Աշխարհ

24.03.2016 13:05


Սահակաշվիլի. «Իշխանությունում «նավթալինե» օտարերկրացիների առկայությունը նվաստացուցիչ է Ուկրաինայի համար»

Սահակաշվիլի. «Իշխանությունում «նավթալինե» օտարերկրացիների առկայությունը նվաստացուցիչ է Ուկրաինայի համար»

Վրացի քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին, որն Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել ընդամենը մի քանի ամիս առաջ, խստորեն քննադատել է երկրի ղեկավար պաշտոններում օտարերկրացիներ նշանակելու պրակտիկան։ Նրա խոսքով՝ պաշտոնական Կիևն աջակցում է նման պրակտիկային՝ թույլ չտալու նոր սերնդի պաշտոնյաների մուտքն իշխանություն։

«Մենք բերում ենք օտարերկրյա ինչ–որ բարեփոխիչների, նավթալինից հանում ինչ–որ արևելաեվրոպական նախկին վարչապետի ու նախարարի։ Հնարավոր է՝ նրանք լավ մարդիկ են, և նրանցից ոմանց ես սիրում ու հարգում եմ, բայց ի՞նչ կապ ունեն նրանք Ուկրաինայի հետ»,–հայտարարել է Օդեսսայի նահանգապետը «112» հեռուստաալիքի եթերում։

«Երբ մենք ասում ենք, որ ինչ–որ մեկը երբևէ ինչ–որ տեղ նախարար կամ վարչապետ է եղել 25 տարի առաջ, պետք է հանենք նավթալինից ու բերենք Ուկրաինան կառավարելո՞ւ»,–հարցրել է նա։ Ըստ Սահակաշվիլիի՝ 45-միլիոնանոց երկրի ղեկավարումն օտարերկրացու կողմից նվաստացուցիչ է Ուկրաինայի համար, ամոթ ու խայտառակություն։

Ուշագրավ է, որ ինքը Սահակաշվիլին իրեն օտարերկրացի չի համարում՝ պնդելով, որ «քաղաքական գործիչ է՝ ուկրաինական անձնագրով»։

Այդուհանդերձ, նա համաձայնել է, որ 10 տարի անց իրեն էլ կարելի է դասել «նավթալինե» բարեփոխիչների շարքը։

«Լայֆնյուզի» փոխանցմամբ՝ Կիևում վրացի քաղգործչի ամենաոխերիմ թշնամին Ուկրաինայի ՆԳՆ հայազգի ղեկավար Արսեն Ավակովն է, որը ծնվել է Բաքվում և Սահակաշվիլիին պարբերաբար «գաստրոլի եկած դերասան ու խարդախ» է անվանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը