Լրահոս

01.12.2009 15:39


Հայ - թուրքական արձանագրությունների կնքման դեմ համախմբված ուժերի հայտարարությունը

Մենք՝ վերահաստատելով մեր պայքարի վճռականությունը, արձանագրում ենք, որ.

-չնայած արձանագրությունների պարունակած վտանգներին և այդ կապակցությամբ հայության  արտահայտած բողոքին, ՀՀ իշխանությունները այդուամենայնիվ ստորագրեցին հիշյալ փաստաթղթերը: Հարկ է նշել, որ արձանագրություններում առկա տերմինները և ձևակերպումները այլևս մեկնաբանվելու  են ոչ թե կողմերի կամայական և իրարամերժ պարզաբանումների հիման վրա, այլ միջազգային նորմերին և պրակտիկային համապատասխան,

-անփառունակ վախճան ունեցավ բանակցային փուլը և սկիզբ առավ արձանագրությունների կնքման  ներպետական գործընթացը: Այսուհետ հակազգային և հակապետական այս փաստաթղթերի վերջնական վավերացման կանխումը Սահմանադրական դատարանի  և Ազգային Ժողովի  իրավասությունների մեջ է:

Անվիճելի իրողություն է, որ Թուրքիան այս արձանագրությունների միջոցով հասել է իր երկու նախապայմանների իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ամրագրմանը: Այն է' ցեղասպանության փաստը քննարկման առարկա դարձնելու և այս կապակցությամբ միջազգային ճանաչման գործընթացի խոչընդոտմանը, ինչպես նաև առկա հայ-թուրքական  ապօրինի սահմանի օրինականացմանը: Միևնույն ժամանակ Թուրքիան, հետևողականորեն չհրաժարվելով իր հաջորդ նախապայմանից, օրեցօր ավելի մեծ հնարավորություն է ստանում միջամտելու ԼՂՀ հարցի կարգավորմանը և օգտագործելով այս  երկու գործընթացների միաժամանակյա ակտիվացումը և դրանց շուտափույթ հանգուցալուծման հարցում միջազգային կառույցների և մյուս երկրների շահագռգռությունը, ձգտում է Հայաստանից կորզել Ադրբեջանին ձեռնտու զիջումներ:

Ստեղծված իրավիճակում դեռևս ուշ չէ անհապաղ քայլեր ձեռնարկելու միջոցով շտկել իրադարձությունների զարգացման այս վտանգավոր ընթացքը:

Առ այդ Սահմանադրական դատարանը նկատի ունենալով առնվազն այն, որ արձանագրությունները հակասում են Հայաստանի Անկախության Հռչակագրով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին և խախտվել են ՀՀ Սահմանդրության 83.5 հոդվածի 9-րդ կետով և միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքով սահմանված պայմանագրերի կնքման կարգը և պայմանները, պարտավոր է այս արձանագրություններով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող:

Իսկ ՀՀ նախագահի կողմից հիշյալ արձանագրությունները Ազգային Ժողով ուղարկելու դեպքում խորհրդարանը այս բովանդակությամբ չպետք է վավերացնի դրանք:      

Մենք վճռական ենք միասնաբար պայքարելու ներկա տեսքով արձանագրությունների կյանքի կոչման դեմ և այդ նպատակով դիմելու ենք բոլոր անհրաժեշտ քայլերին:

Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին եւ համայն հայությանը միանալ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ ուղղված ստորագրահավաքին և մեր հետագա գործողություններին:

Այս խորագրի վերջին նյութերը