Կարծիք

05.04.2016 21:15


Մեկ օր կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հետ ծառայությունից

Մեկ օր կապիտան Հովսեփ Կիրակոսյանի հետ ծառայությունից

Այսօր Արմավիրի մարզի Ապագա գյուղում հողին հանձնեցին օրեր առաջ Արցախում զոհված 27-ամյա Հովսեփ Կիրակոսյանին: Հովսեփը Պաշտպանության բանակում էր 2006-ից, ինժեներա-սակրավորային վաշտի հրամանատար էր, կապիտան:

Դժվար է գրել մեկի մասին, ում հետ մեկուկես տարի ծառայել ես նույն զորամասում, ամեն օր տեսել, շփվել ու հաճախ նաեւ՝ նկատողություն ստացել:

Հովսեփից ամենավառ հիշողությունը ինձ տանում է երեք տարի հետ ու կապում բանակային մի օրվա հետ:

Այնպես ստացվեց, որ զորամասի ճաշարանում տված կերակուրը (կարծեմ՝ ցորենի շիլա էր) զորքի դուրը չէր եկել, սոված էինք մնացել: Երեկոյան իջա Հսկիչ անցագրային կետ (ՀԱԿ), որ զորամասից դուրս գամ ու խանութից բուլկի բերեմ:

ՀԱԿ-ում հերթապահ էր այն ժամանակ դեռ ավագ լեյտենանտ, ինժեներա-սակրավորային դասակի հրամանատար Հովսեփ Կիրակոսյանը: Ինչպես եւ սպասվում էր` մերժեց բացել դուռն ու ինձ դուրս թողնել: Փորձեցի համոզել, լեզու գտնել երիտասարդ, բայց խիստ սպայի հետ չստացվեց. բոլորը գիտեին, որ դժվար առաջադրանք է նրա համոզելը: Հովսեփն ինձ հետ ուղարկեց վաշտ: Արդեն բավական հեռու էի անցագրային կետից, երբ ձայն տվեց, հետ կանչեց.

-Դե հերիք եղավ, էլի, զզվացրիք, դուրս հա դուրս: Ի ՞նչ ես ուզում, ասա, ես կգնամ կբերեմ:

Ավագ-լեյտենանտ Կիրակոսյանը բուլկին բերեց, կերանք, ստամոքսներս խաբեցինք ու պառկեցինք քնելու:

Այսօր հողին հանձնեցինք նույն այդ Հովսեփին՝ երկու զավակների հորը, պրոֆեսիոնալ սպային ու սակրավորին, ով մեզ սովորեցնում էր տարբերել տասնյակ ականներն ու զգոն լինել: Շատ բան կտայի, որ հիմա գրեի ոչ թե նրա զոհվելու, այլ ստացած հերթական զինվորական կոչման կամ պարգեւատրումների մասին: Իսկ Հովսեփի հետ նման առիթներ դեռ շատ կլինեին: Կլինեին, եթե…

Սուրեն Ստեփանյան

Աղբյուրը՝ http://www.mediamax.am/am/news/karabakh/17556/

Այս խորագրի վերջին նյութերը