Քաղաքական

02.12.2009 16:28


Ողջամիտ ժամկետը մինչև 2010թ. գարունն է

Ողջամիտ ժամկետը մինչև 2010թ. գարունն է

ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ մինչև դեկտեմբերի 7-ը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, սակայն դրանք դրական եզրակացություն կստանան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Իսկ այդ հադիպման ժամանակ, Գ. Մելիքյանը համոզված է, որ Բ. Օբաման մեկ անգամ ևս կպարտադրի Թուրքիային շատ կարճ ժամկետներում վավերացնել արձանագրությունները։

-Ես համոզված եմ, որ Էրդողանի կողմից նորից կբարձրացվի Հայաստան-Ադրբեջան խնդիրը՝ Ղարաբաղի հարցի կարգավորման հետ կապված, բայց համոզված չեմ, որ Թուրքիայի և Ադրբեջանի համար դա որևէ դրական տեղաշարժ կբերի,- ասել է ՀՀԿ պատգամավորը՝ համոզմունք հայտնելով նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են հայ-թուրքական և ԼՂ-ի խնդիրը փոխկապակցված ձևով լուծել, սակայն դա նրանց չի հաջողվի։

Իսկ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման ողջամիտ ժամկետը Գ. Մելիքյանը համարում է մոտավորապես մինչև 2010թ. գարնան կեսը։

Նույն ակումբում հյուրընկալված ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն էլ «7օր»-ին ասել է, որ առնվազն մինչև հաջորդ տարվա երկրորդ կեսը հայ-թուրքական սահմանը չի բացվի, և այդ ընթացքում Թուրքիան ամեն կերպ կփորձի «աշխարհի ուժեղներին համոզել, որ առանց Ղարաբաղի հարցում շոշափելի առաջխաղացման՝ սահմանը  բացելու առնվազն բարոյական հնարավորություն չի ունենա»։ Իսկ ղարաբաղյան հարցում շոշափելի առաջընթացն Ա. Մելիքյանը պայմանավորում է այն հանգամանքի հետ, թե որքանո՞վ Ադրբեջանին կհաջողվի կարգավորել այլ պետությունների հետ իր հարաբերությունները։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը