Լրահոս

04.04.2016 08:00


ՊՆ խոսնակ. «Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին» (լրացվում է)

ՊՆ խոսնակ. «Ադրբեջանը կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին» (լրացվում է)

«Վերջապես սպասված լուրեր։ Հայկական ստորաբաժանումները ռազմաճակատի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն՝ ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։ Փառք հայոց զինվորին»,–ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։

...

Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել:

...

Հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են:

...

Լավ լուրերից հերթական մեկը. փաստորեն, այսօրվա խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել՝ թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ:

...

Ադրբեջանական ստորաբաժանումները, չկարողանալով կոտրել հայ դիրքապահների դիմադրությունը, փորձել են կիրառել ծանր տեխնիկա, այդ թվում նաև՝ ТОС-1 հրանետներ և մարտական ԱԹՍ-ներ: Սակայն հայ հրետանավորնեը շարքից հանել են այդ համակարգերը, իսկ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են մեկ հարվածային ԱԹՍ:

...

Ոչնչացված մարտական ԱԹՍ-ները դարձան երեքը:

...

Հաստատված տեղեկությունների համաձայն՝ ադրբեջանական ստորաբաժանումների մարտունակությունն այնքան է ընկել, որ անգամ չեն կարողանում օգնել բազմամյա ահաբեկչական փորձ ունեցող վարձկանները: Ներկայումս այդ հատվածում Ադրբեջանը 1994թ. նման կիրառում է պատժիչ ջոկատներ, որոնք գնդակահարում են նահանջողներին:

...

Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով նախորդ անգամվա ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել էր, այս անգամ ազգանուններ չի նշում: Սա էժանագին հնարք է, ուղղված սեփական հասարակության ոգու բարձրացմանը, այլապես լավ գիտեն, որ ազգանուն հնչեցնելու դեպքում, իբր, զոհված գեներալն ու գնդապետները կես ժամից անձամբ կխոսեն:

...

Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ: Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես, օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն: Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հաջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով.

1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին,

2. Ի վերջո, մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ:

...

Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի…

...

Հայկական մեդիադաշտը այս անցնող երեք օրերին դրսևորեց բարձր գիտակցություն ու նվիրվածություն, սակայն կրկին առաջին սայթաքումը կամ դիտավորությունը, տեղի ունեցավ: Կրկին ու կրկին անգամ հորդորում եմ` հարգելի գործընկերներ, «ձեր հավաստի տեղեկություններն» անգամ մի տարածեք, եթե դրանք չենք հաստատել մենք, հատկապես զոհ նշելիս զգույշ եղեք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը