Քաղաքական

31.03.2016 15:33


Արամ Հարությունյանը հորդորել է գտնել մայր արջին

Արամ Հարությունյանը հորդորել է գտնել մայր արջին

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանն անդրադառնալով ԸՕ նախագծին՝ ասել է, որ դա չափազանց կարևոր փաստաթուղթ է, որը խորհրդարանական կառավարման պարագայում առավել կատարյալ պետք է լինի:

ՀՀԿ պատգամավորը ընտրության ժամանակ մատները թանաքոտելու կարիք չի տեսնում, քանի որ, նրա կարծիքով, եթե բոլորը գան ընդհանուր հայտարարի, որ նույնականացման քարտերով հնարավոր լինի մասնակցել ընտրություններին, կլուծվի և՛ թանաքոտելու, և՛ ցուցակները հրապարակելու հարցը.

-Եթե և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը միակարծիք դառնան ու հասնեն նրան, որ մեր բոլոր քաղաքացիաներն ունենան ID քարտեր, իմ համոզմամբ, այլևս ցուցակների հրապարակման կարիք չի լինի, քանի որ ավելի հստակ փաստաթուղթ, քան այդ քարտն է, դժվար լինի: Նրանք, ովքեր Հայաստանում չեն, չեն ստանա քարտերը, իսկ ովքեր պետք է գան ընտրության, թող բարի լինեն գալ և ստանալ,-ասել է նա:

Նրան հակադարձել է մյուս բանախոսը՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ շեշտելով, որ կարելի է կեղծել նաև այդ քերտերը.

-Մարդիկ անձնագիր են կեղծում. ID քարտի կեղծելն ի՞նչ պրոբլեմ է: Հայաստանում ի՞նչ չի կեղծվում, որ դա չկեղծվի,-ասել է նա՝ ընդգծելով, որ ամենակարևոր բանը ցուցակների հրապարակումն է:

Նրա խոսքով՝ այս Սահամանդրությունը կարված է Սերժ Սարգսյանի վրայով, և որոշ մասեր շուլալված են: Այդ շուլալված մասը ԸՕ-ն է, և արդեն տեսանելի է, թե ինչպես են իշխանություններն այդ մասերը կարում:

-«Մեր բակը» ֆիլմի մեջ մի կադր կա, երբ Հրանտ Թոխատյանն ասում է՝ էսօր աշխատում ա, վաղը չի աշխատի, մի քիչ էլ վաղվա մասին մտածեք: Ես ուզում եմ, որ իշխանությունները մտածեն, որ այն ժամանակ, երբ իրենք այլևս իշխանություն չեն լինի, այս ԸՕ-ն ինչքան խնդիրներ կստեղծի իրենց համար,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ ժողովրդի, քաղաքական գործիչների տառապանքը փորձ ունի. ժողովուրդը մազոխիստ չէ, որ այս իշխանություններին վստահի, երբ նրանք բոլոր ոլորտներում ձախողել են:

Արամ Հարությունյանի խոսքով՝ ընտրատեղամասերում տեսանկարահանմանը դեմ լինելը նման է այն բանին, որ խանութից անընդհատ ինչ-որ բան գողացողն ասի՝ տեսախցիկներ մի դրեք: Մկրտիչ Մինասյանն էլ, ի պատասխան դրան, ասել է, որ ոչ ոք չի բացառել, որ տեսախցիկներ չեն լինելու:

-Ինչ վերաբերում է ռեյտինգային քվեարկությանը, եթե ռեյտինգայինով Սյունիքի ընտրություններին մասնակցեն Նժդեհն ու Սուրեն Խաչատրյանը, հաստատ Սուրեն Խաչատրյանը կհաղթի Նժդեհին,-ասել է Արամ Հարությունյանը՝ հավելելով, որ մեր խորհրդարանը լինելու է «սամվել ալեքսանյանների» խորհրդարան. ուղղակի որոշում կայացնողը լինելու է Սերժ Սարգսյանը:

Արամ Հարությունյանը հարց է ուղղել Մկրտիչ Մինասյանին, թե ինչու իրենք կեղծողներին չեն հարցնում, թե ում պատվերով է նա դա անում, որին ի պատասխան՝ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ կեղծիքներ անողներն արջի ծառայություն են մատուցում, իսկ Արամ Հարությունյանն էլ պատախանել է, որ գտնեն մայր արջին և հավելել, որ կեղծիքների պատվիրատուն իշխանությունն է:

-ՀՀԿ-ն ապագա չունի: Սերժ Սարգսյանը կարող էր լինել Հնչակյան կուսկացության ատենապետը, եթե ժամանակին Վազգեն Սարգսյանը որոշեր, որ պետք է այդ կուսակցությունը լցնի,-ասել է Արամ Հարությունյանը՝ հարցնելով, թե ինչու են ամեն ինչ խուճուճ-մուճուճ անում, որին էլ Մկրտիչ Մինասյանը պատասխանել է այսպես.

–Ինչո՞ւ է խուճուճ-մուճուճ. ID քարտը խուճուճ-մուճո՞ւճ է:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը