Քաղաքական

28.03.2016 20:35


4+4+4 ֆորմատով քննարկումները կմեկնարկեն մարտի 30-ից

4+4+4 ֆորմատով քննարկումները կմեկնարկեն մարտի 30-ից

Մարտի 30-ից Ազգային ժողովում կմեկնարկեն 4+4+4 ձեւաչափով քննարկումները։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասաց Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, պատգամավոր Հովհաննես Սահակյանը։

«Մենք որեւէ խնդիր չենք տեսնում, գիտենք՝ ովքեր են քննարկմանը մասնակցելու, քաղաքացիական հասարակության հետ էլ տարբեր ձեւաչափերով հանդիպումներ եղել ու լինելու են: Մենք բոլորս էլ նույն հարթության մեջ ենք, բոլորիս նպատակը լավ Ընտրական օրենգիրք ունենալն է ու հանրային վստահության բարձրացումը ընտրական գործընթացների նկատմամբ»,-ասաց նա։

Նշենք, որ այս ֆորմատով քննարկմանը մասնակցելու են չորսական ներկայացուցիչներ իշխանությունից, ընդդիմությունից եւ քաղաքացիական հասարակությունից։ Այն փակ է լինելու լրագրողների համար։

Իշխանությունից կմասնակցեն ՍԴ ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը, Ընտրական օրենսգրքի նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը եւ Հովհաննես Սահակյանը։ Ընդդիմությունից ներկայացուցիչներ կլինեն ՀԱԿ, ՕԵԿ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցություններից։ Իշխանության ճակատից կլինի նաեւ դաշնակցական ներկայացուցիչ։

Հովհաննես Սահակյանն ասաց, որ խմբում ընդգրկված ՀԿ-ների վերաբերյալ իշխանությունն առարկություն չունի։

Քաղաքացիական հասարակությունից կլինեն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը եւ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Աղբյուրը՝ «NEWS.am»

Այս խորագրի վերջին նյութերը