Լրահոս

01.12.2009 17:00


Կոմկուսից ՀՀՇ, ՀՀՇ–ից՝ ՀՀԿ

«Ուրբաթ» ակումբում ՀՀԿ 12-րդ համագումարի մասին խոսելիս ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ասել է.

-Իմ կարծիքը հետևյալն է՝ Սովետական Միության տարիներին իշխող մի՛ կուսակցություն կար՝ կոմունիստական կուսակցությունը. այլ կուսակցություններ չկային։ Հետագայում այդ կոմունիստական կուսակցությունը դարձավ ՀՀՇ, հիմա էլ այդ ՀՀՇ-ն ձևափոխվել է և դարձել Հանրապետական կուսակցություն, այսինքն՝ իշխող կուսակցություն։

Նա նշել է, որ իհարկե կան մարդիկ, ովքեր ստիպված են ընդգրկվել այդ կուսակցության մեջ, ինչպես խորհրդային տարիներին ստիպված էին լինել կոմունիստ, որ աշխատանքի հետ կապված խնդիրներ չունենային։ Այսօր էլ, ըստ Զ. Փոստանջյանի, տեղի է ունենում նույնը, և բոլորին պարտադրում են դառնալ հանրապետական։ Նրա կարծիքով վարչապետին էլ են պարտադրել դառնալ ՀՀԿ անդամ։

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ 12-րդ համագումարին «Ժառանգություն» կուսակցությունը հրավիրված չէր, Զ. Փոստանջյանն ասել է, որ այնտեղ, հավանաբար, անցանկալի էր «Ժառանգության» ներկայությունը։

-Ես, որպես Զարուհի Փոստանջյան, ԱԺ պատգամավոր և «Ժառանգություն» կուսակցության անդամ, կարծում եմ, որ, հավանաբար, անցանկալի է եղել մեր իմիջով ՀՀԿ 12-րդ համագումարին մասնակցելը։ Գիտեք, որ ամեն անգամ, երբ նման միջոցառում է լինում, ես ինչ-որ մի ակցիայի նման բան եմ կազմակերպում, և մտածում եմ, որ ինձ դրա համար չեն հրավիրել։ Եթե հրավիրեին, կամ չէի գնա, կամ ինչ-որ ակցիա կանեի։ Նրանք չեն էլ ցանկացել մեզ հրավիրել. մտածել են, որ կարող ենք գնալ և այս անգամ էլ փչացնել իրենց տոնը։ Այդպիսի պատասխան եմ ստացել ես Ռոբերտ Քոչարյանից, երբ նա դեռ նախագահ էր,- ընդգծել է Զարուհի Փոստանջյանը։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը