Կարծիք

01.04.2016 19:40


Ո՞ւմ ոտքն է

Ո՞ւմ ոտքն է

1988-ին թե 1989-ին էր, հիմա լավ չեմ հիշում:
Մի օր Մհեր Մկրտչյանը կնոջ՝ Թամար Հովհաննիսյանի հետ եկավ մեծ քրոջ՝ Կլարայի տուն: Կլարան մեր հարեւանուհին էր, մորս ընկերուհին: Այդ օրը Կլարայի աղջկա՝ Գայանեի նշանադրության օրն էր, եւ, բնականաբար, մենք էլ էինք հրավիրված:
Մի խոսքով, քեռին եկել էր մասնակցելու Գայանեի նշանադրության խնջույքին:
Մի քիչ կերանք-խմեցինք, ու Մհեր Մկրտչյանը, որ այդ ժամանակ ահավոր նիհարել էր՝ հոգնեց ու գնաց կողքի սենյակը: Ես էլ նրա հետեւից գնացի, որ մի քիչ զրուցեմ հետը:
Իրոք, իսկական երեխա, ինչ հարց տալիս էի, անկեղծորեն ու ոգեւորված պատասխանում էր:
Թատրոնից, դեսից-դենից խոսեցինք ու հասանք Խորիկին (Խորեն Աբրահամյանի):
Ուզում էի իմանալ, թե մեծություններն իրար ինչպես են գնահատում:
Այն, ինչ պատմեց Արտիստը, մինչեւ հիմա հիշում ու ծիծաղում եմ.
- Գիտե՞ս, Խորիկը ինստիտուտում սեսիոն քննությունը ոնց է հանձնել:
Ուրեմն, մտել է կերպարվեստի պատմության քննությանը, տոմսը քաշել է, նստել մի քիչ մտածել է ու դասախոսը՝ Վահան Հարությունյանը, կանչել է:
Ցույց է տվել Միլոսյան Վեներայի լուսանկարները, բայց միայն ոտքի հատվածը ու հարցրել է՝ «Ո՞ւմ ոտքն է»։
Դե, Խորիկն էլ ո՞րտեղից իմանար, եսիմ՝ ո՞ւմ ոտքն է. հազար տեսակ այդպիսի ոտքեր կան քանդակված: Բայց դասախոսը անընդատ ստիպել է, որ հիշի ու պատասխանի ու շարունակ կրկնել է՝ «Ո՞ւմ ոտքն է»։
Խորիկն այդպես էլ չի իմացել: Դե, մի երեք մի կերպ ստացել ու դուրս է եկել կաբինետից: Բայց կաբինետի դուռը փակելուց հետո նորից դուռը բացել է, ինքը մարմնով մնացել է դրսում, միայն ոտքն է ցույց տվել ու բարձր հարցրել է՝
«Ո՞ւմ ոտքն է»։
Միասին ծիծաղից ուշաթափվեցինք, ու Արտիստը խոսքն ավարտեց.
- Հզո՜ր տաղանդի տեր է, Խորիկը...հզո՜ր...

Ծնունդդ շնորհավո՛ր, ԽՈՐԻԿ

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը