Կարծիք

02.12.2009 10:46


Հրեա խմբագիրն ու թուրք մեկնաբանը բողոքում են ընդդեմ Ցեղասպանության ժխտման

Հրեա խմբագիրն ու թուրք մեկնաբանը բողոքում են  ընդդեմ Ցեղասպանության ժխտման

Հասկանալի է, որ հայերը շատ են վշտանում, երբ բախվում են Հայոց Ցեղասպանության իրողությունը խեղաթյուրող կամ ժխտող հայտարարությունների, իսկ սփոփված են զգում այն ժամանակ, երբ այն պատշաճորեն ճանաչված է: Սակայն, եթե նրանք ժխտողներին արագորեն դատապարտում են, ապա հաճախ ժամանակ չեն գտնում ճշմարտությունն ասողներին ըստ արժանվույն գնահատելու համար:

Այս մտքերը ծագեցին գլխումս՝ Հայոց Ցեղասպանության մասին երկու արդարացի և համարձակ հոդվածներ ընթերցելիս, որոնցից մեկը  գրված էր Դենվերի (Կոլորադո)  «Intermountain Jewish News»-ի խմբագիր Առաքինի հրեայի, իսկ մյուսը՝ «Hurriyet Daily News»-ի մեկնաբան, Առաքինի թուրք Բուրաք Բեքդիլի կողմից:

Վերնագրից սկսած «Intermountain Jewish News»-ի խմբագիրը բառեր չի խնայել. «Հայոց Ցեղասպանության մասին բոլոր կեղծիքները չեն օգնում»: Նա, այնուհետև շարունակում է ճակատային հարվածներ տեղալ հրեական կազմակերպությունների և Իսրայելի ղեկավարների վրա, ովքեր ամբարո խաղեր են խաղում Հայոց Ցեղասպանության հետ՝ սոսկ Թուրքիայի կառավարությանը հաճոյանալու համար: Ստորև ներկայացնում եմ մի քանի մեջբերումներ այդ ազդեցիկ խմբագրականից.

«Մենք կարող ենք օգտագործել «դիվանագիտություն», «քաղաքականություն», «անգիտություն», «անաչառություն» կամ «արդարություն» բառերը:  Սակայն, իրականում գոյություն ունի միայն մեկ բառ՝ կեղծիք: Տարիներ շարունակ, որոշ հրեական ազգային կազմակերպություններ ստել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության մասին: Նրանք ասել են, որ այն տեղի չի ունեցել կամ էլ «պատմական վիճաբանության» հարց է:

«...Հիմք ընդունելով, որ Իսրայելն ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, այս հրեական կազմակերպությունները, չխոսելով անմիջականորեն Իսրայելի մասին, ընդունել են Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը կամ ասել, որ այն «վիճելի է»: Մեզ ասել են, որ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները կարող են ձեռք բերվել միայն Հայոց Ցեղասպանության մասին Թուրքիայի կեղծիքն ընդունելով: Դա խայտառակություն էր»:

«...Հայոց Ցեղասպանության մասին կեղծիքը չպետք է իսրայելցիների արժույթի կամ Թուրքիայի հետ Ամերիկայի հրեաների դիվանագիտության մաս կազմի: Իսրայելն ու հրեական ազգային այս կազմակերպությունները պետք է տեսնեն, որ անգամ գործնականում կեղծիքը չի օգնել: Իսկ բարոյապե՞ս: Այնտեղ, ուր խոսք է գնում ցեղասպանության մասին՝ դիվանագիտությունն ու քաղաքականությունը տեղ չունեն: Չի կարող լինել ժխտված, անտեսված կամ ստորադասված ցեղասպանություն: Իսրայելը և հրեական ազգային կազմակերպությունները ժխտում են այդ սկզբունքը, և այդ ժխտողականությունն այժմ ետ գալով նրանց է հարվածելու»:

