Տնտեսական

02.12.2009 12:15


2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 539.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 648.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 60.2%-ով 72.4%-ով ապահովել են տարեկան ծրագրային ցուցանիշների կատարումը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 13.7%-ով կամ 85.7 մլրդ դրամով: Մասնավորապես' 18.1%‑ով (93.3 մլրդ դրամով) նվազել են հարկերն ու տուրքերը, 15.9%-ով (568.9 մլն դրամով)՝ պաշտոնական դրամաշնորհները եւ 0.6%-ով (463.5 մլն դրամով)՝ պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նույն ժամանակահատվածում այլ եկամուտներն աճել են 37.8%-ով (8.7 մլրդ դրամով):

Պետական բյուջեի եկամուտների 78.1%-ը ձեւավորվել է հարկերի ու տուրքերի, 15.5%-ը' պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.9%-ը' այլ եկամուտների եւ 0.6%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 14.6 մլրդ դրամ' նախորդ տարվա 13.5 մլրդ դրամի դիմաց:

Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 421.3 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր' 57.7%-ով կատարելով տարեկան ծրագիրը: 2007 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտները նվազել են 18.1%-ով կամ 93.3 մլրդ դրամով: Ընդ որում, գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ եկամտահարկի եւ հաստատագրված վճարների, արձանագրվել է մուտքերի անկում:

Հարկերի ու տուրքերի 47.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 201.6 մլրդ դրամ եւ 24.6%-ով կամ 65.7 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 132.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 69.2 մլրդ դրամը' ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ՛ ներմուծումից, եւ՛ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:

Պետական բյուջե մուտքագրված հարկերի ու տուրքերի 8.3%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով 35 մլրդ դրամ: Մասնավորապես' հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է ավելի քան 23.5 մլրդ դրամ, որից ավելի քան 11.4 մլրդ դրամը' բենզինի եւ դիզելային վառելիքի, 8.7 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 11.5 մլրդ դրամ, որից 6.6 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 8.4%-ով կամ 3.2 մլրդ դրամով: Ընդ որում, նվազել են միայն հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը' 14.5%-ով: Նույն ժամանակահատվածում հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից մուտքերն ավելացել են 7.4%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 16.7%‑ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 70.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 1.3%-ով կամ 914.4 մլն դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ: Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ զգալի աճ է արձանագրվել ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից վճարված շահութահարկի գծով' 39.9% կամ 2.7 մլրդ դրամ: Ավելացել են նաեւ պետական ձեռնարկությունների, օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից վճարված, մեկ տոկոս դրույքաչափով, ինչպես նաեւ ոչ ռեզիդենտից աղբյուրի մոտ վճարված շահութահարկի մուտքերը' համապատասխանաբար 4.9, 9.5, 6.5 եւ  61.7 տոկոսով:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 47.6 մլրդ դրամ եկամտահարկ' ապահովելով հարկերի ու տուրքերի 11.3%‑ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 11.1%‑ով կամ 4.8 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է շուրջ 20 մլրդ դրամ՝ 34.6%-ով կամ 10.6 մլրդ դրամով զիջելով 2008 թվականի նույն ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 4.7%-ը:

Հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական տուրքի գծով ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 15.5 մլրդ դրամ կամ ծրագրված մուտքերի 64.5%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական տուրքը նվազել է 17.3%-ով կամ 3.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ‑ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, պետական գրանցման, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների եւ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 18.9 մլրդ դրամ' 15.2%-ով կամ 2.5 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման, hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման եւ առեւտրի իրականացման վայր կազմակերպելու համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

Պարզեցված հարկից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 364.9 մլն դրամ, որը 93.4%-ով կամ 5.2 մլրդ դրամով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը' պայմանավորված 2009 թվականի հունվարի 1‑ից «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 4.5 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 44.9%‑ով կամ շուրջ 3.7 մլրդ դրամով' հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման, այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու եւ ՀՀ ներմուծվող' շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող բնապահպանական վճարների նվազմամբ:

Հաշվետու ժամանակահատվածում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 7.6 մլրդ դրամ: Մասնավորապես' ավելի քան 1.2 մլրդ դրամ են կազմել □Կոնցեսիայի մասին□ ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին եւ կոնցեսիոն վճարը (որից 1.1 մլրդ դրամը կազմել է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 151.2 մլն դրամը' կոնցեսիոն վճարը), 2.4 մլրդ դրամ' ճանապարհային վճարները, շուրջ 766 մլն դրամ' հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 1.7 մլրդ դրամ' հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 258.3 մլն դրամ' ՀՀ հարկային մարմինների կողմից ՀՀ պետական կառավարման մարմիններում եւ պետական հիմնարկներում կատարված ստուգումների եւ վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային եւ մաքսային պարտավորությունները եւ 1.1 մլրդ դրամ' ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերը նվազել են 51.8%-ով կամ 8.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի ու կոնցեսիոն վճարի եւ ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարի գծով մուտքերի նվազմամբ:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են 83.4 մլրդ դրամ եւ տարեկան ցուցանիշը կատարել 64.9%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարները նվազել են 0.6%-ով կամ 463.5 մլն դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են 3 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ եւ 42.5%-ով ապահովել տարեկան ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, 1.2 մլրդ դրամը' Եվրամիության պարենային ապահովության ծրագրի շրջանակներում, 270.4 մլն դրամը' «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից: Եվս 305.8 մլն դրամ մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին' նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:

Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել են շուրջ 31.7 մլրդ դրամ եւ 2.3%-ով գերազանցել տարեկան ծրագրային ցուցանիշը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ որոշ եկամտատեսակներ, մասնավորապես' բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարները եւ ՀՀ ռեզիդենտներին պետության տրամադրած վարկերի օգտագործման տոկոսավճարներն արդեն իսկ գերազանցել են տարեկան ծրագիրը' համապատասխանաբար 63.2%-ով եւ 413.7%-ով: Բացի այդ, ծրագրի գերազանցում է արձանագրվել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի գծով եւ տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից, ինչպես նաեւ հիմնական միջոց կամ ոչ նյութական ակտիվ չհանդիսացող գույքի օտարումից մուտքերի գծով, որոնք կազմել են համապատասխանաբար 214.4 դրամ եւ 55.1 մլն դրամ' նախատեսված 60 մլն դրամի եւ 38.4 մլն դրամի դիմաց: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 37.8%-ով կամ 8.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ռադիոհաճախականության օգտագործման վճարի եւ իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով, ինչպես նաեւ ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 648.1 մլրդ դրամի ծախսեր' կազմելով ճշտված տարեկան ծրագրի 72.4%-ը, որից շուրջ 13.2 մլրդ դրամը' պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես' շուրջ 566 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 82.1 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 5.6%-ով կամ 34.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային այլ ծառայությունների ձեռքբերման, աշխատավարձի եւ նպաստների ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 566 մլրդ դրամ' 75.1%-ով կատարելով տարեկան ծրագիրը եւ 8.8%-ով կամ 46 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից շուրջ 54.2 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 3.9 մլրդ դրամը' պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 75.2%-ը եւ 68.9%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 20.1%‑ով եւ 2.4%-ով: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 118 մլրդ դրամ' 14.5%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովելով տարեկան ծրագրի 69.9% կատարում: Հաշվետու ժամանակահատվածում 10.5 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը' կազմելով տարեկան ծրագրի 54.4%-ը: Մասնավորապես' նշված գումարից 7.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 3.2 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 10.5%-ով կամ 1 մլրդ դրամով, որը մեծ մասամբ պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 15.4 մլրդ դրամ սուբսիդիաներ' կազմելով տարեկան ծրագրի 74.6%-ը եւ 18.5%-ով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական բյուջեից տրամադրվել են 64.3 մլրդ դրամի դրամաշնորհներ, որից 22.9 մլրդ դրամը կազմել են համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները' 83.3%-ով ապահովելով տարեկան ծրագրի կատարումը: Իսկ դրամաշնորհների տարեկան ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 70.2%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 35%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են շուրջ 198.3 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 81.3%-ը: Մասնավորապես' 146.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 51.8 մլրդ դրամ' նպաստները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 14.2%‑ով, իսկ նպաստները' 16.5%-ով:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 82.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 57.7%-ը: Մասնավորապես' 91.2 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ 9.1 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 15.5%-ով կամ 16.7 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը' 36%-ով կամ 5.1 մլրդ դրամով:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 108.7 մլրդ դրամ պակասուրդով՝ նախատեսված 931 մլն դրամ հավելուրդի փոխարեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեն կատարվել էր ավելի քան 11.3 մլրդ դրամ հավելուրդով: Հունվար-հոկտեմբեր ամիսներին ֆինանսավորման ներքին աղբյուրների գծով արձանագրվել է շուրջ 156 մլրդ դրամ հավելուրդ կամ տարեկան ծրագրի 76.7%-ը' նախորդ տարվա 9.3 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ֆինանսավորման արտաքին աղբյուրների գծով անցած ժամանակահատվածում արձանագրվել է շուրջ 264.7 մլրդ դրամ պակասուրդ կամ տարեկան ծրագրի 147.5%-ը' նախորդ տարվա 20.6 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում ավելի քան 34.3 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը' 37.6%-ով գերազանցելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշը: 2009 թվականին շարունակվել է ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը: Հունվար-հոկտեմբեր ամիսներին այս նպատակով հատկացվել է 913.0 հազ. դրամ: Մուրհակների մարման նպատակով հատկացվել է շուրջ 65.9 մլն դրամ կամ նախատեսվածի 3.3%-ը: 607.4 մլն դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը' տարեկան ծրագրով նախատեսված 1.2 մլրդ դրամի դիմաց:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիվները կազմել են -189.7 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 84.2%-ը: Մասնավորապես' անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 82.1 մլրդ դրամի վարկեր' կազմելով նախատեսվածի 91.8%-ը: Նշված գումարից շուրջ 78.9 մլրդ դրամը Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված վարկի միջոցներից փոխանցվել է ԿԲ-ում բացված դեպոզիտային հաշվին' տնտեսավարող սուբյեկտներին վարկեր տրամադրելու նպատակով: 3.0 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին: Շուրջ 135.7 մլն դրամի վարկեր են տրամադրվել բռնադատված քաղաքացիներին' անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով: 70 մլն դրամ տրամադրվել է «Կանազ» ԲԲԸ‑ի ֆինանսական պարտավորությունների մարմանը: Տրամադրված վարկերի վերադարձից մուտքերը կազմել են 9.6 մլրդ դրամ, որից շուրջ 3.7 մլրդ դրամը' □Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ□ ՓԲԸ-ից:

Ռուսաստանի Դաշնության տրամադրած 185.1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրվել են գանձապետարանում բացված կայունացման դեպոզիտային հաշվին, որից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է փոխանցվել շուրջ 115.0 մլրդ դրամ: Անցած ժամանակահատվածում շուրջ 47.1 մլրդ դրամով ավելացել են ազատ բյուջետային միջոցները:

2009 թվականի հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման արտաքին աղբյուրները կազմել են շուրջ 264.7 մլրդ դրամ' 47.5%-ով գերազանցելով տարեկան ծրագիրը: Մասնավորապես' 28.3 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 61.9 մլն դրամի վճարում, որից 32.4 մլն դրամը 2008 թվականի պարտավորությունն է: Այն Վրաստանի կողմից վճարվել է սահմանված ժամանակացույցին համապատասխան' 2008 թվականի դեկտեմբերին, սակայն միասնական գանձապետական հաշվին մուտքագրվել է 2009 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 166.8 մլն դրամ:

Հաշվետու ժամանակահատվածում արտաքին դոնորների կողմից տրամադրվել են շուրջ 298.7 մլրդ դրամի վարկային միջոցներ, որից 185.1 մլրդ դրամը' ՌԴ կառավարության, 57.4 մլրդ դրամը' Արժույթի միջազգային հիմնադրամի, 24.8 մլրդ դրամը' Զարգացման միջազգային ընկերակցության եւ 31.4 մլրդ դրամը' Ասիական զարգացման բանկի կողմից:

Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 5.6 մլրդ դրամ, որից 4 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը: 839.4 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 524.7 մլն դրամ' ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 110.6 մլն դրամ' Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 30.1 մլն դրամ' ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և շուրջ 91.3 մլն դրամ' Բարձր լարման ցանցերի համակարգերի վերանորոգման ծրագրի գծով Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը