Լրահոս

02.12.2009 16:24


Ի՞նչ է ըստ Գագիկ Մինասյանի ևս մեկ անգամ արձանագրվել Աթենքում

Ի՞նչ է ըստ Գագիկ Մինասյանի ևս մեկ անգամ արձանագրվել Աթենքում

-Բազմիցս նշել եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի համար, բայց ամենակարևոր և դրական ազդեցությունը կունենա Ադրբեջանի համար, որովհետև Ադրբեջանը վերջապես կազատվի այն պատրանքներից, որով ինքն առաջնորդվում էր վերջին մի քանի տարիների ընթացում ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշում ձևակերպելուց,- «ՄԱԱ»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։ Նրա կարծիքով հենց այդ պատրանքների բացակայությունն է, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանություններին ստիպում է պատեպատ խփվել և տարաբնույթ հայտարարություններ անել, և այս փնտրտուքը դեռ երկար կշարունակվի։

Գագիկ Մինասյանի կարծիքով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում կարծես թե ամեն ինչ ընթանում է հենց այն սցենարով, որը բազմիցս ներկայացվել է հայկական իշխանությունների կողմից, ինչը ևս մեկ անգամ արձանագրվել է Աթենքում, երբ  ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են արել, որ ԼՂ հակամարտության լուծումն իրենք տեսնում են հելսինկյան եզրափակիչ ակտի 3 հիմնարար սկզբունքներով, որոնք միշտ մերժվել են ադրբեջանական կողմի քարոզչական գործողություններում։

Այստեղ, Գագիկ Մինասյանի համոզմամբ, ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն այն պայմաններում, եթե ադրբեջանական կողմը համակերպվի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ։ Նա նշել է, որ եթե այդ ամենակարևորագույն հարցում կողմերը գան համաձայնության, ապա բանակցության վերջին փուլում դրան կմասնակցի նաև ղարաբաղյան կողմը, առանց որի, բնականաբար, որևէ փաստաթուղթ լեգիտիմ և իրավազոր լինել չի կարող։

-Կարծում եմ, որ իրատեսության այս պաշարի պարագայում մենք տեսանելի ապագայում նաև կարող ենք ակնկալել բանակցային գործընթացի հաջող ավարտ,- ասել է Գ.Մինասյանը։ 

Նա նաև նշել է, որ Աթենքում բավական հետաքրքիր հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ասել էր, որ իր կարծիքով ԵԱՀԿ տարածքում բոլոր հակամարտությունների լուծումը պետք է լինի նույն սկզբունքների հիման վրա։ Գ.Մինասյանն ընդգծել է, որ պետք է հետևել գործընթացներին՝ տեսնելու, թե որքանով է ռուսական կողմը հետևողական լինելու այդ հարցն առաջ տանելու մեջ, քանի որ Ռուսաստանի համար ավելի ցանկալի կլիներ, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի առջև ծառացած խնդիրները լուծվեին Կոսովոյի կարգավիճակի հետ կապված սկզբունքներով. «Եթե ռուսական կողմի այս նախաձեռնությունն իսկապես աջակցություն ստանա, կարծում եմ, որ դա լրացուցիչ հնարավորություն կլինի նաև ղարաբաղյան հակամարտության լուծման համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը