Մեկնաբանություն

08.02.2011 17:23


Ծառուկյան-Սարգսյան հարաբերությունների լույսն ու ստվերը

Ծառուկյան-Սարգսյան հարաբերությունների լույսն ու ստվերը

Առայժմ վաղ է կանխատեսել, թե ինչ ընթացք կստանա ՀՀԿ-ԲՀԿ, կամ ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունը։ Մեկ բան ակնհայտ է՝ եթե ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա, կամ Ս. Սարգսյանը ցանկանա կոալիցիայի կազմը վերանայել և ԲՀԿ-ի հետ այլևս ընկերություն չանել, կամ էլ կոալիցիան պահպանվի մինչև ընտրությունները, ապա բոլոր դեպքերում շահելու է Գ. Ծառուկյանը։ Եվ դա հասկանալի է ու հեշտ բացատրելի։

Ներկայում վարվող տնտեսական ու արտաքին քաղաքական խայտառակ ձախողումների համապատկերին եթե Սերժ Սարգսյանը ասի, թե Գագիկ Ծառուկյանին կոալիցիայից հեռացնում է, քանի որ վերջինս չի հայտարարում առաջիկա նախագահական ընտրություններին ՀՀԿ «ճկուն» նախագահի թեկնածությունը պաշտպանելու մասին, ապա դրանով մեծ նվեր արած կլինի ԲՀԿ առաջնորդին։ Իսկ այլ բան հայտարարել ու Ծառուկյանի հետ քաղաքական ապահարզանի գնալ Սարգսյանը չի կարող, քանի որ կոալիցիան լուծարելու ու այդ ամենում ԲՀԿ-ին մեղադրելու ֆորմալ պատճառներ չկան, ու կոալիցիայի լուծարումը հանրության լայն շրջանակներում կընկալվի որպես իշխանական բուրգի ճաքերի մեծացման նշան՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Ի տարբերություն սերժսարգսյանական ճամբարի, եթե ԲՀԿ-ն ինքը նախաձեռնի  կոալիցիայից դուրս գալը, ապա դա հիմնավորելու համար Ծառուկյանի թիմը կարող է մատնանշել բազում կետեր (Սերժ Սարգսյանի թեկնածությունը չպաշտպանելուց սկսած մինչև վարչապետական տնտեսական քաղաքականության «պռավալները»), որոնք քաղաքական առումով շահեկան վիճակում կդնեն ԲՀԿ-ին։ Այսինքն՝ ստացվում է, որ Սերժ Սարգսյանը ԲՀԿ-ից հրապարակավ հրաժարվելու քաղաքական ձևակերպումներ չի կարողանում գտնել, իսկ միակ քաղաքական կոդը, որը նշելով՝ ՀՀ նախագահի պաշտոնը վարողը կարող է ԲՀԿ-ի հետ կապերը խզել (կապված Սարգսյանին ԲՀԿ-ի սատարել-չսատարելու հարցի հետ), ոչինչ չի տա նախագահին։   Փոխարենը, եթե ԲՀԿ-ն որոշի հեռանալ Սարգսյանից կամ հեռացվի կոալիցիայից, ապա հանրային տեսանկյունից միայն դրական հաշվեկշռով արդյունք կարձանագրի։

Թե ինչպիսի զարգացումներ կլինեն այս առումով, ժամանակը ցույց կտա։ Մեկ բան ակնհայտ է. ԲՀԿ-ն Սարգսյանին պաշտպանելու մասին չի հայտարարելու, ԱԺ ընտրություններին մասնակցելու է առանձին և սերժսարգսյանականների ու նրանց նորաթուխ հաճախորդները դարձած լևոնական արեալը ներկայացնող մամուլի ու ՀԱԿ-ական գործիչների համատեղ հարձակումներից միայն շահելու է։ Ահա դա է, որ նյարդայնացնում է Սարգսյանին ու իր թիմին, ովքեր չեն կարողանում լուծում գտնել. ԲՀԿ-ին թողնել կոալիցիայում՝ կնշանակի նրան օժտել վարչական ռեսուրսներով՝ շատ լավ հասկանալով, որ դրանք Սարգսյանին չեն ծառայելու, իսկ ԲՀԿ-ին կոալիցիայից հեռացնել՝ կնշանակի հանրային ու քաղաքական լայն ռեսուրս  նվիրել Ծառուկյանին, և դա այն դեպքում, երբ նույնիսկ պալատական հարցումների արդյունքները վկայում են ՀՀԿ-ի համեմատ ԲՀԿ-ի առավելության մասին։ Ահա այս մթնոլորտն է տիրում իշխանական խոհանոցում, և սերժականներին մնում է միայն ապավինել «լևոնական» մամուլին ու մանր «մուտիլովկաներին»։

Ու էս նեղ մաջալին էլ Ռոբերտ Քոչարյանն է հասկացնում Սերժ Սարգսյանին, թե դու ընդամենը խաղացող ես ու հետևաբար մրցավար՝ այն է՝ վերկուսակցական դեմք լինել չես կարող։ Դե արի ու, Սե՛րժ Սարգսյան, նեոգեղամյաններին մի՛ ապավինիր...

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը