Քաղաքական

07.04.2016 16:40


ԱՄՆ Հայոց թեմի հիմնադրամին Արա Աբրահամյանը 100.000 դոլար է նվիրաբերել

ԱՄՆ Հայոց թեմի հիմնադրամին Արա Աբրահամյանը 100.000 դոլար է նվիրաբերել

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմը` թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, հիմնադրել է հումանիտար օգնության հիմնադրամ` Արցախի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և վերջին օրերին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների հետևանքով տուժած ընտանիքների համար:

Ապրիլի 4-ին թեմակալ առաջնորդը հանդիպումներ է ունեցել հայ համայնքի մի շարք ղեկավարների և բարերարների հետ, ովքեր ընդառաջելով նրա կոչին՝ իրենց զորակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանի Հանրապետությանը: Ժամերի ընթացքում հիմնադրամին է փոխանցվել շուրջ $300,000 գումար:

Հրավիրված խորհրդին մասնակցել է նաև Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը, ով իր կողմից նվիրաբերել է 100.000 դոլար: Խորհրդի ընթացքում Արա Աբրահամյանը հանդես է եկել ԼՂՀ վերաբերյալ երեք առաջարկությամբ:

Արա Աբրահամյանը հորդորել է միավորվել և հնարավորինս շատ օգնություն ցուցաբերել ԼՂՀ-ին՝ ֆինանսական և այլ տարբերակներով: Նա կոչ է արել հայկական բոլոր կազմակերպություններին և համայնքներին օգտագործել իրենց հնարավորությունները համաշխարհային հանրությանը, օտար պետությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին և հասարակությանը հասցնել օբյեկտիվ տեղեկատվություն՝ հակամարտության գոտու իրավիճակի վերաբերյալ, տեղեկացնել, թե իրականում ինչ է եղել Արցախում, ինչպես է Ադրբեջանը հարձակվել հայկական կողմի վրա, ինչ ագրեսիա է ցուցաբերել:

Բացի այն, որ հիմա իրենք հանդիպում են պետական պաշտոնյաների, կոնգրեսականների հետ,Արա Աբրահամյանը կարևորել է նաև մամուլի ասուլիսի հրավիրումը՝ ընդգրկելով ավելի լայն զանգվածներ և հեռուստատեսության միջոցով կրկին հաղորդել վերը նշվածն ու Ադրբեջանից պահանջել դադարեցնել պատերազմը ու այս ագրեսիայի համար նրա դեմ կիրառել պատժամիջոցներ: Արա Աբրահամյանը նշել է, որ պետք է լինի միջազգային երաշխավորում, որ երբեք պատերազմը չի կրկնվի, որովհետև Ադրբեջանը մի բան ասում է, մեկ այլ բան անում: Մամուլի ասուլիսը հավանաբար տեղի կունենա ապրիլի 15-ին:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահը նաև ասել է, որ եթե պատերազմ սկսվի, հայերն իրենց ողջ ներուժը պետք է օգտագործեն և պահանջեն տերություններիից ԼՂՀ անկախության ճանաչումը. ռուսաստանահայերը պահանջեն, որպեսզի Ռուսաստանն ընդունի ԼՂՀ անկախությունը, ամերիկահայերն Ամերիկայում նույնը պահանջեն և այդպես ողջ աշխարհում, բացի այդ ԼՂՀ-ին ամեն կերպ պետք է աջակցել անվտանգության առումով: Նա նաև նշել է, որ առաջին հերթին Հայաստա՛նը պետք է ընդունի ԼՂՀ անկախությունը և ամեն կերպ աջակցի նրան, ապահովի անվտանգությունը:

Արա Աբրահամյանը կարևորել է կոնգրեսականների խմբի ձևավորումը, որպեսզի նրանք բաձրացնեն ԼՂՀ-ի խնդիրը և քննադատեն Ադրբեջանի վարած քաղաքականությունը: Բոլոր առաջարկություններն ընդունվել են ներկաների կողմից:

Բացի այդ, Արա Աբրահամյանը նշել է, որ իրենց ողջ ջանքերը ուղղելու են հանուն մտավոր, նյութական, քաղաքական, ֆինանսական, տեղեկատվական և այլ ռեսուրսների կոնսոլիդացիայի՝ ԼՂՀ-ի և Հայաստանի քաղաքացիների անվտանգության, իրավունքի և ազատության պաշտպանության նպատակով, ու դրա համար էլ իր կողմից որոշում է կայացվել հատուկ հաշիվ բացել և ֆոնդ ստեղծել՝ ի աջակցություն ԼՂՀ-ի:

Արա Աբրահամյանն ասել է, որ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր օգնության և աջակցության կարիք ունեն և չպետք է նրանց թողնել այդ վիճակում, նրանք չեն մոռացվելու, այդ դրամահավաքը լինելու է շարունակական և փոխանցվելու է քաղաքացիներին՝ ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների միջոցով:

Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահի այդառաջարկը բավական լավ արձագանքների է արժանացել և հազարավոր մարդիկ զանգահարում են անձամբ իրեն և ցանկանում են գումար փոխանցել:

Աղբյուրը՝ Vesti.am

Այս խորագրի վերջին նյութերը