Քաղաքական

06.04.2016 18:25


Դ. Բաբայան. «Ադրբեջանին, այնուամենայնիվ, կոշտ նկատողություններ կանեն»

Դ. Բաբայան. «Ադրբեջանին, այնուամենայնիվ, կոշտ նկատողություններ կանեն»

Ներկայումս սահմանին իրավիճակը կայուն է, որոշ փոքր տեղեր հակառակորդը խախտում է զինադադարի ռեժիմը, բայց, ընդհանուր առմամբ, նորմալ է: Այս մասի «Tert.am»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով սահմանի ներկայիս իրավիճակին: Նա կրկին հավաստիացրեց, որ ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանված է, և որևէ բան չի փոխվել:

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ Ադրբեջանն այս դադարն օգտագործում է ևս մեկ հարձակման պատրաստվելու համար, Դավիթ Բաբայանն ասաց.

«Դա ցանկացած պահի պետք է կանխատեսել, բայց մենք ամեն ինչ անելու ենք և այսուհետ ևս ամրապնդելու ենք զինված ուժերը, մեր բանակը, ուժեղացնելու ենք պետությունը, որովհետև նման պահվածքից որևէ մեկը ապահովված չէ, մանավանդ Ադրբեջանի պես հարևանի պարագայում»:

Նա նշեց, որ նախ և առաջ բանակն է հանդիսանում զինադադարի ռեժիմի պահպանման, խաղաղության հիմնական գրավականներից մեկը, չնայած՝ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը նույնպես ունի կարևոր դերակատարություն այս գործում:

Ինչ վերաբերում է երեկ Վիեննայում կայացած համանախագահների հանդիպմանը, Դավիթ Բաբայանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, գոհ են հանդիպումից, բայց ակնկալում էին ավելի հասցեական և կոշտ դիրքորոշում Ադրբեջանի նկատմամբ:

«Բայց կարծում եմ, որ եթե նույնիսկ, հրապարակային նման կարծիք չի հնչել, ապա ոչ հրապարակային խողովակներով Ադրբեջանին, այնուամենայնիվ, կոշտ նկատողություններ կանեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանի հարձակումը որքանով անսպասելի էր, և հնարավոր չէր այն կանխատեսել, Դավիթ Բաբայանն ասաց, որ հարձակումը հանկարծակի չի եղել.

«Բանակն ամեն օր, ամեն վայրկյան պատրաստ է, 24 ժամ իրականացնում է սահմանը վերահսկելու իր պարտքը, ամեն վայրկյան բանակը պատրաստ է ամենավատ զարգացումների»:

Նա նշեց, որ Ադրբեջանը, ըստ երևույթին, պլանավորում էր շատ կարճ ժամանակում ոչնչացնել հայկական հիմնական ուժերը և գրավել ամբողջ Ղարաբաղը, սակայն նրանց բլից-կրիգը ձախողվեց:

Դավիթ Բաբայանը շեշտեց, որ զինադադարի ռեժիմի պահպանման պայմանագիրը կնքվել է 1994 թվականին, իսկ Ադրբեջանը խախտել է այն, և անհրաժեշտ է եղել նոր պայմանավորվածություն՝ նախկին պայմանագիրը հարգելու համար:

«Այսինքն՝ զինադադարի ռեժիմը վերականգնվել է, ոչ թե նոր բան է փոխվել»,- հավելեց նա:

«Tert.am»

Այս խորագրի վերջին նյութերը