Քաղաքական

11.10.2010 16:49


Ներկուսակցական ժողովրդավարությո՞ւն, թե՞ ժողովրդավարության շղարշ

Ներկուսակցական ժողովրդավարությո՞ւն, թե՞ ժողովրդավարության շղարշ

Այսօր Մամուլի ազգային ակումբում «Ներկուսակցական ժողովրդավարության խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպվել, որին մասնկացում էին թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ։

Բոլոր բանախոսներն էլ, ներկայացնելով իրենց կուսակցության կանոնադրությունն ու առաջնահերթությունները, հավաստիացրեցին, որ իրենց կուսակցությունը գործում է ՀՀ օրենքներին համապատասխան, ժողովրդավարության սկզբունքներով։

«Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ներկայացրեց կուսակցության անցած ճանապարհն ու հիշեցրեց, որ 2002թ. հիմնադրված «Ժառանգությունն» ունեցել է 5 նախագահ, բոլոր որոշումներն ընդունվում են յուրաքանչյուրի կարծիքը հաշվի առնելով, և օրինակ 2009թ. Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի քվերակության ժամանակ մեծամասնությունը որոշել է չմասնակցել, մինչդեռ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը մնացել է փոքրամասնության մեջ, քանի որ կողմնակից է եղել «Ժառանգության» մասնակցությանը։

«7օր»-ի հարցին՝ դա ժողովրդավարության, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանի թուլության ու հստակ որոշումներ կայացնելու անկարողության նշան է, Ա. Բախշյանը պատասխանեց, թե որևէ որոշում քվեարկությամբ է կայացվում.

-Որոշումը կայացնում է մեր մեծ խորհուրդը, վարչությունը, համագումարն է ի վերջո որոշումը հաստատում, որոշումը չի կայացնում առաջնորդը։ Ես ուզեցի օրինակի վրա ցույց տալ, թե որքան է կարևորվում քվեարկության արդյունքը։

Ա. Բախշյանն ավելացրեց նաև՝ մեր երկրում շատ դժվար է համակերպվել այն մտքի հետ, թե ինչպե՞ս է, որ առաջնորդն այլ կարծիքն ունի, բայց կուսակցականները հակառակն են քվեարկում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, թե իրենց կուսակցությունում ընդունելի են բոլոր առաջարկությունները, և կուսակցությո՛ւնն է որոշումներ կայացնում` ավելացնելով.

-Միանշանակ, պարոն Ծառուկյանի խոսքը և կարծիքը բոլոր համար շատ տպավորիչ և կարևոր է, բայց ընդհանուր կուսակցությունում է այս հարցը քննարկվել, և մեր քաղաքական խորհրդի բոլոր անդամները ևս հնարավորություն են ունեցել թեկնածուներ առաջադրելու։

ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանից էլ հետաքրքրվեցինք. այդ ինչպե՞ս է, որ, իր խոսքերով՝ ժողովրդավարական սկզբունքներով առաջնորդվող ՀՀԿ-ում իրենց առաջնորդի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտություն» սկսելու որոշման մասին տեղեկանում են մամուլից և անակնկալի գալիս։

-Չի՛ կարելի պետականը խառնել կուսակցականի հետ։ Այն, ինչ կատարվել է հայ-թրքական հարաբերությունների կարգավորման բնագավառում, բոլորին հայտնի է, որ տեղի էր ունենում հայ-թրքական բանակցային պրոցես՝ բավականին դժվարին և բավականին վաղուց՝ սկսած առաջին նախագահից։ Եվ հանրապետության գործող նախագահ Սերժ Սարգսյանն ունեցավ այդ համարձակությունը և գնաց այդ քայլին՝ ստորագրելու հայ-թրքական հայտնի արձանագրությունները։ Ես դա համարում եմ խիստ պետական գործունեություն, և դա որևէ առնչություն չունի կուսակցական գործունեության հետ։ Պետական բոլոր այն քայլրեը, բոլոր այն դիվանագիտական գործողությունները, որ իրականացվում են պետության ղեկավարի կողմից, պարտադիր չեն, որ քննարկվեն կուսակցությունում։ Եվ կուսակցությունում՝ ըստ իր կանոնադրության և իր ծրագրի, պետական շահը միշտ վեր է դասվել կուսակցականից ու անձնականից,-պատասխանեց Գ. Մելիքյանը։

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էլ, անդրադառնալով մեր այն հարցին՝ հնարավո՞ր է, որ ոչ ժողովրդավար երկրում ժողովրդավարական կուսակցություն լինի, նշեց.

-Եթե կային ժողովրդավարության որոշակի նշույլներ, այսօր նվազում են։ Նվազում են այն առումով, որ չի նպաստում ժողովրդավարությանը այն, որ բոլոր լուրջ գերատեսչությունների ղեկավարները Հանրապետական կուսակցության անդամներ են։ Նկատի ունեմ՝ Երևանի քաղաքապետը, վարչապետը և այլք։ Ամեն դեպքում, ժողովրդավարությունը տարբեր մոտեցումների հավաքածու է։ Հավաքակա՛ն պետք է լինի կարծիքը, ոչ թե հրահանգով։

Տ. Կարապետյանը հավելեց նաև՝ այսօրվա իրականությունը ցույց է տալիս, որ մենք գնում ենք դեպի բռնապետություն։

ՀՌԱԿ փոխատենապետ Էդվարդ Անտինյանի խոսքերով էլ՝ մեր երկրում իշխանությունը ձևավորվում է և քաղաքականությունն իրականացվում է միայն կուսակցությունների միջոցով։

-Իսկապես ինձ շատ անհանգստացրեց, երբ որ ես չհասկացա, թե ինչպե՞ս կարող էին երկրի 2-րդ և կուսակցության 2-րդ դեմքին՝ Տիգրան Թորոսյանին մի գրությամբ ուղարկեին տուն։ Ես շատ անհանգստացա դրանից, որովհետև ես պատճառը չիմացա։ Սա շատ կարևոր է ինձ համար։ Դա միայն իրենց խնդիրը չի։ Եթե ասեն՝ իրենց խնդիրն է, էդ դեպքում մեզ մի՛ ղեկավարեք։ Երկրորդ՝ հանձնաժողովի նախագահն իրեն իրավունք վերապահեց ընդամենը մի կարծիք հայտնելու, խիստ նկատողություն տվեցին։ Երբ որ փորձեց երկրի երկրորդ դեմքը՝ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանել, հիմա գիտենք՝ էդ տնաշենի վիճակն ինչ է։ Էս ե՞նք ուզում մենք։ Գիտենք, չէ՞, մեր երկրում վիճակն ինչպիսին է։ Այսինքն, կարծիք հայտնել չի կարելի։ Էն աստիճանի ներկուսակցական դեմոկրատիա չկա, որ կուսակցության 2-րդ դեմքը ասում է՝ կուզենանք «Բարգավաճ Հայաստանին» կթուլացնենք, չենք ուզենա, չենք թուլացնի։ Եթե ասում են՝ երկրի 2-րդ դեմքին ինչո՞ւ ուղարկեցիք տուն, ասում է՝ մարզիչն ում ուզում է, տուն է ուղարկում, ում չի ուզում, չի ուղարկում, մարզիչն է որոշում։ Այդպես ասում էր կուսակցության 2-րդ դեմքը՝ այլախոհ մարդ, ով պայքարել է Բրեժնևի դեմ։ Բա էդ Բրեժնևից ի՞նչ էիք ուզում, նա էլ էր մարզիչ, էլի։ Վա՞տ մարզիչ էր։ Մի քիչ վատ էր խոսում, միայն դա էր,-ՀՀԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգություն հայտնեց Է. Անտինյանը։

Նշենք նաև, որ ներկուսակցական ժողովրդավարության խնդիրների մասին քննարկմանը հրավիրվել էին նաև «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը։ Նրանք, սակայն, բացակայում էին։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը