Քաղաքական

19.03.2016 12:30


Ա. Հարությունյան. «Օսկանյանն այն քաղաքական գործիչն է, որից Սերժ Սարգսյանը «մրսում է»»

Ա. Հարությունյան. «Օսկանյանն այն քաղաքական գործիչն է, որից Սերժ Սարգսյանը «մրսում է»»

Սահմանադրական բարեփոխումները կարված էին Սերժ Սարգսյանի վրայով և որոշ տեղեր շուլալված էին, իսկ Ընտրական օրենսգիրքը բերեցին, որ այդ տեղերը հարթեցնեն: Նման կարծիք է այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ ընդդիմությունը հենց ընդդիմադիր քաղաքական ուժերի և գործիչների վրա քար նետելով է զբաղված, այլ ոչ թե գործով: Քաղաքական գործիչն օրինակ է բերել վերջերս Վարդան Օսկանյանի՝ նոր կուսակցություն ստեղծելու հայտարարության արձագանքը:

-Օսկանյանի հայտարարությունից հետո միանգամից հարձակվեցին այն մարդիկ, որոնք նույն Օսկանյանի հետ համագործակցել են 2012-ին: Հիմնական խնդիրն է, կարծես, անել այնպես, որ համախմբում չկայանա: Ես ողջունում եմ. Օսկանյանն այն քաղաքական գործիչն է, որից Սերժ Սարգսյանը «մրսում է»: Իսկ հիմա նույնպես այն իշխանական լրատվամիջոցների և իշխանական քաղաքական գործիչների արձագանքներից երևում է, որ նորից Սերժ Սարգսյանը այդ ապրումներն ունենում է,-ասել է նա:

«Vesti.am»-ի հարցին՝ ինչպես է Հարությունյանը գնահատում Վարդան Օսկանյանի հնարավորությունները 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններում, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահը պատասխանել է.

-Օսկանյանն այստեղ շատ կարևոր դերակատարություն կարող է ունենալ միավորելու հետ կապված: Կոնկրետ մեր կուսակցությունը պատրաստ է համագործակցել, որովետև ես համոզված եմ, որ ինքը հաստատ անկեղծ է: Օսկանյանն ընդունելի է քաղաքական շրջանակների համար: Նա հնարավորություններ ունի համախմբելու:

Ըստ Արամ Հարությունյանի՝ Սերժ Սարգսյանը վախենում է միայն ժողովրդից, և այժմ պետությունը կործանումից փրկելու համար պետք է միայն համախմբում:

Աղբյուրը՝ «vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը