Քաղաքական

25.03.2016 15:40


Արամ Հարությունյանը գիտի, թե ինչ են սովորեցնելու ՀՀԿ–ի քաղդպրոցում

Արամ Հարությունյանը գիտի, թե ինչ են սովորեցնելու ՀՀԿ–ի քաղդպրոցում

ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացվել՝ Հանրապետական կուսակցությունը քաղաքական դպրոց է հիմնելու: «NewsBook»–ի հետ զրույցում «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ասաց, թե գիտի դպրոցի ստեղծման իմաստը և այն, թե ինչ են սովորեցնելու: Նրա համոզմամբ՝ լինելու է դիտորդների պատրաստման դպրոց, այսինքն՝ ինչպես անել, որ ունենալով զրոյական վարկանիշ` դառնաս մեծամասնություն:

«Կա՛մ կսովորեցնեն, թե ինչպես անել, որ մի գիշերվա մեջ մի թիմից դառնաս մյուս թիմի անդամ: Նոր կադրեր են պատրաստում, որովհետև հներն արդեն ճանապարհին են, նորերն էլ քիչ են կամ էլ բավականին շատ վարկաբեկված»,- ասաց նա:

Հարությունյանը նկատեց՝ դպրոցի լավագույն ուսուցիչը կլինի հենց Սերժ Սարգսյանը, ավելին՝ նրա անունով տպված գրքերով կսովորեն տեղի ուսանողները:

Նրա կարծիքով լավագույնը հենց Սերժ Սարգսյանն է լինելու, քանի որ նա է տարբեր ժամանակներում եղել ու գործել տարբեր ուժերի հետ համատեղ: Հանրապետականները նշել են, որ նման դպրոց ստեղծելու պրակտիկան ընդունված է եվրոպական մի շարք առաջատար պետություններում: Բայց Արամ Հարությունյանն այս հարցում այլ տեսակետ ունի: Ըստ նրա` առաջատար երկրների և ՀՀ-ի տարբերությունն այն է, որ ՀՀ-ում իշխող ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ, քանի որ մի ուժ է, որի անունը կարող էր լինել, օրինակ, Հնչակյան.

«Ի՞նչ է նշանակում ՀՀԿ դպրոց. այն որպես կուսակցություն ինձ համար չկա: Դա մի կուսակցություն է, որի անունը հանգիստ կարող էր լինել Հնչակյան, եթե ժամանակին Վազգեն Սարգսյանը որոշեր, որ Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճանողները պետք է լինեին ոչ թե ՀՀԿ-ում, այլ հնչակյաններում, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կլիներ Հնչակյան կուսակցության ատենապետն՝ ի ուրախություն Լյուդմիլա Սարգսյանի»:

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահն ընդգծեց՝ քաղաքական դպրոց ստեղծելը վառ ապացույց է, որ ՀՀԿ-ն գիտակցում է՝ հանրության 90 տոկոսն իշխանությանը չի սիրում, և նրանք ելքեր են մտածում: Նրա կարծիքով այդ քաղաքական դպրոցում անհնար է, որ սովորի ազատ մտածողություն ունեցող անհատը:

«Այսօր էլ որոշ մարդիկ հաշվարկ են անում և մտնում Հանրապետական, նույն ձևով մարդիկ կլինեն՝ իրենց երեխաները, թոռները, ի վերջո, այդ մարդիկ մտածում են ապագայի, ծերության և հանդերձյալ աշխարհի մասին: Անհասկանալի է իշխող կուսակցության դպրոց ստեղծելը, քանի որ ՀՀԿ-ում ամեն մի հանդիպում, մարզային շտաբի բացում, շփում կուսակցության ղեկավարների հետ պետք է դպրոց լիներ: Նրանց նպատակն ուրիշ է. չէ՞ որ խոսք կա, որ մի մարդ մոմի լույսի տակ Սուրբ գիրք է կարդում, իսկ մյուսը՝ ստորագրություն կեղծում: Հիմա այս դպրոցով նրանք ցանկանում են իրենց շարունակողներ ստեղծել»,-եզրափակեց Արամ Հարությունյանը:

Նյութի աղբյուրը՝ «Newsbook.am»

Այս խորագրի վերջին նյութերը