Քաղաքական

06.04.2016 20:20


Դ. Բաբայան. «Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի»

Դ. Բաբայան. «Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի»

Հայկական կողմն ադրբեջանցի գերիներ չունի։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ շեշտելով, որ հակառակ դեպքում իրենք կդիմեին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։

«Եթե լիներ, մենք կասեինք, բրիֆինգի ժամանակ էլ կասեինք: Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, գերիների հարցով համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, և եթե գերի է ընկնում, անմիջապես Կարմիր խաչին տեղեկացնում ենք»,- ասաց պաշտոնյան։

Բաբայանը նշեց, որ հայկական կողմն իր տարածքում հակառակորդի դիակներ ունի, որոնք պատրաստ է փոխանցել Ադրբեջանին։ ԼՂ նախագահի խոսնակը նաև տեղեկացրեց, որ թե՛ անհետ կորածների և թե՛ դիակների փոխանակման հարցով հայկական կողմը գործընթաց է սկսել։

«Մենք իհարկե, մեր կողմում ունենք դիակներ, գործընթացը կգնա, կտեսնենք՝ ինչ ենք անում։ Դա պրակտիկա է, իմ ասելով չի. այդ գործընթացը ընթանում է նույնիսկ պատերազմի թեժ ժամանակներում։ Հիմա այդ գործընթացը դեռ սկզբնական մասում է, նախ պետք է ճշտվեն այդ անհայտ կորածների ցուցակները»,- հայտնեց Բաբայանը:

Հայկական կողմի տվյալներով՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում քառօրյա ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորել է առնվազն 28 զինվոր։ Այս ցանկը փոփոխական է, ճշտվում են նրանց տվյալները, փոխանցեց Բաբայանը։

Բջնիի (Կոտայքի մարզ) գյուղապետ Արմեն Մաթևոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ռազմական գործողություններից հետո գյուղի զինծառայողներից 18-ամյա Կարեն Ներսիսյանից լուր չունեն․ հստակ չէ, թե նա որ ցուցակում է՝ անհետ կորածների, թե վիրավորվածների։ Կարենը 8 ամիս առաջ է զորակոչվել բանակ, ծառայում է Լեռնային Ղարաբաղում:

«Ամսի 1-ից երեխուց խաբար չկա, տեղեկություն չկա, կապ չկա։ Ծնողն այսօր ընկերների հետ մեկնեց Ղարաբաղ, որովհետև ստույգ որևիցե պատասխան չունենք։ Ես անձամբ դիմել եմ զինկոմին, մարզպետին, բոլոր հնարավոր-անհնար ուղղություններով դիմել ենք, բայց կոնկրետ պատասխան չեն կարողանում տա»,- ասաց Մաթևոսյանը:

«Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը