Լրահոս

02.04.2016 09:50


ՀՀ ՊՆ. «Հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր»

ՀՀ ՊՆ. «Հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր»

ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատում է ս.թ. ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի եւ օդուժ, փորձել է ներխուժել ԼՂՀ ՊԲ պաշտպանության խորքը եւ գրավել մարտավարական դիրքեր: Այս պահի դրությամբ՝ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ եւ անպատասխանատու որոշումը եւ պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետեւանքների:

Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա եւ ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու եւ լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը