Լրահոս

02.12.2009 17:04


Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Ինձ համար չկա արգելված հարց և չի էլ լինելու»

Միքայել եպիսկոպոս Աջապահյան. «Ինձ համար չկա արգելված հարց և չի էլ լինելու»

Լրացել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պաշտոնավարման 10 տարին:

Միքայել Աջապահյանն այն եզակի հոգևոր առաջնորդներից է, ով չի խուսափել օբյեկտիվ կարծիք հայտնել հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ և չի վերածվել տեղական կամ կենտրոնական իշխանությունների կամակատարի:

Ավելին, եպիսկոպոս Աջապահյանը մի քանի տարի է, ինչ լարված հարաբերությունների մեջ է Գյումրու «աստվածավախ» քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ով բազմաթիվ անգամներ Շիրակի թեմն իրեն ենթարկելու ապարդյուն փորձեր է արել:

Թեմի առաջնորդ-Վարդան Ղուկասյան հակամարտությունն իր գագաթնակետին հասավ 2008թ. Գյումրու քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ թեմի առաջնորդն ուղերձով դիմեց գյումրեցիներին՝  խիստ քննադատության ենթարկելով Վարդան Ղուկասյանին:

Դրանից հետո, ըստ շրջանառվող լուրերի, Վարդան Ղուկասյանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով փորձում էր կազմակերպել Շիրակի թեմի առաջնորդի  պաշտոնանկության գործընթացը, ինչը, սակայն, Սրբազանի հասարակական մեծ աջակցության պատճառով անփառունակ վախճան ունեցավ:

«7օր»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն մեղադրանքներին, որ հոգևորական լինելով՝ զբաղվում է քաղաքականությամբ և տարբեր առիթներով կարծիքներ է հայտնում այս կամ այն գործընթացի վերաբերյալ, Միքայել Աջապահայնը պատասխանել է. «Թող ոչ ոք ինձ չմեղադրի քաղաքականությամբ զբաղվելու մեջ, թեև քաղաքականությամբ զբաղվել-չզբաղվելը մեր ներքին կարգն է: Եկեղեցին է մեզ արգելում քաղաքականությամբ զբաղվել, ոչ թե Սահմանադրությունը, և որևէ աշխարհիկ պաշտոնյա իրավունք չունի ինձ ասելու, թե ինչո՞ւ ես քաղաքականությամբ զբաղվում: 

Ես արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, ընդ որում՝ իբրև հոգևորական և իբրև Շիրակի թեմի առաջնորդ։ Արտահայտել եմ, արտահայտում եմ և արտահայտելու եմ։ Որևէ մեկը չի կարող ինձ սաստել՝ բացի Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետից, ով, սակայն, չեմ կարծում, որ ինձ սաստելու հրաման պետք է տա: Ես միշտ կարծիք եմ հայտնել այն ժամանակ, երբ ինձ հարցրել են. ես երբեք ինքնամատույց չեմ եղել: Ինձ համար չկա արգելված հարց և չի էլ լինելու»:

Հարցին, թե ինչպես է ինքը գնահատում իր պաշտոնավարման 10 տարին, Շիրակի թեմի առաջնորդն արձագանքել է. «Եթե նայում ես արդեն արված գործերին, ապա ահագին աշխատանք է կատարվել, սակայն երբ առաջ ես նայում, տեսնում ես, թե ինչքան աշխատանք կա կատարելու, և արածդ չնչին է թվում»:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը