիսով, ստեղծված իրավիճակը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետևանք է: Ուստի և մարդկային զրկանքների ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ծանրացած է Ադրբեջանի կառավարության վրա:

Վերջինիս հանցավոր գործելաոճը շարունակվում է և այսօր, ինչն արտահայտվում է Ադրբեջանում ջանադրաբար իրականացվող հայատյաց գաղափարախոսությամբ, սպառազինության ներմուծման ծավալների սրընթաց աճով և ռազմատենչ հայտարարություններով:

Հակամարտող կողմերի միջև միջնորդություն ստանձնած կառույցը, հուսով ենք, գիտակցում է, որ նման գործելաոճը ոչ միայն չի նպաստում ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, այլև հրահրում է նոր պատերազմ:

Մենք ստիպված ենք կրկին հիշեցնել, որ ստեղծված իրավիճակում, երբ Ղարաբաղյան կողմը զրկված է բանակցային գործընթացին լիարժեքորեն մասնակցելու հնարավորությունից, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման դեպքում, հետևանքների համար նորից պատասխանատու է լինելու Ադրբեջանը և խաղաղ կարգավորման առաքելություն ստանձնած կառույցը: Ուստի, ակնկալում ենք, որ ձեր հետագա միջնորդական ջանքերը ոչ թե կքաջալերեն նոր արյունահեղության մոլուցքով տառապող Ադրբեջանի հիվանդ երևակայությանը, այլ կսթափեցնեն նրան և կնպաստեն քաղաքակիրթ երկխոսության միջավայրի ձևավորմանն ու խնդրի խաղաղ հանգուցալուծմանը:

«Ազատ հայրենիք» կուսակցություն

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

Հայ Յեղափոխական դաշնակցության Արցախի կազմակերպություն

Արցախի Արմենական կուսակցություն

ԼՂ կոմունիստական կուսակցություն

Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների հարազատների  միություն

Արցախյան պատերազմում անհայտ կորած զինծառայողների     հարազատների միություն

«Հելսինկյան նածաձեռնություն-92» ԼՂ կազմակերպություն

Արցախի գրողների միություն

Արցախի ժուռնալիստների միություն

ԼՂՀ նկարիչների միություն

Արցախի մտավորականների միություն

Արցախյան պատերազմի վիրավոր ազատամարտիկների «Վիտա» կազմակերպություն

ԼՂՀ փախստականների միություն

Պատերազմի և աշխատանքի վետերանների միություն

ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը