Քաղաքական

30.03.2016 16:10


Ա.Բադալյան. «Քաղաքական մեծ փորձառություն ունեցող Օսկանյանը կխուսափի մյուս կուսակցությունների թույլ տված սխալներից»

Ա.Բադալյան. «Քաղաքական մեծ փորձառություն ունեցող Օսկանյանը կխուսափի մյուս կուսակցությունների թույլ տված սխալներից»
Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համոզված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստեղծել կուսակցություն եւ պայքարել Հայաստանում կյանքի բարելավման համար: Նրա համոզմամբ՝ այս առումով ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը բացառություն չէ, եւ նա օգտվում է սահմանադրական իր իրավունքից:

Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետն այս առումով դրական է գնահատում Վարդան Օսկանյանի կուսակցություն ստեղծելու մասին որոշումը, հատկապես որ կարծում է, որ մինչ այժմ Հայաստանում քաղաքական միտքը դեգրադացիա է ապրում:

Արմեն Բադալյանը համոզված է, որ հաջողության հասնելու համար Վարդան Օսկանյանի առաջին կարեւոր քայլը պետք է լինի ճիշտ գաղափարախոսության ընտրությունը:

«Կուսակցություն ստեղծելը բարդ քաղաքական գործընթաց է»,- մեզ հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգը, եւ հույս հայտնեց, որ քաղաքական եւ դիվանագիտական մեծ փորձառություն ունեցող Վարդան Օսկանյանը կխուսափի մինչ այժմ մյուս կուսակցությունների կողմից թույլ տված կոպիտ սխալներից: Մասնավորապես, Արմեն Բադալյանը կարեւորում է կուսակցական ակտիվի ձեւավորումը, որը հնարավոր կլինի ճիշտ գաղափարախոսության ընտրության դեպքում:

Արմեն Բադալյանը վստահ է, որ Հայաստանում արդեն իսկ սկսվել է նախընտրական արշավի առաջին փուլը, որի ընթացքում կարեւորվում է Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումները:
«Ընտրական օրենսգրքի նկատմամբ կա երկու մոտեցում. իշխանության եւ ընդդիմության (վերջինիս աջակցում են ընտրությունների անցկացման գործում փորձ ունեցող շահագրգիռ ՀԿ-ները): Իշխանության մոտեցումն է՝ ընդունել այնպիսի օրենսգիրք, որը թույլ կտա «աննկատ նկարել» անհրաժեշտ արդյունքը, իսկ ընդդիմությանը՝ ստիպել իշխանություններին ընդունելու այնպիսի օրեսգիրք, որը հնարավորինս կբացառի իշխանությունների նպատակը»,- նշեց քաղտեխնոլոգը, որը համոզված է, որ այս փուլում կստեղծվեն նաեւ այլ կուսակցություններ, իսկ նրանցից շահեկան վիճակում կհայտնվեն ուժեղ թիմ, ճիշտ գաղափարախոսություն, ինտելեկտուալ հզոր բազա եւ բազմափորձ ղեկավարություն ունեցող ուժերը:

«Top-News.am»

Այս խորագրի վերջին նյութերը