Կարծիք

12.10.2010 10:59


Թուրքիայի ԱԳՆ–ն իր կայքից պետք է ջնջի կեղծիքներն ու ներողություն խնդրի հայերից

Թուրքիայի ԱԳՆ–ն իր կայքից պետք է ջնջի կեղծիքներն ու ներողություն խնդրի հայերից

Տարիներ շարունակ թուրքական իշխանությունները խեղաթյուրել են Հայոց ցեղասպանության իրողությունը: Չնայած, որ այս ամենը շատ ցավալի ու անգամ նողկալի է, սակայն զարմանք չի հարուցում, քանզի չարագործները, սովորաբար կոծկում են իրենց մեղքն ու անմեղ ձևանում:

Զարմանալին  այն է, որ թուրքական խեղաթյուրումները Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար այնքան սովորական են դարձել, որ նրանք այլևս անհրաժեշտ իսկ չեն համարում եռանդուն պայքար մղել ժխտող «պատմաբանների», քաղաքական գործիչների, դիվանագետների և լրագրողների դեմ:  

Ինչո՞ւ հրեական Հոլոքոստի ժառանգներն ամբողջ թափով պայքարում են ժխտող պատմաբանների, նեոնացիստների և այլ խեղաթյուրողների դեմ, մինչդեռ հայերը, իրենց ողբերգությունը ժխտողների հանդեպ անհոգ վերաբերմունք են ցուցաբերում: Արդյո՞ք նրանք պարզապես հոգնել են թուրքական միևնույն կեղծիքները տարեցտարի լսելուց, թե՞ իրենց անզոր են համարում այդ խեղաթյուրումներին վերջ տալու համար:

Այս տարվա սկզբին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի բանաձև ընդունեց ձայների չնչին մեծամասնությամբ' 23-ն ընդդեմ 22-ի: Անկախ այն բանից, թե հանձնաժողովի 22 անդամները բանաձևին դեմ քվեարկելու համար ինչպիսի արդարացումներ ներկայացրին, սակայն փաստն այն է, որ երբ ճշմարտությունը ճանաչելու պահը եկավ, նրանք բարոյական կամք չցուցաբերեցին դասվել առաքինիների շարքը, այլ բռնեցին խաբեբաների, ժխտողների և զանգվածային մարդասպանների կողմը:

Եվ ինչպիսի՞ն էր հայերի արձագանքը Կոնգրեսի 22 անդամների արգահատելի պահվածքի հանդեպ: Ցավոք, զայրույթի ոչ մի խոսք չհնչեց նրանց կողմից: Ոչ մի հայ պաշտոնյա չդատապարտեց այդ ստոր կոնգրեսականներին: Ու՞ր են ամերիկահայերի կազմակերպված ջանքերը' Հայոց ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկող կոնգրեսականների վերընտրությունը նոյեմբերի 2-ին ձախողելու համար:

Պատկերացրեք, թե ի՞նչ տեղի կունենար, եթե Կոնգրեսի նույնիսկ մի անդամ դեմ քվեարկեր Հոլոքոստի բանաձևին: Արդյոք Իսրայելի ղեկավարներն ու  Ամերիկայի հրեաները կլռեի՞ն: Նրանք արդարացիորեն ամեն ինչ կանեին, որպեսզի Կոնգրեսի այդ անդամը չվերընտրվի:

Հարցն այն չէ, թե արդյո՞ք Ամերիկայի հայ համայնքը նույնքան ազդեցիկ կամ հզոր է, որքան' հրեականը: Անկախ իր առկա քաղաքական կարողությունից, հայ համայնքը պետք է եռանդուն արշավ ձեռնարկի իր քաղաքական հակառակորդներին տապալելու համար: Բավական է, որ Կոնգրեսում լուր տարածվի, թե ցեղասպանության դեմ քվեարկողը հայերի կողմից պարտության թիրախ կդառնա, ապա Կոնգրեսի անբարո և անողնաշար անդամներն արագորեն հետևություն կանեն, որ Հայոց ցեղասպանության ժխտումը մի բուռ թուրքական լիրայի համար չի բխում իրենց շահերից:

Ահա Ցեղասպանության ժխտման ևս մեկ ճչացող օրինակ, որն աննկատ ու անբողոք մնաց հայերի ու միջազգային հանրության կողմից: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության կայքն անհամար խեղաթյուրված հայտարարություններ է պարունակում: Կայքը ստահոդ պատասխաններ է տալիս անմեղորեն ձևակերպված հարցերին, ինչպիսիք են' «Ի՞նչ է տեղի ունեցել 1915 թվականին: Ինչքա՞ն է հայ տեղահանվածների ընդհանուր թիվը: Արդյո՞ք բոլոր տեղահանվածները մահացել են: Արդյո՞ք Թուրքիայում 1915 թվականի դեպքերը որպես «ցեղասպանություն» որակելը հանցագործություն է համարվում և արդյո՞ք այդպես պնդողները ենթարկվում են իրավական հետաքննության»:

Թուրքիայի արտգործնախարարությունն իր երկիրը լավ լույսի ներքո ներկայացնելու համար իր կայքում ծիծաղելի քայլերի է դիմում' համարձակվելով հայտարարել, որ «Թուրքիան այն միակ երկիրն է, որտեղ 1915 թվականի դեպքերը կարելի է ազատորեն քննարկել»:

Նախարարության կայքում նաև տեսնում ենք հետևյալ  կեղծ հայտարարությունը' «այժմ Թուրքիայում չկա որևէ մեկը, որը դատապարտվել կամ հետապնդվել է 1915 թվականի դեպքերը որպես «ցեղասպանություն» որակելու պատճառով»: Թուրքիայի արտգործնախարարությանը շատ հարմար է մոռանալ, որ լրագրող Հրանտ Դինքը դատապարտվել և մեղավոր էր ճանաչվել իր հարցազրույցներից մեկում «ցեղասպանություն» բառն օգտագործելու համար: Նա ավելի վատ ճակատագրի արժանացավ, քան բանտում հայտնվելը. նրան գնդակահարեցին ու սպանեցին: Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը ևս մեղադրվել է Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ խայտառակ հոդվածով («Թրքականության վիրավորում»)' այն պնդման համար, որ մեկ միլիոն հայ է սպանվել: Միջազգային ակտիվ ճնշումների շնորհիվ Փամուկի նկատմամբ ներկայացված մեղադրանքները դադարեցրին, սակայն հետագայում'վերականգնեցին: Հայոց ցեղասպանության մասին գրելու համար բազմաթիվ այլ թուրք լրագրողներ ու գրողներ են կանգնել դատարանի առաջ:

Հայ պաշտոնյաները, սփյուռքահայերը և միջազգային հանրությունը պետք է իրենց ջանքերը համատեղեն' Թուրքիայի կառավարությունից պահանջելով արտգործնախարարության կայքից անհապաղ ջնջել այս վիրավորական կեղծիքներն ու ներողություն խնդրել հայերից:

Իսկ մինչ այդ, ոչ մի հայ պաշտոնյա չպետք է որևէ շփում կամ հանդիպում ունենա Թուրքիայի ղեկավարների հետ: Մի պահ պատկերացրեք, որ Գերմանիայի արտգործնախարարության կայքը հայտարարի, որ Հոլոքոստը երբեք տեղի չի ունեցել, և Իսրայելի ղեկավարները շարունակեն պահպանել իրենց կապերը Գերմանիայի հետ:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ.՝ Ռ.Ավագյանի

Այս խորագրի վերջին նյութերը