Քաղաքական

31.03.2016 12:33


Սաշիկ Սուլթանյան. «Օսկանյանը կարող է լրացնել առկա բացը»

Սաշիկ Սուլթանյան. «Օսկանյանը կարող է լրացնել առկա բացը»

«Top-News»-ի հարցազրույցը եզդի հասարակական հայտնի գործիչ Սաշիկ Սուլթանյանի հետ

–Պրն Սուլթանյան, ինչո՞ւ է նվազել եզդիների թիվը Հայաստանում:

–Եթե նայենք Հայաստանից եզդիների արտագաղթի տենդենցները քանակական կտրվածքով, սկսած երրորդ հանրապետության ձեւավորման օրվանից՝ կնկատենք, որ եզդիների արտագաղթի տեմպերը գրեթե հավասարազոր են ՀՀ-ից արտագաղթող հայերի թվաքանակին:
Սա նշանակում է, որ պատճառը ոչ թե էթնիկ խնդիրն է, այլ սոցիալականը, որոնք ստիպում են հեռանալ Հայաստանից:
Հայաստանի եզդիներն իրենց ներդրումն ունեն երրորդ հանրապետության ստեղծման եւ զարգացման գործում, սակայն առկա խնդիրները պատճառ են հանդիսանում նրանց արտագաղթի համար:
Ունենք գործարարներ, ովքեր ծնունդով լինելով Հայաստանից՝ պարբերաբար վերադառնում են Հայաստան ու հովանավորում հիվանդանոցները, բարեգործական հաստատությունները, ներդրում են կատարում տնտեսության մեջ:
Ակնկալում ենք, որ մի օր Հայաստանում խնդիրները կսկսեն լուծվել, եւ արտագաղթն էլ վերջ կգտնի:

–Այս առումով ի ՞նչ վերաբերմունք ունեք Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն ստեղծելու նախաձեռնությանը:

–Ինչպես գիտեք, մեր կառույցն ապաքաղաքական է, չնայած որոշ հարցերում առիթ ենք ունենում առնչվելու քաղաքական կուսակցությունների հետ, եւ մեզ համար կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն այնպիսի կուսակցություններ, որոնք ազգային փոքրամասնություններին հիշեն ոչ միայն ընտրություններից առաջ: Լիահույս ենք, որ քաղաքական եւ դիվանագիտական հսկայական փորձ ունեցող Վարդան Օսկանյանի գլխավորած կուսակցությունը կլինի հենց այդպիսին: Եւ եթե նորաստեղծ կուսակցությունը եզդիների եւ մյուս ազգային փոքրամասնությունների խնդիրներին հատուկ վերաբերմունք ցուցաբերի, ապա մենք էլ այդ կուսակցությանը հատուկ վերաբերմունք կցուցաբերենք:
Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր համայնքի ձայնը բարձրաձայնվի նաեւ քաղաքական հարթակում, քանի որ առկա են խնդիրներ, որոնց լուծումը ենթադրում է քաղաքական ընթացակարգ:
Շատ լավ կլինի, որ Հայաստանում լինի մի կուսակցություն, որ եզդիների խնդիրը համարի նաեւ իրենը: Ազգային փոքրմասնությունները հատուկ վերաբերմունքի կարիք ունեն: Սա պետք է հայ քաղաքական միտքը գիտակցի եւ ընդունի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Այս խորագրի վերջին նյութերը