«...Ցեղասպանության վերաբերյալ ապագա սերունդները չափազանց անողոք են: Այսօր, անգամ Թուրքիայում  աճել է այն գիտնականների թիվը, ովքեր ճանաչում են  Հայոց Ցեղասպանությունը: Հայոց Ցեղասպանությունը ժխտող տարբեր հակընդդեմ հայցերը, երբեք այսքան տարօրինակ չեն թվացել: Կարո՞ղ եք պատկերացնել որևէ մեկին, ով վստահաբար հայտարարի, որ 1943 թվականի Վարշավայի գետտոյի խռովությունը ցույց է տալիս, որ Հոլոքոստն ընդամենը «քաղաքացիական պատերազմ» էր հրեաների և գերմանացիների միջև: Ահա թե ինչպիսի անհեթեթություն է Հայոց Ցեղասպանությունը որպես «քաղաքացիական պատերազմ» բնորոշմամբ թուրքական հետապնդումները: Կրկնում եմ, ցեղասպանության ժխտողների հանդեպ ապագա սերունդները շատ անողոք են»:

 «...Երբ չար մարդիկ կոտորում են մի ամբողջ ժողովրդի, բարի մարդիկ պետք է արձագանքեն, ինչպես և այսօր պետք է արձագանքել Դարֆուրում: Երբ ժամանակն անցնում է, և ետ ես նայում մարդասպաններին, ովքեր մի ամբողջ ժողովուրդ են կոտորել,  ապա չպետք է երբեք թույլ տալ, որ այդ արտառոց չարիքը դիվանագիտական կամ քաղաքական նկատառումների պատճառով ժխտվի կամ նսեմացվի: Դա անարդար է: Եվ այն չի գործի»:

 Թուրք առաջադեմ մեկնաբան Բուրաք Բեքդիլի հոդվածը ևս շատ ազդեցիկ է: Մի քանի տարի առաջ նա 20-ամսյա ժամկետով պայմանականորեն դատապարտման էր ենթարկվել թուրքական դատարաններին քննադատելու համար: Այժմ, կրկին Բեքդիլը բանտում հայտնվելու սպառնալիքի տակ է, քանի որ ըստ թուրքական Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի, Հայոց Ցեղասպանության հիշատակումը դիտվում է որպես հանցագործություն:

Պարոն Բեքդիլն իր մեկնաբանություններում թուրքական կառավարությանը խիզախորեն առաջարկում է կազմել Թուրքիայի անցյալի բոլոր  հանցագործությունների ցուցակը, խորհրդարանում իշխող կուսակցության (AKP) կողմից որոշում ընդունել և ներողություն խնդրել բոլոր զոհերից: Նա Թուրքիայի անցյալի թուրքական հանցագործությունների թվում հատուկ նշում է «Հայոց Ցեղասպանությունը»: Ահա մի մեջբերում Բեքդիլի համարձակ հոդվածից.

«Եկեք, նախևառաջ կազմենք Թուրքիայի անցյալ դարի վայրագությունների ցուցակը: Անշուշտ Դերսիմն այդ ցուցակում է: Սակայն, սկզբում կառաջարկեմ նաև Հայոց Ցեղասպանությունը, Անկախության պատերազմի ժամանակ հույների դեմ ռազմական հանցագործությունները, Հանրապետության ավելի վաղ շրջանում հույների, հայերի և հրեաների ջարդերն և այլ բռնություններ, 40 հազար քրդերի մահվան դեպքերը (որոնց մասին մի անգամ այսպես արտահայտվել է միակ թուրք Նոբելյան մրցանակակիրը) և քրդերի հանդեպ 1984-2002 թթ. այլ դաժանություններ: Իհարկե, այս աղետալի իրադարձությունները կարելի է անվերջ շարունակել, և այս ուղղությամբ ցանկացած այլ գաղափար չափազանց ողջունելի է ... Ես կոչ կանեի մեր AKP կողմնակից լիբերալներին՝ 20-րդ դարի թուրքական վայրագությունների ամբողջական ցուցակը ճանաչելու վերաբերյալ նախագծի տեքստ մշակել՝ պաշտոնական ներողություն ավելացնելով զոհերից և նրանց հարազատներից»:

Հայկական կազմակերպությունները պետք է հարգանքի տուրք մատուցեն այս երկու առաքինի անձանց՝ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իրենց սեփական ղեկավարների կեղծիքը մերկացնելու և դատապարտելու խիզախության համար:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը