Քաղաքական

29.03.2016 15:45


Ստ. Մարգարյան. «Ես համագործակցելու եմ Վարդան Օսկանյանի կուսակցության հետ»

Ստ. Մարգարյան. «Ես համագործակցելու եմ Վարդան Օսկանյանի կուսակցության հետ»

Ես համագործակցելու եմ Վարդան Օսկանյանի կուսակցության հետ. ինչպիսի իրավական կարգավիճակով, դա կուսակցությունը ստեղծելու պահին կերևա: Այս մասին «NewsBook»-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Ստեփան Մարգարյանը` պատասխանելով հարցին, թե Օսկանյանի կուսակցությանն անդամակցելու առաջարկ ստացե՞լ է։

Պատգամավորի համոզմամբ՝ երբ որ գա պահը՝ կուսակցության վերջնական ձևավորման մասին հայտարարելու, այդ ժամանակ կհստակեցվի` ինքը կուսակցության համամասնական ցուցակում կհայտնվի՞, թե ոչ: Մարգարյանը միաժամանակ ընդգծեց, որ տեղյակ է` երբ կհայտարարվի կուսակցության գործունեության սկզբի մասին:

Անդրադառնալով նոր Ընտրական օրենսգրքի նախագծին` Ստեփան Մարգարյանը կարծիք հայտնեց, թե այն մի շարք վտանգավոր կետեր է պարունակում.

«Մասնավորապես, ռեյտինգային քվեարկությունը, որն ավելի շատ մոտ է մեծամասնականին, քան համամասնականին: Այն խնդիրները, որոնց մասին խոսել ենք, որոնք կասկածներ են առաջացրել ընտրական շրջանում, դրանք ևս փարատված չեն: Էլեկտրոնային մատնահետքի մասին դրույթը ևս չկա, ինչը չի բացառում նույն մարդու բազմակի քվեարկությունը: Ակնհայտ բաներ կան, որոնք անելու դեպքում կարելի է փարատել կասկածը, ինչո՞ւ պտտվենք դրա շուրջը և ոչ թե ուղիղ այդ բանը անենք: Եթե էլեկտրոնային մատնահետքը փարատում է կրկնակի քվեարկությունը բացառելու հարցն, ինչո՞ւ դա չեն անում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչի համար են էլեկտրոնային այն համակարգը, որը նույնականացման քարտով տարբեր գույնի լույսեր է վառում: Ի՞նչ հարց են լուծում դրանից: Որևէ հարց չենք լուծում: Մարդը կարող է ունենալ երկու ID քարտ: Իհարկե, դա հանցագործության ժանրից է, բայց բացառել որևէ մեկը չի կարող: Այդ մարդը կարող է հանգիստ քվեարկել: Միակ բանը, որ կա, էլեկտրոնային մատնահետքն է: Շատ ավելի էժան կնստի այս սարքի ներմուծումը, քան այդ տարբեր գույնի լույսեր վառող սարքը»:

Աղբյուրը՝ «Newsbook.am»

Այս խորագրի վերջին նյութերը