Հարցազրույց

02.12.2009 23:45


Արման Վարդանյան.

Արման Վարդանյան.

Հարցազրույց Երևան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Վարդանյանի հետ

-Երևանի ավագանու նիստում տարաձայնություններ էին արձանագրվել ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների միջև։ Այսօր տեղի է ունեցել հերթական նիստը։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում նշված է, որ ավագանին քվեարկությամբ ընդունել է օրակարգի բոլոր հարցերը, որոնցից երեքը՝ միաձայն, իսկ դրույքաչափեր սահմանող նախագիծը՝ 12 ձեռնպահով: Նշանակո՞ւմ է արդյոք, որ նախկին տարաձայնությունները հաղթահարված են, և այսօրվա նիստում ամեն ինչ հարթ է ընթացել, թե՞ «ձեռնպահ» քվեարկությունը տարաձայնության մասին է վկայում։

-Խնդիր կար Երևանի մասին օրենքի 37-րդ հոդվածի հետ կապված։  37-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ ավագանու նստաշրջանների ընթացքում ավագանու կանոնակարգով երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում քաղաքապետը, քաղաքապետի տեղակալները և քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանում են ավագանու անդամների բանավոր հարցերին։ Արդեն անցել է ավելի քան 3 ամիս, և որևիցե նման նիստ չի եղել, իսկ դա ոչ թե ավագանին պետք է նախաձեռնի, այլ օրենք է։ Այսինքն, այստեղ հստակ օրենքի տառի խախտում է, որի մասին ես այսօր բարձրաձայնել եմ, թե ինչու  չի արվում։ Քաղաքապետն ընդամենն ասաց՝ եկեք նախաձեռնեք, անենք։ Ես ասացի, որ դա չպետք է նախաձեռնել. դա ընդամենը պետք է անել։ Օրենքի տառը պահպանելու համար պետք չէ նախաձեռնել. դա օրենք է, և դա պետք է ժամանակին անել։

-Սա միա՞կ խնդիրն է եղել։

-Երկրորդ խնդիրը տեղական տուրքերին է վերաբերել։ Այստեղ մենք առաջարկ ունենք մոտավորապես 7-8 փոփոխությունների մասին։ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովում ներգրավված մեր խմբակցության ավագանիների կողմից այդ առաջարկները ներկայացվել են, բայց չեն ներգրավվել եզրակացության մեջ։ Մեզ համար դա «նոն սենս» է, անհասկանալի, մանավանդ երբ մեր առաջարկները լսելուց հետո պարոն քաղաքապետը դրանք ընդունեց լրիվ հիմնավոր։ Այդ փոփոխությունները վերաբերում էին հետևյալին՝ հաշվի առնելով ֆինանսական և ընդհանուր ճգնաժամը՝ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի մեր անդամների կողմից առաջարկ էր արվել գոտեվորումն անել ի նպաստ երևանցու, այլ ոչ թե վերցնել Երևանի գրեթե մեծ մասը և մտցնել առաջին գոտու տակ։ Սա հանգեցնում էր նրան, որ, օրինակ, Ավանի Աճառյան փողոցի կրպակը կամ խանութը ծխախոտի և օղու համար եռամսյակը մեկ նախկինում վճարել է 7.500 դրամ տուրք, իսկ հիմա իրենք վճարում են մինչև 30 հազար դրամ։ Այդ 400% ավելացումն ամենաքիչը տրամաբանական չէ։ Օրնակ՝ փոքր կրպակն էլ պետք է տարեկան 240 հազար տուրք տա, «Սթար» խանութն էլ։ Դա մեզ համար անհասկանալի է, և դա, ըստ մեր խմբակցության ավագանու և փորձագետների կարծիքի, կբերի նրան, որ մանր բիզնեսը լրիվ կոչնչանա, փոքր կրպակները, խանութները, որոնց միջոցով մարդիկ ուղղակի իրենց գոյատևման խնդիրն են լուծում, կփակվեն։ Մենք դեմ էինք այդ կետերին, բայց մեր առաջարկները մնացել էին օդում, իսկ այսօր, երբ այդ առաջարկները հնչեցվեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի անդամ Պողոս Փլավչյանի կողմից, քաղաքապետը դրանք շատ նորմալ ընդունեց։ Կարդալով այդ փաստաթուղթը՝ նա ասաց, որ շատ ճիշտ կետեր են. անպայման պետք է փոփոխություններ անել։ Իրականում մեզ համար անհասկանալի է՝ եթե դրանք կարելի էր ներառել մինչև դա,ինչո՞ւ նիստին դրանք ընդունվեցին։ Մենք հաճելիորեն զարմացանք քաղաքապետի կառուցողական վերաբերմունքից, որը չէր երևում նախորդ նիստերի ժամանակ։

-Նոյեմբերի 28-ին ՀՀԿ 12-րդ համագումարին մասնակցող Գագիկ Բեգլարյանն ասաց, որ, որպես քաղաքապետ, ավագանիում տարաձայնություններ չի տեսել, և որ քաղաքապետարանում յուրաքանչյուրն աշխատում է այնպես, ինչպես ինքն է կամենում, ինչպես ինքն է պատկերացնում և հասկանում ավագանու աշխատանքները։ Ըստ Ձեզ՝ ավագանու ԲՀԿ խմբակցությո՞ւնն է ավելի լավ աշխատում, իսկ Գագիկ Բեգլարյանը՝ վատ, թե՞ հակառակը։

-Ինքն է՛լ է ավագանի, նախ դրանից սկսենք։ Դա ասելով՝ նա առաջինն ի նկատի ունի հենց ինքն իրեն, որովհետև մարդ միշտ առաջինն իր մասին է խոսում։ Ինքը նաև հաճախ ասել է՝ ես կարող եմ խոսել այն բանի մասին, որ ե՛ս եմ ասել, ե՛ս եմ նշել, կամ ե՛ս եմ հայտարարել։ Հիմա, բերելով նման օրինակ, կարծում եմ՝ նաև ինքն է հաստատում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության աշխատանքային բոլոր դրական մոտեցումներն այս հարցերի լուծմանը։ Մենք ինքներս ենք ասում, որ և՛ ավագանին, և՛ աշխատակազմը ոչ թե պետք է աշխատեն ինչպես ինքն է կամենում և ինչպես ինքն է հասկանում, այլև մեր պայքարը հենց նրանում է, որ ինքն աշխատի այնպես, ինչպես օրենքն է պահանջում։ Մենք աշխատում ենք այնպես, ինչպես օրենքում է գրված՝ պահպանելով օրենքի յուրաքանչյուր տառը և հոդվածը։ Հիմա թե ով ոնց է պատկերացնում....Մեր պայքարն այն է, որ բոլորը պատկերացնեն այնպես, ինչպես կա օրենքը, այլ ոչ իրենց քմահաճույքներով։

-Ի դեպ, «7օր»-ի այն հիշատակմանն ի պատասխան էլ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ավագանու անդամները սպառնացել են վայր դնել իրենց մանդատները՝ Գագիկ Բեգլարյանն ասաց՝այստեղ սպառնացողներ չկան, վախեցողներ էլ չկան։ Այս մասի՞ն ինչ կասեք։

-Ըստ Զիգմունդ Ֆրեյդի՝ յուրաքանչյուր մարդ բարձրաձայնում է այն բանի մասին, ինչի վտանգը կամ մտավախությունը ենթագիտակցորեն ինքն ունենում է։ Իր ասածը կարող եմ մեկնաբանել միայն այդ կերպ։

Զրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը